«Արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման, այլ բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ». Սաքունց

«Արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման, այլ բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ». Սաքունց
«Արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման, այլ բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ». Սաքունց

Ուժային կառույցներն ապրիլից վարչապետի ենթակայությանն անցնելու նախաձեռնությունն ուղղված է անձամբ Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմանը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հետագայում ևս շարունակելու է ուժային մեթոդներով կառավարել երկիրը, ինչպես կառավարել է որպես հանրապետության նախագահ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կառավարման այլ լծակներ չի պատկերացնում:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունն արդեն հաստատել է, ըստ որի՝ ապրիլից, երբ լիարժեք անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգին, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Պետական պահպանության ծառայությունը գործելու են վարչապետի ենթակայությամբ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հերքել էր տեղեկությունները, թե այս փոփոխությունները Սերժ Սարգսյանի համար են արվում:

Նախարարը հետևյալ կերպ էր հիմնավորել այս փոփոխությունները. «Երկրի զարգացումը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի համար: Կամ վարչապետ, կամ փոխվարչապետ պետք է անձնական պատասխանատվություն կրեն այս կամ այն մարմնի աշխատանքի համար, սա բարձրացնում է համապատասխան ծառայությունների որակը և հանրային հաշվետվողականությունը»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ Սերժ Սարգսյանն ուժային կառույցները կենտրոնացնում է հենց իր անձի շուրջ, ոչ թե վարչապետի պաշտոնի: Եթե ինքը որոշեր, որ դառնալու է հանրապետության նախագահ, ապա այդ բոլոր լծակները կտրվեին նախագահին:

«Սրանով Սերժ Սարգսյանը հետ է կանգնում սահմանադրական փոփոխություններից առաջ արած իր հայտնի հայտարարությունից, թե չի հավակնում իշխանության, քանի որ մեկ անձը երկու անգամից ավելի չպետք է երկրի ղեկավար լինի: Իրականում նա հետևողականորեն ամրապնդում է իր անձնական իշխանությունը, որի գործիքների թվում ինքը հիմնականում տեսնում է ուժային մեթոդները»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ եթե գործադիր իշխանության կազմից Սերժ Սարգսյանն առանձնացնում է հենց Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական պահպանության ծառայությունը, սա նշանակում է, որ նրա կառավարման հիմական գործիքները հանդիսանում են ուժայինները, որոնք անմիջականորեն պետք է ենթարկվեն իրեն, և որոնց միջոցով Սերժ Սարգսյանը, ըստ էության, իրավիճակը վերահսկում է: Եվ հիմա Սերժ Սարգսյանն այս փոփոխություններով փորձում է նաև այնպես անել, որ այդ կառույցները չվերահսկվեն որևէ այլ մարմնի, մասնավորապես, Ազգային ժողովի կողմից:

«Եվ սա նշանակում է, որ անկասկած է, որ օրենսդրական այս փոփոխություններն ուղղված են միայն մեկ խնդրի լուծմանը՝ Սերժ Սարգսյանի անձնական ու բացարձակ իշխանության ձևավորմանը: Սրան նաև պետք է ավելացնենք Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի վերաբերյալ օրենսդրական նախագծերը, որոնցով նույնպես վարչապետն անմիջական որոշիչ դեր ունի այդ կառույցների պետերի նշանակման հարցում: Այդ կառույցները ևս որևէ հաշվետվությամբ հանդես չեն գալու Ազգային ժողովի առջև»,- ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանը նշում է, որ սա նաև վկայում է հետևյալը, որ իրականությանը չեն համապատասխանում Սերժ Սարգսյանի այն պնդումները, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելով՝ ինքը լուծում էր «սուպեր նախագահի» ինստիտուտի հարցը: Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը բացատրվում էր նրանով, որ կուսակցությունների ու խորհրդարանի դերի բարձրացում է լինելու, սակայն, ըստ Սաքունցի, դա ընդամենը քարոզչություն էր:

«Ես կասեմ, որ արդեն գործ ենք ունենալու ոչ թե ավտորիտար կառավարման հետ, որովհետև հիմա է ավտորիտար կառավարումը, այլ այսուհետ գործ կունենանք բռնապետական բովանդակություն ունեցող իշխանության հետ: Ես պնդում եմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանն ավելի է սահմանափակելու ազատությունները, որովհետև իշխանությունն իրացնելու որևէ այլ ռեսուրս նա չունի»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am