«Բունտ չի լինի, Հայաստանի դեպքում սոցիալական բունտի տարբերակն արտագաղթն է». Անուշ Սեդրակյան

«Բունտ չի լինի, Հայաստանի դեպքում սոցիալական բունտի տարբերակն արտագաղթն է». Անուշ Սեդրակյան
«Բունտ չի լինի, Հայաստանի դեպքում սոցիալական բունտի տարբերակն արտագաղթն է». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են։ Որքանո՞վ դա կարող է սոցիալական բունտի հանգեցնել։

– Նախ՝ միջազգային շուկայում կարագը թանկացել է։ Բայց այստեղից մի եզրակացություն. գոնե առաջին անհրաժեշտության սննդամթերքի պարագայում կարելի է խթանել տեղական արտադրությունը՝ գոնե դրանք ազատելով հարկերից։ Կարագի, մսի, պանրի և մյուս առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրության վրա կարելի էր հսկայական հարկային կացնով չիջնել և մարդկանց չստիպել, որ մարդիկ այդ մթերքների գները բարձրացնեն։ Եթե համաշխարհային գներին զուգահեռ թանկանում է կարագը, սա նշանակում է, որ բոլոր այդ ապրանքները ներկրովի են, և դեռ հայտնի չէ, թե ի՛նչ որակի են։ Այստեղից եզրակացություն. Հայաստանի տնտեսությունը ոչինչ չի արտադրում, միայն ներկրում է, ներկրում է կասկածելի որակի ապրանք, և այդ կասկածելի որակի ապրանքն էլ թանկանում է։

Ինչ վերաբերում է սոցիալական բունտին. այդպիսին Հայաստանում չի լինի։ Հայաստանի դեպքում սոցիալական բունտի տարբերակն արտագաղթն է։ Հայաստանում երկու տիպի բունտ է հնարավոր. առաջինը` Ղարաբաղ, երկրորդը` նույնպես Ղարաբաղ։ Հայաստանի հոգեբանությունը դարեր շարունակ հիմնվել է կորած հողերի գաղափարի վրա, և ենթագիտակցության մակարդակով բոլորին անընդհատ ներշնչել են, որ մենք վատ պետք է ապրենք միայն այն բանի համար, որ կարողանանք պահպանել այդ չունեցածը։ Իսկ այս պահին մենք իրոք բան չունենք. մեր ինքնիշխանությունը հանձնել ենք ռուսներին, հիմա ռուսներին ենք հանձնում նաև Արցախը, հանձնում ենք մեր բանակը, մեր լեզուն, և իսկապես պահպանելու բան չկա։ Բայց, այնուամենայնիվ, ժողովուրդն անհարմար է զգում ընդվզել սոցիալական իրավիճակի դեմ։ Հայաստանում նման բունտ հնարավոր չէ։

– Եթե սոցիալական բունտ հնարավոր չէ, և այս իրավիճակը շարունակվելու է, այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր 2040 թվականին 4 մլն բնակչություն ապահովել Հայաստանում։

– Գուցե մտածում են` Ռուսաստանից այդքան մարդ կվերադառնա, բայց Ռուսաստանում էլ ժողովրդագրական ճգնաժամ է, և Ռուսաստանը պահելու է իր քրիստոնյա բնակչությանը՝ լավ թե վատ։ Ահա թե ինչու կարծում եմ, որ այդ խոստումը նման է մեր տնտեսական աճի մասին խոստումներին։ Ժամանակին խոստանում էին երկնիշ ու եռանիշ տնտեսական աճ ապահովել, բոլոր այդ խոստումները շատ էինք լսել։ Միայն բնակչության աճ չէին խոստացել, դա էլ խոստացան։ Բոլոր խոստումների հավաքածու ունենք, կարող ենք դրանով պարծենալ։

– Շատերը նշում են, որ այս վիճակը չի կարող երկար շարունակվել, որ պայթյունը մի օր կլսենք։

– Այո՛, ասում են, որ չի կարող այս վիճակը երկար պահպանվել, բայց փաստն այն է, որ պահպանվել է։ Քանի դեռ մարտի 1-ի օրինակով, այլ ապստամբությունների օրինակով տեսնում ենք, որ Հայաստանում կա ոստիկանական ապարատ, որը ո՛չ հանցագործություններ է բացահայտում, ո՛չ խնդիրներ է լուծում, փոխարենը` ակտիվորեն և արդյունավետորեն ճնշում է բոլոր տեսակի ընդվզումները, քանի դեռ կա ղարաբաղյան ճակատ, որտեղ շուտով կարող է կռվող էլ չլինել արտագաղթի պատճառով, բունտը քիչ հավանական է։ Այդ բոլորը պետական մակարդակով լուծում պահանջող խնդիրներ են, և դրանցից որևէ մեկը լուծում չի ստանում, որովհետև իշխանություն ունեցողները մտածում են իրենց իշխանությունը պահպանելու մասին, իսկ իշխանություն տենչացողները մտածում են իշխանություն զավթելու մասին։ Բացի այդ, Հայաստանում ներկա պահին որևէ պետական օրակարգ չկա։

– Ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը։

– Ռուսական տիրապետությունից դուրս գալը` ես այլ ելք չեմ տեսնում: Ես կարող եմ հիմնավորել, բայց դա շատ երկար վերլուծություն է պահանջում, բայց ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար։ Միակը ելքը դա է։

– Շատերը նշում են, որ դա Հայաստանում այս փուլում հնարավոր է Ռուսաստանի փլուզման պարագայում։ Որքանո՞վ է դա իրատեսական։

– Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ հո դուրս կգա։ Ռուսաստանը մեծ կայսրություն է և, անշուշտ, փլուզվելու է, բայց մինչև փլուզվի, Հայաստանը հարյուր անգամ կմնա ավերակների տակ, դա պետք է շատ արագ և անհապաղ։ Քանի դեռ անվտանգության միջազգային համաժողովներում մեր պետական ատյանի ներկայացուցիչները վեր-վեր են թռչում և գոչում, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, իսկ մեր թշնամին Թուրքիան է, մենք ոչնչի չենք հասնի։

– Իշխանությունը նշում է, որ մեր անվտանգությունը մենք չենք կարող միայնակ ապահովել։

– Սեպտեմբերի 3-ին մեր անկախությունը մենք մեր անվտանգության պատրվակով տվեցինք։ Արդյունքում չունեցանք ո՛չ անվտանգություն, ո՛չ էլ անկախություն։ Չե՞ք տեսնում, որ անվտանգության պատրվակը Հայաստանում բոլոր զազրելի գործերի պատնեշն է։ Անվտանգությունը և հայրենասիրությունը… այս երկու խաղաքարտը ամենահզոր հոգեբանական խաղաքարտերն են ռուսական իմպերիականության ճանապարհին։

– Լեզվի հարցը նույնպե՞ս թելադրված է Ռուսաստանից, թե՞ իշխանությունն է ուզում հաճոյանալ։

– Մեկ տարի առաջ ասել եմ, որ Ռուսաստանը թիրախավորելու է ֆորմալ անկախության երեք կետերը՝ լեզուն, բանակը և դրամ։

– Մնում է ԵԱՏՄ-ում մեկ միասնական դրա՞մը իրականություն դառնա։

– Այո՛, ու կդառնանք Սովետական Հայաստան առանց Սովետական Միության։ Ուզում են, որ Սովետական Միությունը վերականգնվի, բայց չեն հասկանում, որ Սովետական Միությունը վերականգնվելու ռեսուրս չունի ։ Վերականգնվում է ռուսական խանությունը, որի ոչ թե կցորդն ենք, քանի որ կցորդը ստանում է ապրելու օրապահիկ, իսկ մենք միայն տալու ենք և տուժելու ենք, որը փաստվում է պատմական գործընթացով և իրադարձությունների զարգացմամբ։

Մանե Հարությունյան

MediaLab.am