«Պատմությունը կրկնվել ա, իմ երեխեքն էլ էին փոքր, երբ ամուսինս զոհվեց»․ Լիրա Ավագյանը որդու զոհվելուց հետո չի կարողանում հաշտվել ճակատագրի հետ

Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանված, տուն ու տեղը կորցրած 54-ամյա Լիրա Ավագյանն ասում է, որ թեև դժվար է, որ այդ ամենը կորցրել է, բայց աչքին ոչինչ չի գալիս, ընդգծում է՝ ամեն ինչ կտար, միայն թե որդին ողջ լիներ։

Լիրա Ավագյանի տղան՝ 30-ամյա սպա Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ Արցախյան պատերազմի ժամանակ։ 

«Չեմ կարող ասել՝ ինչ զգացողություն ունեցա, երբ լսեցի զոհվելու մասին, բառերով դժվար է ասել։ Տղաս սպա էր, Վազգեն Սարգսյանն էր ավարտել։ Ֆիզուլիում ա ծառայել։ Վերջին անգամ կապի ենք դուրս եկել հոկտեմբերի 11-ին։ Անօդաչու սարքից ա մահացել, իրա ընկերները որ եկել էին քառասունքին, ծնունդին, իրենք են պատմել»,- հուզվում է մայրը։

Լիրա Ավագյանը ցավով ընդգծում է, որ պատմությունը կրկնվում է. 90-ականներին ամուսինն է զոհվել, երբ երկրորդ երեխան նոր էր ծնվել: Հիմա էլ որդու կինն է ամուսնուն կորցրել: 

«Պատմությունը կրկնվել է։ Ես էլ եմ նույն ճանապարհով անցել։ Իմ երեխեքն էլ էին փոքր, երբ ամուսինս զոհվեց։ Տղաս մի աղջիկ ուներ, մեկն էլ ծնվել ա իր քառասունքի օրը, աղջկա անունն էլ դրել ենք Անդրեա»,- ասում է Լիրան։

Մայրն ասում է, որ տղան առանձնանում էր իր բնավորությամբ, իր վարքով, իր բարությամբ, աշխատասիրությամբ:

«Ինքը շատ բարի, մարդամոտ անձնավորություն էր, իրա նմանը իմ շրջապատում չեմ տեսնում, ինքն ուրիշ էր։ 

Հիմա ես ապագա չեմ էլ պատկերացնում, ոնց որ անիմաստ կյանք լինի, թոռներիս համար եմ ապրում»,- հուզմունքով ասում է մայրը։

Լիրան ասում է, որ տղայի զոհվելու մասին միանգամից չի իմացել. սկզբում ասել են, թե տղան վիրավոր է, բայց մոր մտքով անցել է, որ դա ճիշտ չէ:

«Իրեն զանգեցի՝ անհասանելի էր: Զանգեցի մեծ տղայիս, ասեցի՝ երեխուց լո՞ւր ունես, ասեց՝ հա՛, չերեզ-չերեզ խոսացել եմ: Ինքն էդ ժամանակ արդեն գիտեր, բայց ինձ չասեց։ Ես դրանից հետո ոնց որ չբավարարվեի իրա ասածով, սկսեցի զանգել, երևի 50 հոգու էդ մոմենտին զանգել եմ, կա՛մ չեն վերցրել, կա՛մ ասել են՝ տեղեկություն չունեն։ 

Հետո ասացին՝ վիրավոր ա։ Բայց որ ասեցին վիրավոր ա, ես չհավատացի, որ ասացին՝ բերում են հիվանդանոց, չկարողացա հավատալ, թե խի՞՝ չգիտեմ։

Մի քանի ժամից իմացա իրողությունը։ Իմ քրոջ աղջիկները քաղաքում էին, եկան, իրենք որ լացելով մտան, արդեն հասկացա, որ տղաս զոհվել ա»,- ցավով հիշում է մայրը։

Լիրան առայժմ ապագայի հետ կապված պլաններ չի կազմում, ասում է՝ չի կարողանում մտածել․ «Սկի կարողանո՞ւմ եմ մտածել, հիմա ահավոր վիճակ ա: Էն ժամանակ, որ ամուսինս զոհվել էր, գոնե մեր տանն էինք, հիմա էսքանը թողել ենք, եկել, եթե տղաս ողջ լիներ, ոչ մի բան էլ պետք չէր, բայց հիմա ո՛չ տղաս կա, ո՛չ էլ էն»։

Ասում է, թե դեռ չեն որոշել՝ որտե՛ղ կապրեն՝ Հայաստանում, թե Արցախում, նշում է՝ բարդ հարց է:

«Դժվար հարց ա, տղաս Եռաբլուրում ա հուղարկավորված, ուզում եմ մոտ լինել, գոնե ամեն կիրակի գնում ենք, Արցախից ես ո՞նց պիտի գամ։ Ժամանակին ով ինձ ասում էր՝ ինչի՞ չես երեխեքիդ վերցնում, գյուղից դուրս գալիս, ասում էի՝ բա ամուսնուս գերեզմա՞նը: Հիմա ամուսնուս գերեզմանն էլ մնացել ա գյուղում՝ թուրքի տիրապետության տակ։

Շատ բան փոխեց պատերազմը, ոնց որ սանդուղքներով բարձրանաս, վերջին կետին հասնես, մեկը խփի, բայց ոչ թե ընկնես, այլ ավելի ներքև իջնես, հողից էլ ներքև»,- դառնությամբ ասում է Լիրան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am