«Ցավում եմ, որ «Ելքում» բոլորը չունեն այն գիտակցությունը, թե այս իրավիճակում ի՛նչ մարտավարություն պետք է որդեգրել». Ալեք Ենիգոմշյան

«Ցավում եմ, որ «Ելքում» բոլորը չունեն այն գիտակցությունը, թե այս իրավիճակում ի՛նչ մարտավարություն պետք է որդեգրել». Ալեք Ենիգոմշյան
«Ցավում եմ, որ «Ելքում» բոլորը չունեն այն գիտակցությունը, թե այս իրավիճակում ի՛նչ մարտավարություն պետք է որդեգրել». Ալեք Ենիգոմշյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

 – Պարո՛ն Ենիգոմշյան, «Ելքը» որոշել է, որ իր կազմում գտնվող կուսակցություններից յուրաքանչյուրն իր ցանկությամբ է պայքար մղելու Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը և նախատեսում է հանրահավաքային պայքար սկսել։ Հիմա «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանուն Հայաստան պետության» ճակատը համատեղ գործողությունների ծրագիր կմշակե՞ն, հաշվի առնելով, որ երկուսն էլ որոշել են հանրահավաքային պայքար մղել։

– Ես այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մեր կեցվածքը, որ պետք է ուժերի համախմբում լինի, նոր դիրքորոշում չէ։ Նիկոլ Փաշինյանին նույնպես տեղյակ է պահվել այդ մասին, անցած հանրահավաքներին նա հրավիրված է եղել։ Ինքը հրապարակային պայքարում համագործակցության առումով որոշ հստակեցումներ է արել։ Այսինքն՝ նոր չի սկսվում, «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնական դիրքորոշումից հետո նոր չի ստեղծվում այս իրավիճակը։ Բնականաբար, դա որոշակի որակ կարող է փոխել։ Իհարկե, հաջող զարգացումը միայն մեզնից կախված չէ, նաև իրենցից է կախված, թե որքանո՛վ են պատրաստ համագործակցության և ի՛նչ աստիճանի համագործակցության։ Մենք կողմ ենք ընդհանուր դաշտ ստեղծելուն, մնում է շարունակել շփումները և տեսնել, թե որքանով ավելի առաջ կգնան ընդհանուր եզրերի որոնումները։ Ես չեմ կարծում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ամբողջությամբ միայնակ գործելու որոշում ունի, բայց ի՛նչ աստիճանի համագործակցության կողմնակից են, դա, իհարկե, իրենք պետք է որոշեն, հստակեցնեն։ Մեր կողմից ավելի ուժերի համատեղման մոտեցումը եղել է և շարունակում է ուժի մեջ մնալ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքներում եղել են հայտարարություններ ու մտքեր, որոնց վերաբերյալ իրենք մտահոգություն են հայտնել։ Հնարավո՞ր է, որ գործիքակազմում տարբեր փոփոխություններ լինեն, օրինակ` այդպիսի ելույթներ չհնչեն։

– Ես չգիտեմ, թե ո՛ր ելույթի մասին է խոսքը, կոնկրետ ի՛նչ էր ակնարկում Փաշինյանը։ Իհարկե, առաջին հանրահավաքում եղել է ելույթ, որտեղ տեղ գտած որոշ արտահայտությունների մասին դիրքորոշումներ են հայտնվել։ Եթե կոնկրետ այդ ելույթի մասին է, կարծում եմ՝ բավարար բացատրություն տրված է։ Դրանից դուրս ես չեմ կարծում, որ եղել են արտահայտություններ, որոնք Նիկոլ Փաշինյանի մեջ հարցադրումներ կարող էին առաջացնել։ Համենայնդեպս, ոչ թե գործիքակազմի փոփոխություն կլինի, այլ եթե կան հարցեր, հարցադրումներ, մենք պատրաստ ենք դրանք լսել, քննարկել և համապատասխան դիրքորոշում որդեգրել։ Այս պահին ավելին չեմ կարող ասել։

– Փաշինյանն ասում է, որ իրենց պայմաններից կարևորագույնը ոչ բռնի քաղաքական պայքարն է, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում։ Նա առաջարկում է մերկ ձեռքերով դուրս գալ պայքարի, որ դա իր համար կարմիր գիծ է։ Սա ընդունելի՞ է ձեզ համար։

– «Հանուն Հայաստան պետության» ճակատից ոչ ոք չի հայտարարել, որ անհրաժեշտ է բռնի ուժի կամ զենքի դիմել։ Հետևաբար, նախապայման դնել, թե բռնություն չպետք է լինի, անհեթեթ է։ Ինչ վերաբերում է նրան, որ բռնության ենթարկվելու դեպքում անգամ մենք չպետք է բռնությամբ պատասխանենք, կարծում եմ՝ դա չէ հիմնական խնդիրը։ Մենք ունենք հիմնական խնդիր և պետք է դրա շուրջ փորձենք պայմանավորվել։ Ես կարծում եմ, որ որևէ մեկը, որ հարված է ստանում, բնազդաբար, մարդը պաշտպանվում է, իսկ պաշտպանությունը կարող է լինել նաև հակահարվածը։ Դա բնական բնազդ է և ասել, թե նախապես պետք է պայմանավորվել, որ հարված ստանալիս չպետք է դրան պատասխանել, կարծում եմ՝ մեզ այլ տեղ կտանի։ Սա առաջնային խնդիր դարձնել` նշանակում է շեղել իրական խնդիրը։ Քանի դեռ բռնության կոչ չկա, կարծում եմ՝ դա պետք է բավարարի կողմերին, և այլ խնդիրներ չպետք է առաջադրվեն։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ «Ելքն» այս հարցում չունի միասնական դիրքորոշում, տարբեր ուժեր տարբեր որոշումներ են կայացնում։

– Դա ավելի շատ նրանց խնդիրն է։ Ես, ամենայն անկեղծությամբ, չեմ ասի, թե ուրախ եմ, որ «Ելքը» չի կարողանում համաձայնության գալ։ Բայց նաև չեմ ասի, թե ցավում եմ, որ նրանք միասնական դիրքորոշում չունեն։ Դա «Ելքի» ներքին խնդիրն է։ Բայց ցավում եմ, որ բոլորը չունեն գիտակցությունը, թե այս իրավիճակում ի՛նչ մարտավարություն պետք է որդեգրել։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հաջողություն կունենա ձեր նախաձեռնած պայքարը։ Կլինի հերթական հուսահատությո՞ւնը, թե՞ հաջողություն կգրանցվի։

– Ես ոչ ուզում եմ ասել, թե սա 100 տոկոսով մեզ հաղթանակ է բերելու, ոչ էլ ասում եմ, թե այս ամենն իզուր է։ Ամեն ինչ կախված է մեզնից՝ հանրությունից, ժողովրդից, կազմակերպող ուժերից։ Իհարկե, դա կախված է ոչ միայն մեզնից, որովհետև ցանկացած հակադրություն առնվազն երկու կողմ է ենթադրում, հետևաբար, մյուս կողմից` ռեսուրսներից, ուժերից, հնարավորություններից ևս կախված է։ Ես չեմ ասի, որ հաղթանակի շեմին ենք, ոչ էլ կասեմ, որ այս ամենն իզուր է։ Մենք կանենք մեզնից սպասվածը, մնացածը ժամանակը ցույց կտա։

– Պարո՛ն Ենիգոմշյան, Սերժ Սարգսյանը երեկ իր հարցազրույցում չի հերքել որպես վարչապետ առաջադրվելու լուրը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Վերջին ամիսների ընթացքում մեկը մյուսին հաջորդող օրենսդրական փոփոխությունները և կառավարության որոշումները, որոնք բոլոր լիազորությունները և լծակները գերկենտրոնացնում են վարչապետի ձեռքին, հո այդ ամենը ուրիշի համար չէ՞ր արվում։ Եվ այս առումով, իհարկե, անակնկալ չէր։

– ՀԱԿ-ը թեև հանդիպել էր Արմեն Մարտիրոսյանի հետ, հիմա հայտարարում է, որ այս օրակարգի շուրջ չի համախմբվում։ Փաստորեն, այդ լայն համագործակցությունը չի՞ ստացվում։

– «Հանուն Հայաստան պետության» ճակատը գտել է, որ այս պայմաններում պետք է փորձ կատարել հանուն համախմբման։ Եթե ինչ-որ ուժեր չեն մասնակցում` դա իրենց խնդիրն է, ճակատն ինքն իր փորձը արել է։ Եվ այդ փորձը չէր նշանակում, որ այն բոլորի կողմից ընդունվելու է։ Ես կասեի, որ սա նորմալ է և ինչ-որ չափով իր դրական կողմը ունի։ Չեն միանում՝ Աստված իրենց հետ։

Մանե Հարությունյան

MediaLab.am