««Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքից ազատելուց հետո պետք է իրավական գործընթաց սկսել». հարցեր, որոնք պատասխաններ չեն գտնում

««Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքից ազատելուց հետո պետք է իրավական գործընթաց սկսել». հարցեր, որոնք պատասխաններ չեն գտնում
««Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենի աշխատանքից ազատելուց հետո պետք է իրավական գործընթաց սկսել». հարցեր, որոնք պատասխաններ չեն գտնում

Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանին, ով նաև «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենն է, աշխատանքից ազատելու որոշումից հետո պետք է իրավական գործընթաց սկսել:

«Մեդիալաբի» հետ  զրույցում նման դիտարկում արեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով բոլորովին վերջերս պարզել էր, որ Սեդրակ Սեդրակյանը պաշտպանության նախարարությունում պաշտոն է զբաղեցրել որպես քաղծառայող, միաժամանակ 2002 թվականից եղել է «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Այնինչ, Քաղաքացիական ծառայության մասին օրենքով արգելվում է նմանօրինակ համատեղումը:

Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ Սեդրակ Սեդրակյանն ազատվել է նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնից: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նրա ազատումը կապ չունի «Մարտիկ» հիմնադրամի հետ,  և որ Սեդրակյանն աշխատանքից ազատվել է տարիքի պատճառով:  

Անահիտ Բախշյանն ասում է, որ տեղեկություն ունի, որ Սեդրակ Սեդրակյանին հենց  այդ անհամատեղելիության համար են ազատել աշխատանքից:

«Բայց ո՞վ պետք է պատասխան տա այն ապօրինության համար, որ այդ մարդը 16 տարի աշխատավարձ է ստացել, երբ իրավունք չուներ ստանալու: Հիմա, եթե Պաշտպանության նախարարն ու մյուսները ուզում են կոծկել այդ փաստը, չեն կարող: Այդ փաստը կա արդեն, իսկ այս հոդվածը պետք է լինի հաղորդում Գլխավոր դատախազության համար, պետք է դատախազությունն այդ հարցով հետաքրքրվի, որ Քաղաքացիական ծառայության մասին 2001 թվականին ընդունված օրենքով ինքն իրավունք չուներ միաժամանակ զբաղեցնելու վաչության պետի ու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները»,- «Մեդիալաբին» ասում է Բախշյանը:

Նա նշում է, որ եթե պատկան մարմինները փորձեն կոծկել այս դեպքը, ուրեմն ստացվում է, որ ոնց ուզեն, կարող են օրենքը շրջանցել, ոտնատակ տալ, ցեխի մեջ գցել:

«Այդպես սուս ու փուս մարդը դիմում գրեց ու գնա՞ց: Պետք է առնվազն ասեին՝ այսպիսի խախտումով է այդ մարդն այստեղ աշխատել, դրա համար ազատում ենք աշխատանքից, ոչ թե ասեին՝ դիմում գրի, ազատվի»,- նշեց Բախշյանը:

Իրավապաշտպան, ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ որպես պաշտպանության գերատեսչության պաշտոնյա՝ Սեդրակյանը չէր կարող չենթարկվել հրամանի: Այլ բան է, որ պետք է նա հայտարարեր, որ այդպիսի հիմնադրամում իր աշխատանքը չի համապատասխանում օրենքին: Այդ դեպքում նա ստպված կլիներ ավելի շուտ հրաժարական տալ:

«Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ միայն Սեդրակյանը չէր կարող «Մարտիկ»  հիմնադրամի գործադիր տնօրենը լինել, այլ նաև Սերժ Սարգսյանը՝ որպես այն ժամանակ պաշտպանության նախարար, Արթուր Աղաբեկյանը՝ որպես  Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իրավունք չունեին նման հիմնադրամ ստեղծելու, առավել ևս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու՝ հիմնադրամի եկամուտներն ապահովելու համար:

«Հիմնադրամի գումարները հավաքվել են զինծառայողներից, սպաներից՝ հարկադրաբար: Իրապես այդ եկամուտներն ապահովվել են պարտադրված հրամայական մեթոդներով: Եվ Սեդրակյանի հեռացումը պայմանավորել «Մարտիկ» հիմնադրամով, դա կլիներ քավության նոխազի տարբերակը: Այսինքն՝ պատժել մի մարդու, որն այդ ամբողջ գործընթացի ժամանակ որևէ պատասխանատվություն չէր կարող վերցնել: Եթե կա գիտակցումը, որ պետք է պատասխանատվություն կրեն «Մարտիկ»  հիմնադրամի թե հիմնադրման, թե միջոցների հավաքագրման, թե միջոցների տնօրինման հետ կապված ապօրինությունների փաստի հիմքով, ապա առաջին հերթին պետք է պատասխանատվություն կրեն Սերժ Սարգսյանը, այնուհետև Արթուր Աղաբեկյանը, որովհետև դա համարում եմ կոռուպցիոն մեխանիզմ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ միջոցների հավաքագրում և յուրացում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ «Մարտիկ» հիմնադրամի շուրջ առկա ամբողջ աղմուկից հետո մենք տեսնում ենք հերթական անպատժելիության դրսևորումը, որ ոչ թե ուղղակի նախաձեռնողներն ու այդ գաղափարն իրականացնողներն են պատասխանատվության ենթարկվում, այլ ակամա մասնակիցները, որոնք կատարել են հրամաններ:

«Ապօրինի հրամանի կատարումը չի ազատում պատասխանատվությունից, բայց հրաման  տվողները չպետք է ազատվեին պատասխանատվությունից: Եվ Մարտիկ հիմնադրամի հետ կապված բոլոր հարցարդրումները մնում են օրակարգում, քանի դեռ դրա միջոցների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված չէ և պետասխանատվության չեն ենթարկվել անձամբ Սերժ Սարգսյանն ու Արթուր Աղաբեկյանը»,- ասում է Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am