Բարեփոխիչ մենեջերը. ըստ քաղտեխնոլոգի՝ Կարեն Կարապետյան կերպարը դեռեւս չի հաջողվում լավ հյուսել

Բարեփոխիչ մենեջերը. ըստ քաղտեխնոլոգի՝  Կարեն Կարապետյան կերպարը դեռեւս չի հաջողվում լավ հյուսել
Բարեփոխիչ մենեջերը. ըստ քաղտեխնոլոգի՝ Կարեն Կարապետյան կերպարը դեռեւս չի հաջողվում լավ հյուսել

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի  իմիջի ձևավորումը կարծես հաջողությամբ չի ընթանում՝ հաշվի առնելով նրա վերջին մեկնաբանությունները: Այս կարծիքին է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում վերլուծում է Կարեն Կարապետյանի կերպարը: Նա ասում է, որ հատկապես Կարեն Կարապետյանի՝ հեռուստաընկերություններին տված հարցազրույցը փաստեց, որ նա իրենից վանում է իր իսկ կերպարը:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը զուգահեռ քաղաքական տարբեր շրջանակներ, հատկապես իշխող ՀՀԿ-ական գործիչները սկսեցին խոսել նրա տարբերվող տեսակի մասին՝ հայտարարելով, թե Կարեն Կարապետյանը բարեփոխիչ է և մենեջեր:

Անգամ տեսակետներ հնչեցին, թե նա Հայաստանը կվերածի Սինգապուրի: Կարեն Կարապետյանը փորձում է իր իմիջով տարբերվել մյուս պաշտոնյաներից՝ կառավարության նիստերը վարելով մյուս վարչապետներից տարբերվող մեթոդով, իր ենթականերից պահանջելով կոնկրետություն, ինքն էլ հարցադրումներն անում է կամ հարցերին պատասխանում կտրուկ ու հակիրճ:

«Սկզբում փորձում էին ստեղծել մենեջերի կերպար, այսինքն՝ «крепкий хозяйственник»-ի կերպարն էր փորձ արվում դնել, բայց կարծես թե դա հաջողությամբ չի ընթանում: Իսկ այդ կերպարը ներդնելը հաջողությամբ չի ընթանում, քանի որ, եթե Ազգային ժողովում որոշ հարցեր կային, որոնք այս կամ այն կերպ կարելի էր մեկնաբանել, մասնավորապես կառավարության ծրագրի ոչ լիարժեք լինելը, բայց իր հարցազրույցը չորս հեռուստաընկերություններին բավական մեծ հարված հասցրեց իր կերպարին»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նա մանրամասնում է, թե ինչու այդ հարցազրույցը վնաս հասցրեց վարչապետի իմիջին: Վարչապետի պատասխաններն այդ հարցազրույցում, նրա խոսքով, անորոշ էին:

«Kрепкий хозяйственник-ը ինքը պետք է իմանար, թե ինչ է ուզում, ուր է գնում և ինչպես է դրան հասնելու: Բայց հարցազրույցի մեջ դա չէր երևում: Ընդհակառակը, հարցազրույցում երևում էր ինչ-որ անորոշություն՝ չգիտեր ուր է գնում, ինչ է անելու և այլն: Այսինք՝ ընդհանուր գործողություններ էր ներկայացնում, բայց դա համակարգված ու միահյուսված ծրագիր չէր: Դա ընդամենը պատասխան էր, որի մեջ կար իր մեսիջները, իսկ դա «крепкий хозяйственник»-ի կերպարին հակասում է»,- ասում է մասնագետը:

Արմեն Բադալյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրիշ կերպարով չէր կարող մտնել կառավարման դաշտ: Այսինքն՝ իր այդ կերպարն արհեստական չէ:

«Բայց եթե մարդ մեկ կերպարով մտնում է, գիտի, որ այդ կերպարն իրենն է, իսկ այդ կերպրան իրոք Կարեն Կարապետյանինն է, ապա պետք էր գրագետ աշխատել ու այդ կերպարը ավելի շատ ամրապնդել»,- նկատում է նա:

Այնինչ, ըստ Բադալյանի, վարչապետն ինքն իր գործողություններով կարծես իր կերպարը, իր իմիջը կոտրում է:

«Այնպես չէ, որ այդ կերպարն իրեն արհեստականորեն են կցել, չէ, եթե կցեին, միանգամից կճչար: Հենց այդ «крепкий хозяйственник»-ն իր կերպարն էր, բայց իր գործողություններով ու հարցազրույցներով ինքն օրեցօր խփում է իր իմիջին: Ինքը հենց այդ կերպարի մեջ էր, ինքը պետք է ամրապնդեր, բայց ինքն իրեն տվածը մի բան էլ պոկում ու գցում է մի կողմ»,- ասում է նա:

Կարեն Կարապետյանն իր գործելաոճով մյուս պաշտոնյաներից տարբերվում է նաև նրանով, որ նա մոտենում է իր մեքենային մոտեցող ծեր կնոջը, ով օգնություն է խնդրում: Տեղեկություններ կան նաև, որ կառավարության անդամներին նա արգելել է աշխատանքային ժամերին մտնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանց:

Հարցին, թե այս կերպարով մյուս պաշտոնյաներից տարբերվելու խնդի՞ր է դրվում, Արմեն Բադալյանը նշում է, որ միգուցե դա իր աշխատաոճի մեջ է մտնում, բայց դա էական նշանակություն չունի: «Դա իր մարդկային ու հարաբերվելու ոճն է, դրանով հեռու գնացող եզրակացություններ չենք կարող անել»,- ասում է նա:

Թե ի՞նչ պետք է հանրությունն սպասի Կարեն Կարապետյանից, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը հստակ նշում է՝ գործողություն պետք է տեսնի:

«Հանրությունը ոչ մի բան էլ չպետք է սպասի, այս պայմաններում Հայաստանի հասարակությունը պետք է գործողություններ տեսնի: Դա արդեն իմիջի հետ կապ չունի: Այս պահի դրությամբ հայ հանրությունը գործողություններ չի տեսել, ընդհակառակը, այս պահի դրությամբ մարդիկ ըեսել են Գյումրիի ու Վանաձորի բացասական ընտրությունները և Հարկային շատ վատ օրենսգիրքը: Մարդիկ պետք է սպասեն վարչապետի կոնկրետ գործողություններին, որովհետև խոսքերով ոչինչ չի լինում»,- ասում է Արմեն Բադալյանը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am