Մեղավոր են բոլորը, իրենք պատասխանատու չեն ոչնչի համար. սա մեր էլիտայի որակն է. քաղաքագետը՝ նախկին նախագահների ելույթների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ամփոփելով ՀՀ նախկին նախագահների ելույթները, կխնդրեմ գնահատեք դրանք՝ որքանո՞վ էին այդ ելույթները գաղափարական:

– Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքում գաղափարական ելույթ դժվար է պատկերացնել: Նրանց ելույթներն այնպիսիք էին, ինչպիսին պետք էր սպասել՝ մի քիչ ավել կամ պակաս: 

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում գաղափարական մասը հնարավորինս նվազագույնի էր հասցված, խոսում էր շատ կոնկրետ հարցերից: Շատ պրակտիկ, համագումարին համապատասխանող ելույթ էր, այս առումով երեք նախագահի ելույթներն էլ շատ չէին տարբերվում:

– Ձեզ մոտ և՞ս տպավորություն էր, որ նախագահներից յուրաքանչյուրը ստեղծված իրավիճակի համար մեղադրեցին բոլորին, իրենցից բացի:

– Միանշանակ: Գործող իշխանությունն էլ մեղադրում է բոլորին, բացի իրենից: Իսկապես կա նման բան, ինչը ցույց է տալիս մեր էլիտայի որակը, որի մոտ մեղավոր են բոլորը, իրենք պատասխանատու չեն ոչնչի համար:

– Պարո՛ն Հովհաննիսյան, որակական այդ հատկանիշը կրող անձինք, որոնք հայտ են ներկայացրել դառնալ երկրի ղեկավար, որքանո՞վ են պատրաստ և կարող Հայաստանն այս վիճակից դուրս բերելու:

– Երբ երկիրը պարտությունից հետո կապիտուլյացիա է ստորագրում, վիճակից հանել՝ նշանակում է սկզբում հաղթահարել այդ կապիտուլյացիայի ամենածանր հետևանքները, հետո՝ իդեալում, այդ երկրի վրայից հանել բոլոր հետևանքները: 

Մեր ունեցած չորս հավակնորդներն էլ այս կամ այն կերպ պատրաստվում են սպասարկել կապիտուլյացիան, ոչ թե հաղթահարել կապիտուլյացիան ու դրա հետևանքները, այլ՝ սպասարկել այս կամ այն տեսանկյունից, որակով և այլն: 

Դա դիտարկել որպես ելք, կարծում եմ՝ աբսուրդ է, որովհետև կա կապիտուլյացիան, եթե անգամ կառավարություն էլ չունենանք, տեսականորեն այն պետք է իրականացվի, ու ինչ-որ մեկն էլ այն սպասարկի, օրինակ՝ կարող են օտարերկրացիներ գալ մեր երկիր ու սպասարկել այն: Եթե այդպես պետք է լինի, ես ազգային կառավարություն պահելու իմաստը չեմ տեսնում:

– Այս համատեքստում համակարծի՞ք եք առաջին նախագահի այն մտքին, որ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը վտանգավոր է Հայաստանի համար:

– Միանշանակ, ակնհայտ է, որ այդ երկուսի իշխանության գալը վտանգավոր է: Մի կողմը հենց կապիտուլյացիան ստորագրած ու բազմաթիվ գրավոր և բանավոր պարտավորությունների կրողն է, որն աշխատում է մինչև վերջ դրանք իրականացնել, իսկ մյուս կողմն էլ, քննադատելով այդ փաստաթղթի առանձին դրսևորումները, ընդհանուր առմամբ գտնում է, որ ելք չունենք: 

Մի հետաքրքիր բան նկատեցի, որ արդեն չի ասվում, թե Սյունիքի միջանցքը վտանգավոր է և այլն, ասվում է՝ վտանգավոր է, եթե կառավարում է Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե մենք ղեկավարենք, կլինի զուգահեռ իրողություն և մեր բնականոն կյանքին չի խանգարի: 

Այսպիսով, տարբերությունն այդքան մեծ չէ, թե ով է իրականում սպասարկելու այդ կապիտուլյացիան և ով է փորձելու մեր հաշվին այդ սպասարկումից նույնիսկ դիվիդենտներ քաղել: 

– Պարո՛ն Հովհաննիսյան, ձեզ ճի՞շտ հասկացա, որ իշխանություն դառնալու հայտ ներկայացրած նախկին բոլոր ղեկավարներից էլ ում վիճակվի դառնալ երկրի ղեկավար, սպասարկելու է այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը:

– Այո՛, խոսքս վերաբերում է Հայաստանի չորս ղեկավարներին, բայց չեմ բացառում, որ ընտրություններին լինեն առողջ ուժեր, բայց երրորդ հանրապետության առաջինից մինչև ամփոփիչ գործիչները՝ սկզբից երեսուն տարի սպասարկել են հայ-ռուսական, այսպես կոչված, դաշինքը և նախապատրաստել այս օրը, իսկ այսօր արդեն ուզում են միմյանց, այսպես ասած, պաս տալով, մի երեսուն տարի էլ սպասարկել այս կապիտուլյացիոն ծրագիրը:

– Նախկին նախագահները նշեցին, որ իրենց երեքի նպատակն էլ նույնն է՝ ազատվել Փաշինյանի իշխանությունից: Ըստ ձեզ՝ եթե նպատակը նույնն էր, ինչո՞ւ յուրաքանչյուրն առանձին հանդես եկավ՝ միավորվելու փոխարեն:

– Ես համամիտ չեմ, թե նպատակը նույնն էր: Քոչարյանի դեպքում՝ կարծում եմ, որ շրջապատն ու բնավորությունը նրան հասցրել են մի կետի, որ, ինչպես ասաց Տեր-Պետրոսյանը, անձնական վրեժի և հաշվեհարդարի համար է եկել: 

Սերժ Սարգսյանի պարագայում չեմ կարծում, թե նա Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան երկընտրանքից ընտրեր Քոչարյանին, որովհետև 2018 թվականի իշխանափոխությունը շատ մութ կետեր դեռ ունի, որոնք պետք է բացահայտվեն: 

Լևոն Տեր-Պետրոսյանը միակն է, որ պատրաստ էր հրաժարվել իշխանությունից: Այսինքն՝ նախկին նախագահներից յուրաքանչյուրն ուղղորդվում է անձնական նպատակով: Մեր պատմության մեջ չի եղել դեպք, որ ղեկավարներն ուղղորդվեն ազգային ու պետական նպատակով:

– Պարո՛ն Հովհաննիսյան, եթե չձևավորվի ձեր նշած առողջ ուժը, և հանրությունն այլընտրանք չունենա Հայաստանի չորս ղեկավարներից զատ, ու՞մ շանսերն են առավել շատ, որ կարող է դառնալ իշխանություն:

– Ոչ մեկինը բացարձակ չէ, չկա երաշխավորված հաղթանակ, բայց այս պահի դրությամբ կա երկու լիդեր՝ Ռոբերտ Քոչարյան ու Նիկոլ Փաշինյան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am