«Հայաստանը պետք է դիմադրի ու գրողի ծոցն ուղարկի Ռուսաստանին, կամ էլ ոչխարի նման վիզը դեմ տա, որ կտրեն». Վերլուծաբաններ

«Հայաստանը պետք է դիմադրի ու գրողի ծոցն ուղարկի Ռուսաստանին, կամ էլ ոչխարի նման վիզը դեմ տա, որ կտրեն». Վերլուծաբաններ
«Հայաստանը պետք է դիմադրի ու գրողի ծոցն ուղարկի Ռուսաստանին, կամ էլ ոչխարի նման վիզը դեմ տա, որ կտրեն». Վերլուծաբաններ

Հայաստանը լիովին կլանելու համար Ռուսաստանն այսօր ունի միայն մեկ խոչընդոտ, դա քաղաքացիական հասարակությունն է: Հետևաբար, Ռուսաստանում դա գիտակացում են և փորձում, այսպես կոչված, ռուսական ձևերով միջոցներ ձեռնարկել դրա դեմ ու համապատասխան ազդանշաններ հասցեագրել Հայաստանի իշխանություններին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու դեպքին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստեփան Գրիգորյանն ահազանգեց իր՝ ՌԴ մուտքն արգելափակելու մասին դեպքին: Ըստ քաղաքագետի, օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին նա ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան՝ 2014-ին Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ պետք է վերադառնար Երևան։ Սակայն, նա չի կարողացել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից, հետո իրազեկվել, որ իր մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030 թվական:

«Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում»,- հայտարարել էր Գրիգորյանը:

Հայտնի է, որ նրա ղեկավարած «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը» ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, իսկ Ստեփան Գրիգորյանը բազմիցս հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության դեմ հայտարարություններով ու քննադատել Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Հետևաբար, Ստեփան Գրիգորյանն իր հետ տեղի ունեցածում քաղաքական ենթատեքստ է տեսնում:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ ռուսական այս քայլը հայկական կողմին ճնշելու դրսևորումներից մեկն է, բայց ոչ միակը:
 
«Հաջորդ դրսևորումն այն խայտառակ հրապարակումներ են, որոնք ստալինյան ժամանակների դանոսներ են հիշեցնում, որտեղ պարզապես զրպարտում են մի շարք անձանց ու կազմակերպությունների և կոչ են անում Հայաստանի իշխանություններին նրանց ուղղակի կալանավորել ու ձերբակալել և այս ամենի համատեքստում սլաքներն ուղղել ԱՄՆ դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Ըստ վերլուծաբանի՝ այնպես չէ, որ այս քայլով այդ երկիրը զարմացրեց մեզ խոսքի ազատության նկատմամբ իր վերաբերմունքով:

«Այդ խոսքի ազատությունը վաղուց սպանվել է Ռուսաստանում, և այն մեծ ջանքերի շնորհիվ, որոնք գործադրել են Հայաստանի քաղաքացիները, որ մեր երկրում կա խոսքի ազատություն, դա նրանց համար վերածվել է կոկորդում կանգնած ինչ-որ ոսկորի: Եվ ռուսները փորձում են հարվածներ հասցնել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: Բայց, դա նրանց չի հաջողվի»,-ասում է Մեհրաբյանը:

Սեպտեմբերին երեքին լրացավ երեք տարի այն օրվանից, ինչ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը միանում է Ռուսաստանի նախաձեռնած ԵՏՄ-ին: Այս ժամանակահատվածում մենք ականատես եղանք Հայաստանին ճնշելու ռուսական բազմաթիվ փորձերի: Այն ինչ տեղի է ունենում այսօր, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ռուսաստանը հետագայում փորձելու է խորացնել, քանի որ, այսպես կոչված, ԵՏՄ-ի միջոցով Հայաստանը կլանելու, ենթակա դարձնելու քաղաքականություն է վարվում այսօր:

«Ռուսաստանն այսօր, այո, այնպիսի քաղաքականություն է տանում, որը տարվել է ավանդաբար ցարական Ռուսաստանի ժամանակ՝ Հայաստան առանց հայերի: Դրա համար միացրել է այդ ամբողջ միգրացիոն համակարգը, և այստեղից ուղղակի հանում է բնակչությանը՝ տանելով Ռուսաստան»,- ասում է նա:

Այս պայմաններում, վերլուծաբանի խոսքով, Հայաստանը պետք է դիմադրի ու գրողի ծոցն ուղարկի Ռուսաստանին:

«Կամ էլ Հայաստանը պետք է ոչխարի նման վիզը դեմ տա, որ կտրեն: Երրորդ տարբերակ չկա: Հայաստանը պետք է տրամագծորեն հակառակ քաղաքականություն տանի և այդ այլանդակությանը պետք է վերջ տա, մենք երկիր ենք կորցնում, պետություն ենք կորցնում: Եվ այսօր իրերը պետք է կոչել իրենց անուններով՝ մենք ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն ենք, այլ Ռուսաստանի պատանդը: Ռուսաստանը ոչ թե մեր դաշնակիցն է, այլ մեր պետականության թիվ մեկ սպառնալիքը»,- հավելում է նա:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Աղասի Ենոքյանը նշում է, որ Ռուսաստանը տարբեր շոուներ է կազմակերպում՝ փորձելով վախեցնել մեզ, որովհետև վերջին ժամանակահատվածում արդեն բոլորը տեսնում են իրողությունը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող դիվանագտական այլանդակությունը, Ադրբեջանին տրվող զենքի գործարքները: Եվ աստիճանաբար Հայաստանում սկսում են հասկանալ, որ Ռուսաստանը մեր եղբայրը չէ:

«Եթե դրական էմոցիաներ չեն կարողանում ռուսներն առաջացնել, փորձում են բացասական էմոցիաներ առաջացնել, շոուներ են կազմակերպում, որոնցով մեզ վախեցնում են: Փորձում են հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնել, ընդ որում, ոչ թե պետության, այլ առանձին քաղաքացիների վրա»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Հետագայում, նրա խոսքով, նման ու ավելի վատ բաներ են տեղի ունենալու:ԵՏՄ կազմում, ըստ վերլուծաբանի, քաղաքականության առումով Հայաստանը կորցրել է իր անկախությունը:

«Քաղաքական դաշտում գնալով կորցնում ենք մեր բոլոր դաշնակիցներին: Էլ չենք խոսում այն մասին, որ տնտեսական դաշտում ենք կորցնում դաշնակիցներին: Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք փաստորեն ամեն քայլի համար պետք է Ռուսաստանից թույլտվություն խնդրենք»,- նկատում է Ենոքյանը:

Այս պայմաններում, ըստ նրա, Հայաստանը պետք է աստիճանաբար հեռանա Ռուսաստանից, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից ստացած օգուտները չափազանց քիչ են՝ և տնտեսական, և քաղաքական առումով։

Միաժամանակ, նա նկատում է, որ Ռուսաստանից հեռանալու գործընթացն աստիճանաբար, շատ թեթեև, բայց սկսվել է:

«Օրինակ՝ պատգամավորներից մեկը ԵՏՄ-ից դուրս գալու հարցն էր բարձրացրել: Այդ հարցն է պետք դնել, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն է պետք բարձրացնել, ռուսական բազայի հարցը պետք է նաև դրվի: Եվ ընդհնարապես պետք է սկսել ավելի անկախ քաղաքականություն վարել»,- ասում է Աղասի Ենոքյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am