««Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, իսկ Փարաջանովը չի թաքցրել իր նույնասեռական բնույթը, արգելենք նրա ֆիլմերը, ջնջենք նրա անունը». Տիգրան Խզմալյան

««Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, իսկ Փարաջանովը չի թաքցրել իր նույնասեռական բնույթը, արգելենք նրա ֆիլմերը, ջնջենք նրա անունը». Տիգրան Խզմալյան
««Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, իսկ Փարաջանովը չի թաքցրել իր նույնասեռական բնույթը, արգելենք նրա ֆիլմերը, ջնջենք նրա անունը». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, «Ոսկե ծիրան» կինափառատոնի ցանկից հանվեցին ԼԳԲՏ համայնքի մասին պատմող երկու ֆիլմեր, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Դրա դեմ հանդես եկան Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը, իսկ Հարություն Խաչատրյանն էլ պատճառաբանեց, թե կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարները հրաժարվել են այն ցուցադրելուց: Ինչի՞ մասին է խոսում այս ֆիլմերի ցուցադրության արգելքը:

– Ձեր հարցն իր մեջ երկու տարբեր հարց է պարունակում. առաջինը գրաքննություն է, իսկ երկրորդը վերաբերում է բուն սկանդալային իրողությանը, ու ամենամեծ սկանդալն այն է, որ դա իրական սկանդալ, իրական հասարակական իրադարձություն չդարձավ: Դա ավելի մտահոգիչ է, քան բուն արարքը, որը ես համարում եմ զարմանալի և ցավալի: Ես միանշանակ իմ համերաշխությունն եմ հայտնում ֆիլմերի հեղինակներին, ինչպես նաև Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի արձագանքին: Ընդհանրապես, այդ չարաբաստիկ, չարչրկված և միանգամայն զավեշտալի խնդիրն իր կատարյալ և սպառիչ լուծումը գտել է ՀՀ Սահմանադրության առաջին իսկ էջում, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները իրավահավասար են՝ անկախ իրենց սեռից, ազգությունից, քաղաքական հայացքներից և այլն, իսկ խտրականությունը նշված որևէ ասպարեզում արգելված է: Սա սահմանադրական նորմ է, ուստի որևէ հարձակում, որևէ արգելք, տվյալ դեպքում` սեռական փոքրամասնությունների հանդեպ, հակասահմանադրական է: Երկրորդն արդեն առնչվում է ոչ թե իրավական կողմին, այլ արվեստին: Ես չեմ դիտել այդ ֆիլմերը, անկեղծ ասած` այդ մշակույթն ինձ համար ընդհանրապես այնքան էլ կարևոր և հետաքրքիր չէ, բայց զգում եմ այդ մարդկանց արտահայտվելու, լսված լինելու իրավունքը և համարում եմ, որ որևէ արգելք ոչ միայն հակաիրավական բնույթ ունի, այլև վտանգավոր է արվեստի համար, որովհետև եթե մեր հայրենակիցներն այդքան նախանձախնդիր են այս հարցում, և հատկապես «Ոսկե ծիրանը», եկեք սկսենք նրանից, որ «Մոսկվա» կինոթատրոնի առջև գտնվող Սերգեյ Փարաջանովին նվիրված աստղը քերենք, հանենք, դեն շպրտենք, քարկոծենք, այրենք, քանդենք նրա տուն-թանգարանը, արգելենք նրա ֆիլմերը և ջնջենք նրա անունը: Ես չեմ շարունակում այդ ցանկը, քանի որ «Ոսկե ծիրանը» կինոփառատոն է, իսկ Սերգեյ Փարաջանովը չի թաքցրել իր նույնասեռական բնույթը: Ինչպե՞ս է դա արտահայտվում իր ֆիլմերում` դա այլ հարց է, դա վերաբերում է արվեստին և բացարձակապես չի վերաբերում որևէ արգելքների, որևէ ճաշակային կամ քաղաքական, կամ բարոյախրատական գործողությունների: Այնպես որ, տվյալ դեպքում այն անձինք, այն ակտիվիստները, որոնք իրավիճակը հանգեցրել են այս խայտառակ արգելքին, ևս կատարել են իրենց քաղաքակրթական ընտրությունը: Ընդ որում, այդ քաղաքակրթական ընտրությունը հետևում է հենց այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ռուսաստանում հենց այս ժամերին Մեծ թատրոնում արգելվեց Ռուդոլֆ Նուրեևին նվիրված բալետը, և ինչ էլ ասեն դրա պատճառների մասին, իրականում պատճառը նույնն է՝ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի հոմոֆոբիկ հայացքները, որոնք ոչ միայն մշակույթին ու արվեստին, այլև տվյալ դեպքում ՌԴ Սահմանադրությանն են հակասում: Այսինքն՝ մենք ևս մի քայլ ենք կատարում դեպի Ռուսաստան, դեպի Հյուսիսային Կորեա, դեպի Սաուդյան Արաբիա:

– Հարություն Խաչատրյանը նաև նշել է, որ 14 տարիների ընթացքում որևէ ստվեր չի ընկել այս փառատոնի վրա: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս այս տարիներին փառատոնն առանց գրաքննության է անցել:

– Ես շահագրգիռ կողմ եմ, հետևաբար իրավունք չունեմ արտահայտվելու: Ինքս մի քանի անգամ դիմել եմ կինոփառատոնին իմ ֆիլմերով մասնակցելու համար, երեք անգամ մերժել են, միայն անցյալ թե նախանցյալ տարի առաջարկեցին ֆիլմերիցս մեկը մրցույթից դուրս ցուցադրելու: Այնպես որ, իմ՝ որպես ռեժիսորի գնահատականը նշանակություն չունի, քանի որ շահագրգիռ կողմ եմ: Համենայնդեպս, «Ոսկե ծիրանը» հանդիսանում է գրեթե միակ միջազգային մշակութային իրադարձությունը տարվա ընթացքում, որը ուշադրություն է գրավում աշխարհում, Եվրոպայում: Այդ մասին գիտեն, խոսում են, Հայաստանից սպասելիքները միշտ մեծ են, բավական է նայել նոր հյուրերի ցանկը: Այնպես որ, նման քաղքենի ու ճղճիմ զարգացումները միայն ստվեր են նետում և՛ Հայաստանի, և՛ «Ոսկե ծիրանի» վրա: Ես վստահ եմ, որ «Ոսկե ծիրանի» ղեկավարության վրա ճնշում էր գործադրվել, վստահ եմ, որ կինոգործիչներն ու Հարություն Խաչատրյանը անձամբ նման որոշում երբեք չէին ընդունի, սակայն ինչպես ցանկացած մշակութային գործընթաց, «Ոսկե ծիրանը» վերահսկվում է, այդ թվում` հատուկ ծառայությունների կողմից, իսկ թե ո՛ւմ կողմից են վերահսկվում Հայաստանի հատուկ ծառայությունները, հայտնի է բոլորին:

– Այսինքն՝ հետքերը տանում են դեպի քաղաքական վերնախա՞վ:

– Հայաստանն օկուպացված տարածք է և ռուսական գաղութ, այնպես որ, միանգամայն բնական է, որ Ռուսաստանի զարգացումներն անմիջապես տեղափոխվում են Հայաստան: Գաղափարական իմաստով Հայաստանի վրա փորձարկվում են այն գաղափարական տեխնոլոգիաները, որոնք հետո կիրառվում են Ռուսաստանում: Սա ռուսական պատվեր էր, կատարողները ռուսական դեսպանատան վարձու աշխատողներ են: Անգամ լուսանկարների վրա, որոնք ես տեսել եմ, ճանաչելի են որոշ մարդկանց դեմքեր, որոնք բոլորովին վերջերս երևացել էին ռուսական գաղութային իշխանությունների կողմից քաղաքական տեխնոլոգիական նախագծերում:

– Պարո՛ն Խզմալյան, ստացվում է՝ քանի որ Հայաստանում կան ազատության, ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, նման փառատոները չե՞ն կարող ազատ անցկացվել՝ առանց գրաքննության:

– Բանն այն է, որ Հայաստանում արգելափակվում է շատ ավելի մեծ և շատ ավելի կարևոր գործընթաց, քան ընդամենը մի կինոփառատոն: Մեր աչքի առաջ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաև քաղաքակրթական ճնշում է իրականացվում: Ռուսաստանի համար շատ կարևոր է վերահսկել գաղափարախոսությունը, մտքերը Հայաստանում, իսկ «Ոսկե ծիրանը» ի սկզբանե միջազգային էր, բաց էր, արևմտամետ էր: Նայեք ֆիլմերի ցանկը, հիշենք, որ Ռուսաստանը վաղուց արդեն որևէ հետաքրքիր մշակութային արտադրություն չունի: Փորձեք հիշել վերջին տարիներին որևէ ռուսական կինո, եթե չխոսենք ողորմելի սերիալների մասին, չեք կարողանա նշել լուրջ ֆիլմեր… Այստեղ կինոփառատոնը երևացող կարևոր մի լծակ է, որը նույնպես անպայման պետք է վերահսկել` փակելու վերջին մնացած պատուհանները, որոնք դեռ բաց են դեպի Արևմուտք, դեպի ազատ աշխարհ:

Մանե Հարությունյան

MediaLab.am