5 կիլոմետր դեպի Նոր տարի, իմ ամենայուրահատուկ տոներից մեկը. «Ալամեզոն» Բլոգ

5 կիլոմետր դեպի Նոր տարի, իմ ամենայուրահատուկ տոներից մեկը. «Ալամեզոն» Բլոգ
5 կիլոմետր դեպի Նոր տարի, իմ ամենայուրահատուկ տոներից մեկը. «Ալամեզոն» Բլոգ

2012-ի վերջին օրն էր։ Հայրս արդեն մեկ ամիս՝ հիվանդանոցում էր։ Բժիշկները մի քանի վիրահատություն էին արել ու ասեցին, որ եթե այսքանից հետո արթնանա, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Էդ հույսով էլ քանի օր է՝ սպասում էինք։ Իսկ հայրս քնած էր։ Էնպես էր քնել, կարծես նախորդ 53 տարիներին աչքը կպած չկար։

Երևի այդպես էլ կար։ Ամեն օր գալիս էի, նստում մոտը ու սպասում, թե ե՛րբ է արթնանալու։ Որպեսզի սպասումը չծանրանար ուսերիս, հետս ֆրանսերենի բացատրական գրքեր էի բերում, որ վերջապես բժիշկների բլբլոցը հասկանայի։ Մի օր բուժքույրը չդիմացավ.

– Ռոզա՛, you go home, I ..call ..you …he…eyes,- ու ձեռուոտով ցույց է տալիս, թե գնա տուն, հա…

Վերադարձա մեր վարձած բնակարանը։ Մեր հեռու-մոտիկ բարեկամները հավաքվել էին։ Նոր տարվա սեղան էին գցում։ Դառը հայացքով նայեցի խոզի բդին – Հայաստանից էլ փախա, քեզնից՝ չէ – մտածեցի ու գլուխս մտցրեցի բարձի տակ, որ գոնե քնեմ։ Քանի ամիս էր՝ չգիտեի՝ քնելն ի՛նչ էր։ Երանի՜ հորս, մի քանի օր է՝ non stop քնած է։ Դիմացա մինչև երեկոյան 8-ը, երբ տան աղմուկն է՛լ ավելի ուժեղացավ։ Երանի՜ ձեր հավեսին՝ մտածեցի ես, ուսապարկս վերցրեցի ու տանից դուրս սողոսկեցի։

Մի կերպ հասա կանգառ, սպասեցի 30-40 րոպե, մինչև գիտակցեցի՝ ախր, շուտով Նոր տարի է, միայն կենտրոնի տրանսպորտն է աշխատում, մինչև կենտրոն դեռ հասնել է պետք։ Մի պահ որոշեցի՝ վերադառնամ տուն, բայց ոտքերս իրենք առաջ գնացին։ Հիմա հիշում ու զարմանում եմ, թե ի՛նչ ռիսկով ոտքով ճամփա ընկա ցուրտ գիշերով։

Մեկ, երկու, ութ, տասը… Կանգառները հաշվելով՝ գնում էի հիվանդանոց։ Ոչինչ այնքան միտքը չի ակտիվացնում, որքան քայլքը։ Մինչ կանգառ առ կանգառ քայլում էի, վերհիշեցի ամեն ինչ այդ տարվա մասին։ Բեկումնային տարի էր 2012 ը, կարծես նոր կյանքի ուղեգիր տվեց ու նոր հնարավորություններ։ Ամեն ինչ թողեցի այդ տարում՝ երկիրը, հեռու-մոտիկ ընկերներիս, անձնական կյանքս, հին բնավորությունս ու անգամ հին հագուստը։

Երբեմն մարդը պիտի զրոյականացնի իր կյանքը ու փորձի մեկ այլ ուղիով գնալ։ Ցավալի ու ծեծված արտահայտություն պիտի անեմ.

– Էս անտեր քաղցր կյանքը այնքա՜ն կարճ է…

Կարծում եմ՝ մարդիկ անգիտակցաբար են ստեղծում 31-ի խնջույքի աղմուկն ու քեֆը, որ մենակ չմնան այն մտքի հետ, թե մի տարի էլ գլորվեց, այնքան արագ ու աննկատ, որ ֆիզիկական ցավ ես զգում, երբ ժամանակը մատներիդ արանքով սողում է դեպի անվերջություն։ Այնինչ պիտի մենակ մնալ մտքերի հետ, որպեսզի բեկումնային որոշումներ կայացնել հաջորդ տարվա համար, կարևոր և սրտին հաճելի, որովհետև, ինչպես ասեցի, էս անտեր կյանքը չափազանց կարճ է, ինչպես 2012-ին այն հինգ կիլոմետրը, որ կտրեցի ու հասա հիվանդանոց՝ հորս մոտ։

Սահմռկեցուցիչ ձմեռային քամուց սառած՝ մտա հիվանդանոց, և տաք օդից բոլոր տխուր մտքերս հալվեցին, իսկ երբ բաժանմունքի գլխավոր բժիշկը՝ ձյունանուշի հյուսքերով գլխակը գլխին մոտեցավ ու շնորհավորեց Նոր տարին, աչքերս լցվեցին ծիծաղով։ Մտա հորս սենյակ. դեռ քնած էր, տեղավորվեցի բազկաթոռի մեջ, գիրք-֊տետրս հանեցի ու խորացա ֆրանսերենի մեջ։ Հինգ րոպե հետո բուժքույրը սուրճ ու կոնֆետ բերեց:

– Դե լավ, արդեն երես եք տալիս,- կատակեցի ես 

Էդպես էլ դիմավորեցի Նոր տարին, ես՝ բազկաթոռի մեջ, հայրս՝ քնած, իսկ բժիշկները՝ ձյունանուշի գլխարկներով։ Դեռ շատ ճոխ-ճոխ տարեմուտներ կունենամ, բայց այս մեկը յուրահատուկ էր։ Հայկական ճոխ տոնական սեղանի փոխարեն դիմացս դրված էին սուրճի թղթե բաժակը, կոնֆետներ ու դատարկ տետր, որի մեջ պիտի գրեի այլ լեզվով այլ կյանքի մասին… 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog