Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին
Ովքեր և որտեղից են շնորհավորել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հետևում և արձագանքում է միջազգային հանրությունը:

Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորած երկրների ղեկավարները նորից շնորհավորել են արդեն Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձների աշխարհագրությունը, ինչպես նաև բովանդակությունը բավական տարբեր են:

Սերժ Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց փաստացի վեց օր` ապրիլի 17-ից մինչև 23-ը: Այս ընթացքում արտասահմանից Սերժ Սարգսյանին շնորհավորեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Արևմուտքից Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ էր ստացել Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերից:

Այսօր` մայիսի 14-ին, լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեցերորդ օրը, և այս ընթացքում նրան ուղղված շնորհավորանքների աշխարհագրությունը բավական այլ է:

Փաշինյանին, մասնավորապես, հենց ԱԺ կողմից վարչապետ ընտրվելու օրը` մայիսի 8-ին, շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այնուհետ Փաշինյանին շնորհավորել են Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Կանադայի արտգործնախարար Քրիստինա Ֆրիլանդը, Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:

Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ-ի անունից Փաշինյանին շնորհավորել են Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Փաստացի, եթե վերլուծենք ստացված պատկերները, ապա Սերժ Սարգսյանին առաջին հերթին շնորհավորել են եվրասիական տարածաշրջանի նրա գործընկերները, որոնց հետ Սարգսյանը բազմաթիվ տարիների աշխատանքային հարաբերություններ ուներ: Հատկանշական է, որ Սարգսյանի եվրասիական գործընկերները մայիսի 8-ից հետո, բացառությամբ ՌԴ առաջին դեմքերի, չեն շնորհավորել Փաշինյանին: Հավանաբար, դա նրանք արել են բանավոր այսօր Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»