«Ամեն օր պետք է անդրադառնանք Թումանյանին, որովհետև հաստատ, հաստատ Թումանյանի դասերը չենք սովորել». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը 

Պարո՛ն Բաբայան, այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 153ամյակն է: Թումանյանական խոհերը, մտահոգությունները, ուղերձներն այսօր արդիակա՞ն են:

– Թումանյանն իհարկե արտառոց երևույթ է մեր պատմության մեջ. մեծ բանաստեղծ, մտավորական, քաղաքացի, հազվադեպ է լինում, երբ այդ ամենը կենտրոնացած է լինում մեկ մարդու մեջ: Շատ արդիական է ու արդիական կլինի այնքան ժամանակ, քանի մենք կշարունակենք անիծել մեր կյանքն ու չփորձենք փոխել մեր բանականությունը, որովհետև կյանքը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ փոխվում է մտածողությունը:

Թումանյանն իր հանճարեղ հեքիաթներով մեր բոլոր բացերը, ցավերը, բարդույթները հրաշալի ներկայացրել է: Չմոռանանք նաև, որ Թումանյանը հրաշալի հրապարակախոս էր, ու եթե այսօր կարդանք այն հոդվածները, որ նա գրել է 120-130 տարի առաջ, կտեսնենք, որ կարծես այսօրվա համար գրված լինեն: Թումանյանը չէր դիմում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը, նրա հասցեատերը ժողովուրդն է, ու նա հոյակապ հասկանում էր, որ ժողովրդի հետ պետք է խոսել շատ անկեղծ, չանիծել բախտը:

Հրաշալի հեքիաթ «Անխելք մարդը»՝ մեր բախտը մեր խելքից է, մենք անցնում ենք երջանկության կողքով ու վազում ենք ինչ-որ անհասկանալի բախտի հետևից ու արդյունքում դառնում գայլի բաժին: «Չարի վերջը»՝ մի հրաշալի հեքիաթ մեր վախերի մասին, ինչպես ենք մենք զոհաբերում մեր երեխաներին այդ վախերի պատճառով, ու նրա հանճարեղ «Շունն ու կատուն», որը փաստորեն հայ գրականության մեջ, այսպես ասած, «քցելու» առաջին նկարագրությունն է:

Ես շատ կուզենայի, որ այդ ամպագոռգոռ բառերից, արտահայտություններից՝ Ամենայն հայոց բանաստեղծ և այլն, փորձեն մի հատ հասկանալ՝ ի՞նչ է գրել Թումանյանը, փորձեն վերլուծել իր «Մարոն», «Անուշը», ինչքան են ժամանակակից, ինչքան են ճիշտ: Այն, ինչ որ հազիվհազ, մեծ դիմադրությամբ փորձում է մտնել մեր հասարակության մեջ, Թումանյանը գրել է 120 տարի առաջ: Կուզենայի, որ ոչ թե մեկ օր պարզապես նշենք, այլ ամեն օր անդրադառնանք Թումանյանին, որովհետև հաստատ, հաստատ Թումանյանի դասերը չենք սովորել:

Այդ վերլուծությունը, ամենօրյա անդրադարձն ինչո՞ւ չեն կատարվում, ո՞րն է պատճառը:

– Մենք շատ սիրում ենք ձևը և քիչ ենք մտածում բովանդակության մասին: Սա մեր առօրյայում ամեն օր է երևում, մենք մոմ ենք վառում եկեղեցում, եկեղեցի ենք կառուցում, բայց իրականում քրիստոնյա չենք դառնում, ավելի չար ու բամբասող ենք դառնում: Դերերը, ծիսակատարությունները մեզ ավելի շատ են հետաքրքրում, քան բովանդակությունը:

Ցավոք սրտի, մենք չենք փորձում շատ օբյեկտիվ վերլուծել, թե ինչ է կատարվում մեզ հետ ընդհանրապես, ոչ միայն երկու, երեք, տասը, երեսուն տարվա ընթացքում, այլ ողջ պատմության ընթացքում: Մենք շատ հեշտ՝ որպես հասարակություն, գործիք ենք դառնում տարբեր քաղաքական ուժերի ձեռքին, որոնք փորձում են մեզ օգտագործել իրար հետ հարցեր լուծելու համար:

Մենք կարիք ունենք մի պահ լռության, որովհետև լռության մեջ է ծնվում ճշմարտությունը, իրար լսելու կարիք ունենք, իրար հարգելու, լսելու նրանց, որոնց հետ համաձայն չենք, կարիք ունենք հասկանալու, որ արժանապատվությունն անհատական ու անձնական հատկություն է, ու չի կարող լինել արժանապատիվ ազգ առանց արժանապատիվ քաղաքացիների:

Պարո՛ն Բաբայան, ըստ էության, ասացիք այն, ինչ Թումանյանն է ասել, որ «Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական՝ զուտ ազգային օրենք…»: Ե՞րբ ենք ստեղծելու այդ անհատական՝զուտ ազգային օրենքը:

– Երբ կփորձենք տարանջատել ազգայինն ազգայնամոլությունից: Ազգայնամոլությունը կործանում է, սերը դեպի սեփական ազգ ծածկվում է ատելությամբ ուրիշ ազգի հանդեպ, և այդ ատելությունը, որը գալիս է փոխարինելու սիրուն, կործանում է այսպես կոչված ազգը, որովհետև չի լինում այնպես, որ մի սրտում տեղավորվեն և՛ ատելություն, և՛սեր:

Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծության մեջ կան հրաշալի տողեր՝ «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք…», սա, իսկապես, ամենաճիշտ պատգամն է, բայց որպեսզի մեզ պես չապրեն, նրանք չպետք է մեր պես մտածեն, որովհետև մարդն ապրում է այնպես, ինչպես մտածում է: Հնարավոր չէ ամեն անգամ միմյանց մաղթել նոր կյանք, բայց մտածել նախկին ձևով ու դժգոհել, որ կյանքը չփոխվեց, որ սա հայի ճակատագիր է, որ սա մեզ հետապնդում է արդեն քանի հարյուրամյակ: Իսկ ի՞նչ ենք մենք արել, որպեսզի փոխենք այդ կյանքը. հիմնականում ոչ մի բան, ավելին՝ բոլոր նրանց, ովքեր փորձում էին քիչ թե շատ ցույց տալ ինչ-որ ճանապարհ, նույն Թումանյանը, մենք դատապարտել ենք նրանց: Իրականում եթե հասկանայինք՝ ինչ ժառանգություն է թողել Թումանյանը, մենք կփոխվեինք:

Գոնե մի քիչ է՞լ չենք փոխվել:

– Եթե փոխվում ենք՝ դանդաղ, շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը շատ ավելի արագ տեղի ունենար, առավելևս, որ ունենք բազմաթիվ օրինակներ ուրիշ երկրների, որոնք մեզնից ոչ պակաս ավանդույթներ սիրող, հարգող են, բայց հասկացել են, որ պետք է ժամանակակից աշխարհում գտնեն իրենց արժանապատիվ տեղը, որ չի կարելի կառուցել սեփական երջանկությունը ստրուկի կարգավիճակով, որ պետք է սիրել ազատությունը: Գիտե՞ք, նա, ով սիրում է ազատությունը, հարգում է նաև ուրիշի ազատությունը:

«Նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները». մինչև օրս սա՞ է մեր մխիթարությունը շարունակում լինել, պարո՛ն Բաբայան, ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը:

– Չմոռանանք, որ Թումանյանը հանճարեղ բանաստեղծ է, իսկ դա նշանակում է, որ շատ էմոցիոնալ մարդ էր ու հաճախակի կարող էր որոշակի էմոցիաների ազդեցության տակ շատ էմոցիոնալ տողեր գրել: Կարծում եմ, որ կա, միգուցե ոչ այդքան ընդունելի գիծ՝ հաճույք ստանալ սեփական տանջանքներից ու դա հաճախակի ներկայացնել՝ որպես ի վերուստ տրված, որից ազատվել հնարավոր չէ, բայց այդպես չէ:

Մարդն իրականում շատ ուժեղ է, նրանից ուժեղ ոչ ոք չկա, եթե մարդը կայացնի որոշում ու դրա մեջ լինի ամուր, ապա կհաղթահարի շատ ու շատ բաներ: Պետք է ամեն մեկս մեր վրայից հանենք այդ դժբախտության խարանը, մենք իրավունք չունենք մեր երեխաներին ժառանգել նման բան, հակառակ դեպքում մենք նրանց պարզապես ասում ենք՝ թողե՛ք, գնացե՛ք այս երկրից, որովհետև այն ապագա չունի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am