Պարտությունից ծնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը փորձում են պարտադրել ամբողջ հասարակությանը․ Տարոն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը 

 – Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, Կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Պարո՛ն Սիմոնյան, ո՞րն է ձեր ընկալմամբ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ի՞նչ է փորձում անել գործող իշխանությունն այդպիսով:

– Երբ խոսվում է գաղափարախոսության մասին, պետք է հասկանանք՝ դա պետակա՞ն, քաղաքակա՞ն, փիլիսոփայակա՞ն, թե՞ ազգային գաղափարախոսություն է: Որքանով ես եմ հասկանում, այդ քարոզվող գաղափարախոսությունը կուսակցական է, որը սնուցվել է մեկ անձի կողմից ու պարտադրվում է ամբողջ հասարակությանը այդ անձի կողմից: Սա շատ նման է տոտալիտար հասարակություններին, երբ հասարակության ներսում մեկ քաղաքական ուժ բռնությամբ կամ ոչ բռնությամբ գալիս է իշխանության ու իր գաղափարը, իր միտքը, իր պատկերացմամբ՝ ճշմարտության բացարձակ դրսևորումը պարտադրում է ամբողջ հասարակությանը: 

Մենք անցել ենք նման փուլ, դա եղել է կոմունիստական ժամանակաշրջանը, երբ բոլշևիկները, ես անձամբ շատ եմ նմանեցնում այս իշխանությանը նրանց հետ, եկան և իրենց բոլշևիկյան գաղափարները պարտադրեցին հասարակությանը, մի մասը ստացվեց, մյուսը՝ չէ, բայց ամեն դեպքում դա արժեցավ բավական մեծ թվով կյանքեր: Բոլշևիկյան գաղափարախոսությունը, ամեն դեպքում, Երկրորդ աշխարհամարտից հետո մի քիչ փոխվեց: 

Մեր քաղաքական իշխանությունը իր անձնական գաղափարախոսությունն է դրել, որը գիտական հիմնավորվածություն չունի, այն կուսակցական միտք է, որը ձևավորվել է, իմ համոզմամբ, պարտության հետևանքով, այսինքն՝ պարտությունից բխող միտք է, դա շատ նման է Ֆրիդրիխ Նիցշեի առաջ քաշած ռեսենտիմենտ գաղափարին, որը բացատրում է, թե ինչպես է թույլ ու պարտված մարդը իր պարտությունը հիմնավորելու համար ստեղծում սեփական բարոյականությունն ու կառչում դրանից: 

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք՝ ստացվում է, որ մենք արցախյան պարտությունից հետո նոր բարոյականություն ենք ստեղծում ու դրա անունը դնում ենք «Իրական Հայաստան», ապա նշանակում է, որ դա չի կարող սերնդի դաստիարակության միտք ու գաղափար լինել, որովհետև դրանով մենք կրկնապատկում ենք վախերը, ստրկամտությունը, հնազանդությունն ու արժանապատվության բոլոր հնարավոր ոտնահարումները: 

Եթե մենք դա պարտադրում ենք նույնիսկ դպրոցներին, ապա ստացվում է, որ ցանկանում ենք ստեղծել մի սերունդ, որը փաստորեն զուրկ է լինելու արժանապատվությունից, վախենալու է թշնամիներից, չի ցանկանալու սեփական արժանապատվության համար նետվել մարտի ու թշնամիներին ցույց տալ, որ ինքը մարդ է ու ունի արժանապատվություն, և պարտադրի իր արժանապատվությունը: 

Եթե սա է այսօրվա կուսակցական ղեկավարների միտքը, գաղափարը, որով նրանք ուզում են դաստիարակել մի ամբողջ հասարակություն ու սերունդ, ապա սա շատ մեծ վտանգներ է պարունակում: 

Ցանկացած քաղաքական ուժ, որն ընտրվում է, ժամանակավոր է, մեկ կուսակցությունը չի կարող իր ընտրության ժամանակահատվածում պարտադրել մի ամբողջ ազգի գաղափար կամ գաղափարախոսություն, առավելևս, երբ այդ գաղափարախոսությունը գիտական հիմքից զրկված է, մի մարդու մտքի արգասիք է ու չունի վերլուծական հիմնավորվածություն, իրավագիտական, սոցիոլոգիական հիմնավորվածությունից զուրկ է: Ստացվում է, որ իշխանությունը կուսակցական գործչի գաղափարը տոտալիտար համակարգի միջոցով պարտադրում է հասարակությանը, ինչը չի կարող ոչ մի պարագայում դրական հետևանք ունենալ:

– Այս գաղափարախոսության պարտադրումը, ձեր գնահատմամբ, ի՞նչ հետևանքների կարող է բերել հասարակության համար։

– Եթե այս քաղաքական իշխանությանը հաջողվի այդ ստրկամտությունը կամ արժանապատվությունը ոտնահարող այդ գաղափարները՝ հայրենիքից զրկվելը, արդարացնել մարդու ներսում, ու մարդն ասի, որ, այո՛, թշնամին ճիշտ է, որ իմ եղբայրներին, հայրերին սպանեց, իմ պապերի թափած արյունն անիմաստ է եղել, ու ես պետք է ընդունեմ, որ իմ արժանապատվությունը նսեմացված ու ոտնահարված է, ու այդ կերպ ես պետք է ապրեմ՝ թշնամու հայացքի ներքևում, ապա սա դեգրադացված հասարակության զարգացման հաստատուն քայլերից մեկը կլինի: Սրա հետևանքով վաղ թե ուշ կհաշտվի ենթակա լինելու գաղափարի հետ: 

Սա ծայրահեղ դրսևորում է, ու սպառողական մարդու կերպարն է, որը վաղ թե ուշ հրաժարվում է սեփական պետականությունից՝ հանուն իր անձնական, բնազդային կարիքների բավարարման: Ուտել, խմել և ուրախանալ՝ այս գաղափարախոսության վատ դրսևորումը կլինի սա, եթե այսօրվա իշխանությանը հաջողվի հասնել իր նպատակին, եթե չհաջողվի, ապա դա առաջացնելու է հասարակական պոռթկում ու ընդվզում։ Ես հույս ունեմ, որ այդ ընդվզումը կլինի ու թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մեկ կուսակցություն իր պարտությունից ծնված գաղափարախոսությունը պարտադրի ամբողջ հասարակությանը: 

– Պարո՛ն Սիմոնյան, համաձայն ե՞ք արդյոք հնչող այն կարծիքներին, որ գործող իշխանությանը որոշ չափով արդեն հաջողվել է հայ հասարակության զգալի մասին վերածել ձեր նկարագրած սպառողական հասարակության։

– Հասարակությանը չպետք է վերաբերվել իբրև մեկ որակ ունեցող մարդկային ամբողջություն, հասարակության մեջ որակները տարբեր են, այս իշխանությունը պարզապես սնուցում է հասարակության բացասական որակները՝ նրանց վախերը, ագրեսիան, ոչ բարոյական դրսևորումները: Արտաքուստ թվում է, թե այդ մարդիկ շատ են, բայց մենք մեր ազգին չենք ճանաչում, եթե լավ ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ դրական որակների կրողներն ավելի շատ են: 

Մեզանում այսօր ներքին պայքար է՝ առաքինի մարդու կերպարի ու երջանկամոլությամբ տառապող մարդու միջև: Ամեն մարդու մեջ կա այս պայքարը, բայց մենք պետք է մեր մեջ սնուցենք այդ առաքինի մարդու կերպարը: 

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը վախերը սնուցող է, երբեք չի կարող այդ գաղափարախոսությունը առաքինի մարդ, առավելևս՝ հասարակություն ստեղծել: Ողջամտություն, խելք ու առաքինություն պետք է քարոզել այս հասարակությանը, որ արթնացնենք մեր հասարակության դրական որակները: Այսօրվա իշխանությունը հանուն իր վերարտադրության ու նեղ քաղաքական նպատակների սնուցում ու քարոզում է մեր հասարակության մեջ առկա վախի ու տագնապի, ատելության զգացողությունը: Ատելություն ներսում, որ ներսում ատեն միմյանց ու վախենան արտաքին թշնամուց, դու առնվազն ինքդ պետք է ատես սեփական հասարակությանը, որ այդ թույնը ներարկես քո հասարակության յուրաքանչյուր անդամի ուղեղը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am