«Ժիրայր Սեֆիլյանի գործում քրեական վարույթ գոյություն չունի, քաղաքական պատվեր է իշխանության կողմից, որը փորձում են ի կատար ածել». Արայիկ Պապիկյան

«Ժիրայր Սեֆիլյանի գործում քրեական վարույթ գոյություն չունի, քաղաքական պատվեր է իշխանության կողմից, որը փորձում են ի կատար ածել». Արայիկ Պապիկյան
«Ժիրայր Սեֆիլյանի գործում քրեական վարույթ գոյություն չունի, քաղաքական պատվեր է իշխանության կողմից, որը փորձում են ի կատար ածել». Արայիկ Պապիկյան

Երեկ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի:

Տեղի ունեցածը Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը «Մեդիալաբի» հետ զրույցում քաղաքական հաշվեհարդար, քաղաքական վրեժխնդրություն որակեց։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական գործչին ոչնչացման փորձ է կատարվում. «Ժիրայր Սեֆիլյանի գործում քրեական վարույթ գոյություն չունի։ Ի սկզբանե այդ գործում քրեական իրավունք չի եղել, քաղաքական պատվեր է քաղաքական իշխանության կողմից, որը փորձում են ի կատար ածել»,- հավելեց փաստաբանը։

Նա նշեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով կդիմեն ՄԻԵԴ. կասկած չկա, որ այս դատական ակտը Եվրոպական դատարանում բեկանվելու է, և Հայաստանի դեմ հերթական դատական ակտը կունենան։

«Առաջ անցնելով ասեմ, որ Սեֆիլյանն ավելի քան վստահ է, որ անկախ դատախազի միջնորդած պատժաչափից, անկախ դատարանի կողմից կայացրած դատական ակտի ժամկետից, ներկայիս իշխանությունները այդքան ժամանակ գոյություն չեն ունենա որպես իշխանություն, և, հետևաբար, պատժաչափ կոչվածը պայմանական ազատությունների սահմանափակման ժամանակաշրջան է իր համար»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանը վստա՞հ է, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու, և իրենք ազատության մեջ ենք հայտնվելու, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ համակարգափոխություն, բայց նա վստահ է, որ տասնմեկ տարի կամ գուցե տասը տարի՝ ամենևին կարևոր չէ, ինքը այդ դատական ակտով այդքան ժամանակ անազատության մեջ չի մնա»։

Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքները շինծու, իրավունքից հեռու մեղադրանքներ են, որոնք որևէ կերպ չեն հաստատվել դատարանում, և նման պայմաններում քաղաքական գործչին երեք մտացածին հոդվածներով 11 տարի ազատազրկման դատապարտելն այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան վրեժխնդրություն։

«Պատկերացրեք՝ մեղադրանքների հիմքում դրված են հրապարակային ելույթները, այսինքն՝ ներկայիս իշխանությունների պատկերացումներում քաղաքական գործիչը չի կարող հրապարակային ելույթներ ունենալ կամ եթե ունի, դա պետք է հետապնդվի և ազատազրկման ձևով պատիժ սահմանվի։ Սա ուղղակի անհեթեթություն է»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին՝ փաստաբանը նշեց, որ որևէ էական փոփոխության ակնկալիք չկա. «Մի ապրանք, որն ինքն անորակ է, ժամկետանց, պիտանի չէ, որքան էլ գեղեցիկ փաթեթավորում անենք, նույնն է, քանի որ փաթեթավորումից ապրանքի որակը չի փոխվում։

Հիմա դատարանների հետ կապված ցանկացած կոսմետիկ փոփոխություն՝  փաստաբանների տուգանք, օրենսգրքերի բարելավում, փոփոխություն, սրանք մեկ փաթեթն են։ Որքան էլ գեղեցիկ լինի, քանի դեռ դատավորն ինքն անկախ չէ, հրահանգներ կատարող անձ է, քանի դեռ քաղաքական իշխանությունն անսահմանափակ ազդեցություն է գործադրում դատական ակտերին, իսկ քաղաքական գործերում դա միանշանակ այդպես է, հուսալ, որ փոփոխությունը դրական հետևանք կունենա, առնվազն միամիտ պետք է լինել։ Համակարգը պետք է ամբողջությամբ փոխվի, որպեսզի դատավորը ոչ թե հրահանգ կատարող լինի, այլ արդարադատություն իրականացնող։ Մենք դա չունենք։ Եվ վերջին շրջանում կատարվող բոլոր փոփոխությունները ընդամենը ձևական փոփոխություններ են, ընդամենը շղարշ են՝ անորակ ապրանքը գեղեցիկ փաթեթավորելու։ Հանրությունը, միևնույն է, այդ անորակ ապրանքը չի կարող ուտել և մարսել»,- ասաց նա։

Անդրադառնալով Դատական օրենսգրքում ՄԻԵԴ-ի վճիռների հետ կապված փոփոխությանը, որ այսուհետ այդ վճիռները կունենան հետադարձ ուժ, և դատավորների նկատմամբ կարգապահական տույժ կկիրառվի, Արայիկ Պապիկյանը նշեց, որ սա չի կարող զսպաշապիկ լինել, քանի որ այն դատավորները, ովքեր ակնհայտ ապօրինի դատական ակտեր են կայացնում, իրենք երաշխիքներ են ստանում, կատարում են ինչ-որ կառույցի ուղղակի հրահանգը կամ ցուցումը, և եթե պարզվի, որ այդ գործերով իրենք խախտում են թույլ տվել, միևնույն է, տվյալ պահի պատասխանատվությունը շատ ավելի նվազ նշանակություն կունենա, քան իրենց կատարածի ցավը, հետևանքները. «Հետևաբար, որևէ դատավոր ընդհանրապես չի էլ կաշկանդվի իր պատասխանատվության հարցից, քանի դեռ ինքնուրույն որոշում չի կայացնում։ Իրենք չեն էլ մտահոգվի հնարավոր շատ մեղմ պատասխանատվության մասին, եթե, իհարկե, այդպիսին կլինի։ Սա ավելի շատ մեզ մատուցելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար է, որ մենք ունենք հետևյալ ընթացակարգը, սակայն դա որևէ էական նշանակություն չունեցող ընթացակարգ է լինելու»,- հավելեց Արայիկ Պապիկյանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am