Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նոր մոտեցումների հարցը պետք է հստակեցնե. Վերլուծաբաններ

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նոր մոտեցումների հարցը պետք է հստակեցնե. Վերլուծաբաններ
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նոր մոտեցումների հարցը պետք է հստակեցնե. Վերլուծաբաններ

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նոր մոտեցումների հարցը պետք է հստակեցնել, այսինքն՝ պետք է որոշել՝ բանակցային գործընթացը կմնա նույն տրամաբանությա՞ն մեջ, թե՞ այլ մոտեցումներ կլինեն:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով՝ դեռ որևէ հստակություն չկա, Հայաստանի արտաքին գործերի նախարարն այս օրերին Արցախում է, պետք է հստակեցնեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ Արցախում հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ Հայաստանի անունից պետք է բանակցի Հայաստանը, իսկ Արցախի անունից՝ Արցախի ղեկավարությունը:

Այս հայտարարությանը հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովաի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ նոր զարգացումներ հնարավո՞ր են հիմնախնդրի լուծման հարցում:

«Ադրբեջանին պետք է, որ ամեն ինչ մնա նույնը, հանդիպումները լինեն երկկողմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Դրա համար էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր հայտարարությունում որևէ կերպ չի անդրադարձել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, կարծես ոչինչ չի եղել: Եվ Մամեդյարովն ասում է, որ պետք է շուտափույթ գոնե մեկ անգամ հանդիպեն և ասեն՝ ամեն ինչ նույնն է, և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:

Հայաստանի դիրքորոշումը, Մանվել Սարգսյանի խոսքով, այդ ընդհանուր հայտարարությունն է: Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ է հասկանում Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի Հանրապետության անունից: Դա շատ էական հանգամանք է, բայց ընդամենը հայտարարություն է:

«Իմ մոտեցումն այն է, որ կոնֆլիկտի յուրաքանչյուր կողմ պետք է բանակցի այն հարցերի շուրջ, որոնք իրեն են վերաբերում: Մադրիդյան սկզբունքները Հայաստանին չեն վերաբերում: Դրանք վերաբերում են Արցախին ու Ադրբեջանին: Հետևաբար, Արցախն ու Ադրբեջանն էլ կարող են բանակցել այդ հարցով»,- հավելում է քաղաքագետը:

Իսկ քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ըստ նրա, կարող է անվտանգության խնդրով Ադրբեջանի հետ բանակցել: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ բանակցությունները միասնական լինեն, եռակողմ, կարող են առանձին-առանձին բանակցել: Սա է տրամաբանությունը, որի հաշվին կստեղծվի նորմալ բանակցային իրավիճակ: Իսկ այն, որ Ադրբեջանը չի համաձայնի այս տարբերակին, քաղաքագետի խոսքով, հայկական կողմին չպետք է բացարձակ հետաքրքրի: Մենք պետք է առաջ տանենք այս դիրքորոշումը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, ասում է, որ ամեն փոփոխությունից հետո Ադրբեջանը նմանատիպ հայտարարություն է անում, թե ստատուս քվոն անընդունելի է, այս ամենը պետք է արագ լուծել:

«Բայց երբ հաջորդ հարցն ես տալիս՝ իսկ ինչպե՞ս պետք է լուծվի, նրանք իսկույն ասում են նույնը՝ պետք է տարածքները վերադարձվեն, հետո հայերին մի կարգավիճակ կտանք: Դա լուծման ձև չէ, որևէ մեկը վստահաբար չի համաձայնի դրան: Բանակցային այն հիմքը, որը կա՝ Մադրիդյան սկզբունքները, ըստ որոնց պետք է յոթ շրջան տանք, հետո կարգավիճակ որոշվի, անգամ դրան ժողովուրդը չի համաձայնվի, ուր մնաց Բաքվի մյուս ծրագրերին»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նա հիշեցնում է, որ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը առաջ էին մղում այդ ծրագիրը:

«Ես գրեթե վստահ եմ, որ եթե գար դրա իրականացման պահը, անհնար էր լինելու, բացի պայմանավորված ձևական պատերազմով տարածքներ տալու սցենարից: Դրա համար էլ լուրջ կասկածներ կան, որ ապրիլյան քառօրյան, ըստ էության, պայմանավորված պատերազմ էր՝ իրավիճակը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում լուծման դաշտ բերելու համար»,- ասում է Պապյանը:

Լուսանկարը՝ Civilnet.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am