«Առայժմ իշխանության մնացած խումբը փորձում է Մոսկվայի օգնությամբ լուծել սեփական իշխանության պահպանման հարցերը». Ռուբեն Մեհրաբյան

«Առայժմ իշխանության մնացած խումբը փորձում է Մոսկվայի օգնությամբ լուծել սեփական իշխանության պահպանման հարցերը». Ռուբեն Մեհրաբյան
«Առայժմ իշխանության մնացած խումբը փորձում է Մոսկվայի օգնությամբ լուծել սեփական իշխանության պահպանման հարցերը». Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը վայելում է Մոսկվայի աջակցությունը, և այս օրերին փորձ է արվում Ռուսաստանին ներքաշել ներհայաստանյան իրադարձությունների մեջ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

«Ակնհայտ է, որ առայժմ իշխանության մնացած խումբը փորձում է Մոսկվային ներքաշել ներհայաստանյան այս դիմակայության մեջ՝ փորձելով Մոսկվայի օգնությամբ լուծել սեփական իշխանության պահպանման հարցերը»,- «Մեդիալաբին»  ասում է Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, փոխվարչապետի պաշտոնակատար Արեմն Գևորգյանն օրերս մեկնեց Մոսկվա՝ հանդիպում ունենալով ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ քննարկելով ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»:

Սա առաջին դեպքը չէ, երբ հայաստանյան քաղաքական գործիչները փորձում են Մոսկվային ներքաշել ներքաղաքական գործընթացներին: 2013 թվականին էլ նախագահական ընտրություններից հետո Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր գնացել Մոսկվա, իր խոսքով, «հաղթանակը բերելու»:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ինքնին փաստը, որ Պուտինը զանգահարեց Կարեն Կարապետյանին, վկայում է այն մասին, որ Կարեն Կարապետյանը վայելում է Մոսկվայի աջակցությունը:

«Այն տեքստը, որն ուղեկցեց այդ զանգը, ընդ որում, դա երկուստեք համաձայնեցված տեքստ է, ուրվագծում է Մոսկվայի ցանկությունը, որպեսզի Հայաստանում այս գործընթացները Սերժ Սարգսյանի հրաժարականով ավարտվեն: Այսինքն՝ մեսիջը մոտավորապես հետևյալն է՝ դուք չէիք ուզում ձեր նախկին առաջին քարտուղարին, ես ձեզ չխանգարեցի, որ նրան հեռացնեք, բայց դուք էլ արդեն մեզ չպետք է խանգարեք, որ մեր վստահությունը վայելող մարդը զբաղեցնի նրա տեղը»,- նշում է վերլուծաբանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայի մոտ կա անհանգստություն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասով: Մյուս կողմից էլ, Մոսկվայում ակնհայտ է մտավախությունը այն հնարավոր հետևանքների համար, եթե հանկարծ Մոսկվան փորձի խառնվել: «Այդ դեպքում իրավիճակը կարող է ընդհանրապես վերահսկողությունից դուրս գալ»,- նշեց նա:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանում ծավալվող շարժումը միանգամայն կապված է ներհայաստանյան իրավիճակի հետ, ոչ Մոսկվան, ոչ ոք չի կարող հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց, եթե այդ մարդիկ չեն կիսում փողոց դուրս գալու պատճառը: Հետևաբար, խոսել, որ ինչ-որ մեկի ձեռքի գործն է մարդկանց փողոց հանելը, դա պրիմիտիվիզմ է:

«Այլ բան է, որ ձևավորված իրավիճակից կարող են օգտվել նաև արտաքին ուժերը և փորձել սեփական հաշվարկները կառուցել: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայաստանը չափազանց կարևոր երկիր է: Եվ բնական է այն, երբ տեսնում ենք, որ որոշ երկրներ դիրքորոշում են հայտնում, և այդ դիրքորոշման մեջ կա նաև իրենց շահը»,-  ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանը կարծում է, որ Մոսկվայի միջամտությունը հայաստանյան գործընթացներին կարող է կտրուկ փոխել իրավիճակը Հայաստանում: Ըստ նրա՝ Մոսկվան ունի բազմաթիվ լծակներ, որոնցով կարող է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդել: Եվ դրա մասին ՀՀ ներկայիս իշխանություններն էլ գիտեն, այդ պատճառով մարդիկ են  ուղարկում Մոսկվա՝ ինչ-ինչ հարցեր լուծելու համար:
Հարցին, թե ի վերջո ի՞նչ ընթացք կստանան այս գործընթացները, վերլուծաբանը պատասխանեց, որ Հայաստանի ժողովրդի կամքի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել:

«Ի վերջո այսքան մարդ, որ դուրս է եկել փողոց, դուրս է եկել հանուն դրա: Հատեևաբար, ես ուզում եմ հույս հայտնել, որ Մոսկվայում ևս այս գործոնը հաշվի կառնեն և դեմ չեն գնա դեպքերի բնականոն ընթացքին: Ի վերջո, սա Հայաստանի ժողովրդի կամքն է, որը պետք է որոշիչ լինի, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը: Եվ այստեղ որևէ դավադրաբանական մտքեր մտմտալն ուղղակի անտեղի է»,- հավելեց Մեհրաբյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am