«Իրենք թոզ են փչել, մինչև մենք էդ թոզը մաքրել ենք մեր աչքերից, իրենք մի քանի դղյակ ավելի են սարքել». Էդուարդ Զորիկյան

«Իրենք թոզ են փչել, մինչև մենք էդ թոզը մաքրել ենք մեր աչքերից, իրենք մի քանի դղյակ ավելի են սարքել». Էդուարդ Զորիկյան
«Իրենք թոզ են փչել, մինչև մենք էդ թոզը մաքրել ենք մեր աչքերից, իրենք մի քանի դղյակ ավելի են սարքել». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբը» երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ զրուցել է հայտնի երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:

-Պարոն Զորիկայն, այս օրերին ականատես ենք լինում վարչապետի հրաժարականին ու նոր կառավարության ձևավորմանը: Իշխանությունները հայտարարում են, որ ազգային համաձայնության կառավարություն են ստեղծում ու գնում են էական փոփոխությունների ճանապարհով: Արդյոք պե՞տք է հավատալ այս խոստումներին ու ինչ-որ արդյունք սպասել այս գործընթացից:

-Երբ նույն ուժն է այդ խոստումները տալիս, ի՞նչ սպասել: Ես ինչքան հիշում եմ, միշտ էլ ինչ-որ բան են ասել, բայց ոչ մի արդյունք էլ չի եղել: Հերթական անգամ բան են ասում, հիմա հո չփոխվեցի՞ն, նույն մարդիկն են, չէ՞: Ի՞նչ կապ ունի՝ այսօր վարչապետ է, վաղը դեսպան կամ նախագահ կլինի, նույն մարդիկ են, նույն ուժն է: Փոփոխություն անողը ոչ թե ասում է՝ շուտով փոփոխություն կլինի, փոփոխություն անողը հենց ընտրվելու առաջին իսկ օրվանից, եթե իհարկե դա ընտրություն է եղել, կսկսի փոխել ու այդ ճանապարհով իր՝ մշտապես վերընտրվելու հարցը կլուծի, ոչ թե էն ճանապարհներով, որոնցով էսօր իշխանությունները փորձում են վերարատադրել իրենց:

-Այսինքն՝ հերթական անգամ փորձում են վերարտադրվելու համար ուղղակի դատակ խոստումնե՞ր տալ հասարակությանը:

-Միշտ էլ թոզ են փչել մարդկանց աչքերին: Իրենք թոզ են փչել, մինչև մենք էդ թոզը մաքրել ենք մեր աչքերից, իրենք մի քանի դղյակ ավելի են սարքել՝ այստեղ, դրսում, չգիտեմ որտեղ, լուսնի վրա: Հիմա բանաձևն են փոխել, բայց միևնույն է՝ երկու անգամ երկու չորս է անում, ոնց ուզում են, թող անվանեն:

-Իսկ իրականում ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու ու իրոք փոփոխությունների հասնելու համար:

-Պետք է ազնիվ լինել: Մեր ժողովուրդը բազմաթիվ անգամներ ապացուցեց, թե ինքը ինչ ներուժ ունի: Այսքան դժգոհում ենք, որ անկախացանք, բայց այդպես էլ չանկախացանք, բայց նույնիսկ այս պայմաններում ժողովուրդը ապացուցեց, որ ինքը կապված է իր լեզվի, իր ազգային արժեքների ու իր արմատների հետ: Հատկապես նոր սերունդը, որը ծնվել ու մեծացել է անկախության պայմաններում, դա գնահատում է: Թեկուզ չակերտավոր ազատության, բայց նույնիսկ ազատության այդ փոքրիկ օդանցքը, որ բացվում է, ազգային կոչվող ծառը սկսում է աճել, ձգտել դեպի լույսն ու մաքուր օդը: Մեր ժողովուրդը տարբեր իրավիճակներում ու տարբեր որոշումներից հետո ցույց է տվել, թե ինչպես է դրսևորվել: Բոլորը միշտ օրինակ են բերում, թե քառօրյա պատերազմի ժամանակ ժողովուրդը ոնց դրսևորեց իրեն, բայց միայն դա չէ, մինչև այդ էլ են եղել բազմաթիվ դեպքեր: Նույնիսկ այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում հավաքեցին մարդկանց ու գնացին մոմավառության ու աղոթքի, ժողովրդի մոտ կար մի զգացողություն, որ կարող էր արյուն թափվել, նման քայլից հետ կանգնեցին: Դե թող կեսը գնար մոմավառության, մյուս կեսը գնար Բաղրամյան 26-ը քանդելու: Բայց չգնաց, չէ՞: Այսինքն՝ ժողովուրդը տարբեր կերպ ու միշտ իր դժգոհությունն արտահայտել է, բայց երբեք այն աստիճան սրացումների, ինչը կարող է բերել քաղաքացիական պատերազմի, երբեք չի գնացել: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այս ժողովրդին ընդամենը կես բերան մի բան են ասում, խելոք ենթարկվում է: Հիշո՞ւմ եք, ինչ աղմուկ հանեց ճանապարհներին տեսախցիկների տեղադրումը, աղմկեցին, բայց հիմա ի՞նչ են անում՝ սուս ու փուս ենթարկվում են: Աշխատում են չխախտել, եթե խախտեց, ուրեմն պետք է տանի ու վճարի: Մարդիկ հասկանում են, որ ձևը դա է, պիտի չխախտես:

-Իսկ գուցե հենց այդ առիթից էլ օգտվո՞ւմ է իշխանությունը, երբ տեսնում է, որ հասարակությունն ամեն ինչի հետ հարմարվում է:

-Այ դա արդեն բնութագրում է մեր իշխանությանը: Այն, որ իրենք էդ են, մենք էն գլխից գիտեինք: Իսկ ո՞վ ասեց, որ հենց առաջին օրից հավատ կար նախագահի կամ իշխանությունների հանդեպ: Մոռացա՞նք, թե ինչ ճանապարհով եկան իշխանության, Մարտի մեկը նկատի ունեմ: Մեր վատն այն է, որ երեք նախագահներից որէև մեկի մասով չենք կարող ասել, որ՝ այսինչի ժամանակ ինչ-որ բան արվեց: Էդ որ շենք են սարքում, չգիտեմ ինչ են անում, ժողովուրդը հասկանում է, որ դա ուղղակի իրենց բիզնեսն է: Դա թող չմատուցեն ու ժողովրդի աչքը չմտցնեն, թե՝ տեսեք, մենք Հյուսիսային պողոտա ենք սարքել: Ո՞ւմ էր պետք ձեր պողոտան: Եթե իշխանությունը մի հասարակ բան հասկանա, երկրի վիճակը սա չի լինի: Մովսեսն ինչո՞ւ  հրեաներին հանեց Եգիպոսից: Նա իր կարճ խելքով հասկացավ, որ իր ժողովուրդն ուրիշ պետությանը չպետք է հարկ մուծի, որովհետև ժողովուրդը հարկատու է: Պետք է առաջինը պոկել, ժողովրդին հանել կայսրությունից, հետո ինչ-որ տեղ, ինչ-որ հողի վրա ստեղծել քո պետությունը, հետո նոր այդ ժողովրդից հարկ վերցնել: Պետության խնդիրը դա է՝  ժողովրդին պաշտպանել, ասել՝ ազատ եք, իրավունքները ձերն են, աշխատեք, հարստացեք, հարկն էլ վճարեք: Բայց մերոնք մինչև էսօր չեն հասկանում սա: Մերոնց թվում է, որ ախպոր տղուն բերեց էսինչ գործին, էդ ախպոր տղեն էլ իրան լավ կնայի: Այ մարդ, գնայիք մի տեղ հեռու իրար հետ գործ անեիք, բայց եթե դուք պետության գլուխ եք, մի քիչ ուրիշ ձև պիտի մտածեք արդեն, չէ՞: Լավ ինչքա՞ն կարելի է այսպես:

Ժողովրդին ոչ մի օգուտ վարչապետի փոփոխությունից: Մենք արդեն գիտենք՝ ում են նշանակելու Հովիկ Աբրահամյանի փոխարեն: Է հա, բայց ինքը քաղաքապետ է եղել, տեսանք, նույն բանը չարե՞ց: Դրեց, երկու շենք ներկեց, նույն թոզը չփեց ժողովրդի աչքերին: Հա բայց ժողովրդի գրպանի պարունակությունը դրանից չի ավելանում, իրենց գրպանի պարունակությունն է ավելանում: Բայց էն ներկը, որ քսում են էդ շենքին, ժողովրդի գրպանի պարունակությունից է, իրենց գրպանից հո չէ:

Էմմա Մանուկյան

MediaLab.am