Արտ-թերապիայի մասնագետ Դարյա Յումել Ֆասիհին 2019 թվականին Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան աշխատելու: Պատերազմի ընթացքում մեկ ամսով կրկին մեկնեց, բայց չդիմացավ ու հետ եկավ՝ աշխատելու վիրավոր զինվորների հետ «Առաջնագծի հոգեբաններ» հասարակական կազմակերպությունում:
Երևանի Չարենցի փողոցի վերնակուլյար բակերից մեկում եմ: Բարձրադիր այս հատվածում տներն այնքան մոտ են, ասես գրկախառնված լինեն: Տան դարպասի մոտ, որից այն կողմ թվում է, թե անվերջություն է, ինձ դիմավորում է գանգրահեր, կարճ սանրվածքով մի աղջիկ՝ մեծ ականջօղերով, կարմիր շրթներկով, գրկաբաց ու հյուրընկալ:


Բելգիայում ծնված Ֆասիհին ընդարձակ բակով ինձ ուղեկցում է իր տուն, որը ես դժվար թե ինքս գտնեի, քանի որ մեկ բակում 4-5 տներ կան: Դեռ չհասած՝ բերանս բաց կանգնում եմ:
– Միայն չասես, որ բոլոր նկարածդ աշխատանքները բակ ես տեղափոխել:
– Այդպես է որ կա, – ասում է ու իմ առջև բացում խայտաճամուկ ու չքնաղ մի տեսարան,- արտկաֆե ասես լինի, չէ՞:
Ես միայն հասցնում եմ գլխով անել ու սուրճ խմելու համաձայնություն տալ: Դարյան սկսում է հաշվել՝ մեկ, երկու, երեք…
– Արևելյան սուրճ պատրաստել այստեղ սովորել եմ: Մեկ բաժակին մեկ սուրճի գդալ սուրճ,- սկզբում գազօջախին դնում է ջուրը, ապա եռալուն պես՝ լցնում սուրճը:
– Ի՞նչ ես կորցրել Հայաստանում,- չարախնդում եմ ես:
– Ի՞նչ եմ գտել Հայաստանում,- մեղմորեն ուղղում է Դարյան, որի հայրը պարսիկ է ու շատ լավ գիտեր Հայաստանի պատմությունն ու մշակույթը այն ժամանակ, երբ դուստրը առաջարկ ստացավ աշխատել մի երկրում, որի մասին չէր էլ լսել:

Դարյայի տանտերերն ապրում են առանձնատան վերևի հարկում: Տանտիրուհի տատիկը հաճախ է նրան հայկական ուտեստներ հյուրասիրում, պարտադիր հետաքրքրվում որպիսությամբ ու խորհուրդներ տալիս: Դարյան Հայաստանում սովորել է երազել, մի բան, որ չէր համարձակվի Ֆրանսիայում: Եթե այնտեղ չէր կարող մտածել արտկաֆե-թանգարան ունենալու մասին, ապա այստեղ իրեն ոգևորողները շատ են:
– Գիտե՞ս՝ ես դժվարանում էի ինձ նկարչուհի անվանել. մի քիչ ամաչում էի ինձ հավասարեցնել մարդկանց հետ, որոնք այնպիսի գլուխգործոցներ են նվիրել աշխարհին, բայց Հայաստանում այդ բարդույթն էլ հաղթահարեցի: Ընդունել եմ, որ նկարչուհի եմ: Մինաս եմ շատ սիրում, Սահյան… Վաու՜, գույները, խաղը, վարպետությունը:

Դարյան ասում է, որ հայրը ծնվել է Իրանում հեղափոխությունից առաջ, հետևաբար բավական առաջադեմ ընտանիքում է մեծացել, որի մոդելը շատ նման է հայկական ընտանիքին՝ ավանդույթներ, ջերմ հարաբերություններ, ուտելիքի ծանրությունից լցված սեղաններ ու տանտերերի կողմից համառություն՝ անպայման համտեսել ամեն ինչ: Մայրն իսկական էսթետ է՝ նրբության ու համարձակության մարմնացում:
Մինչև Հայաստան գալը Դարյան, որ աշխատել է Ֆրանսիայում, հասկացավ, որ թե՛ Բելգիայում, թե՛ Ֆրանսիայում ներգաղթյալների նկատմամբ բավական հակասական վերաբերմունք կա: Գաղթականները ոչ այնքան լավ համբավ ունեն Եվրոպայում, և ցանկացած մարդ, որ այլ երկրից տարբեր պատճառներով գաղթում է, մտնում է այն կարծրատիպային հավաքական կերպարի մեջ, որ ստեղծվել է տարիների ընթացքում: Նրա նպատակն էր ինքնուրույն հասկանալ, թե ինչպիսին են այդ մարդիկ, ինչ կարիք ունեն:


– Այս համագործակցությունն ինձ համար ավելի կարևոր էր, քան իմ կատարած աշխատանքը նրանց համար: Ես այդպես եմ կարծում, որովհետև կարիք ունեի հասկանալու գաղթականներին ու նրանց ապրումակցել: Այնքան բան սովորեցի նրանցից, որ ես պիտի իրենց շնորհակալ լինեմ, ոչ թե իրենք՝ ինձ:
Մի օր Դարյայի ընկերներից մեկն ասաց, որ աշխատանքային պրակտիկայի հնարավորություն կա Հայաստանում, ու հայտարարությունն առցանց հարթակում տեղադրելուց առաջ ուզում են, որ աչքի անցկացնի, որովհետև իսկ և իսկ իր համար է: Կրկին գաղթականների հետ աշխատանք, այս անգամ՝ Հայաստանում: Համաձայնեց:

Առաջին օրը սարսափելի էր՝ Երկրորդ Մասիվ, ձմեռվա սառնամանիք, խորհրդային ճարտարապետություն, որը ոչ մի լավ բան չէր խոստանում:
– Ամենավախենալուն մարշրուտկաներն էին: Նայիր, մարշրուտկայում հայտնվելու համար պիտի ունենաս ճկունություն, որովհետև երբ այն գալիս է, բոլորից արագ պետք է կարողանաս նետվել: Մի կերպ սովորեցի, գիտե՞ս՝ ինչ սպորտային էի նետվում: Հետո եկավ հաջորդ մարտրահրավերը: Անընդհատ մտածում էի՝ ա՛յ հիմա վերջապես կհնչի ձայնը՝ ուշադրությո՛ւն, սա այսինչ կանգառն է, կարող եք իջնել: Բայց ընկերներս որոշեցին ինձ վերջնականապես ծաղրել ու հուսալքել՝ սովորեցնելով «Կանգառում կկանգնեք» լեգենդար արտահայտությունը: Չեմ ուզում քեզ պատմել, թե մարդիկ ինչպես էին ինձ նայում, ասես այլմոլորակային լինեի:
Հիմա միայն հասկացա, թե ինչու է Դարյան կենտրոնում ապրում, որովհետև ֆրանսիական սուր շեշտադրմամբ «կանգաղում կկանգնեք» արտահայտությունը հաստատ մի լավ զվարճացրել է մեր քաղաքացիներին: Դարյան հիշում է, որ երբ առաջին աշխատանքային օրը գնաց «Կազա» հիմնադրամ, իր ֆրանսիական ոճի մեջ էր՝ վերցրել էր միայն իր համար նախատեսված ճաշը ու գնացել:

– Հիմա որ հիշում եմ, և՛ ծիծաղում եմ, և՛ ամաչում: Ուրեմն, լանչ բոքսս վերցրած գնացի, դրեցի դիմացս ու հանկարծ տեսնում եմ, թե ինչպես են բոլորը հանում իրենց բերած ուտելիքները, դնում սեղանին և ասում՝ օգտվիր: Սա իմ զգացած ջերմության, սիրո ու տաքության լավագույն դրսևորումն է: Կիսելը հայերին շատ է բնորոշ, ու դա այնքան գեղեցիկ է: Դրանից հետո աշխարհի որ երկրում էլ լինեմ, երբեք միայն ինձ համար ուտելիք չեմ տանում ու միշտ հյուրասիրում եմ:
Հայաստանում լիքը լավ բաներ կան, բայց վատն էլ կա՝ ի վերջո, աշխարհում կատարյալ տեղեր չկան: Եթե սկզբում, երբ նոր էր եկել Հայաստան, հայ տղաներն այնքան էլ չէին անհանգստացնում, ապա վերջին մեկ տարում շատ են ակնարկները, առաջարկությունները, որոնք արվում են ոչ գեղեցիկ ձևով: Մի անգամ տաքսու վարորդը, իմանալով անգամ, որ Դարյան նշանված է հայ տղայի հետ, նրան առաջարկել էր հոսթել տանել:
– Փորձում եմ հասկանալ՝ ինչո՛ւ է այդպես: Մտածում եմ, որ պատերազմից հետո մի քիչ ագրեսիվություն կա ներքին, որ շատերը չգիտեն՝ ինչպես պարպել: Տեղացիները գիտեն, որ հայ աղջիկներին հեշտ չէ ուղղակի հաճոյախոսել ու առաջարկել հոսթել գնալ, ու կարծրացած վերաբերմունք ունեն օտարազգիների նկատմամբ: Եթե դու արտասահմանցի ես, ուրեմն հասանելի ես: Այդպես չէ, ու դա երբեմն շատ նեղացնում է:

Դարյան իսկապես նշանված է հայ տղայի հետ, որին հանդիպել է Երևան-Գյումրի գնացքում: Երեք ժամ իրար նայելուց հետո որոշել է ինքը քայլ անել: Նարեկն էլ է նկարիչ ու Դարյայի համար հաճախ է դատարկ պաստառներ բերում՝ գույներով լցնելու ու մտքերը սպիտակին հանձնելու համար:
Դարյան ասում է, որ իր նկարները հաճախ մարդիկ ճնշող ու դեպրեսիվ են համարում, իսկ ես երկու ժամ նստած լինելով դրանց ընկերակցությամբ՝ միայն տաքություն էի զգում: Նրա աշխատանքները շարժման մասին են:
Հաճախ է պտտվում պաստառի շուրջը, նկարում, ավարտում, հաջորդ օրը նոր գույներ ավելացնում: Իր բակային արվեստանոցում հատուկենտ ավարտված նկարներ կան: Պատերազմին նվիրված գործեր էլ ունի, կա նաև մի կապույտ ու սպիտակ աշխատանք, որը ժամանակակից մանրանկարչության տպավորիչ օրինակ է, հայ զինվորներն են արել: Ես բավական երկար նայեցի այդ բացառիկ աշխատանքին, որը բաղկացած էր փոքր խաչերի, քահանաների պատկերներից: Դժվար էր աչք կտրել դրանից:



– Ինչ հետաքրքիր է, երբեք Հայաստանում տագնապի զգացում չեմ ունենում, այնքան ապահով եմ ինձ զգում: Պատերազմի ավարտից հետո սկսեցի աշխատել վիրավոր զինվորների հետ. ոմանք պատրաստակամ են նկարել, մյուսներն ասում են՝ խաղ ենք խաղում, ինչ է, ի՜նչ նկարել: Ես չեմ ասում՝ տղանե՛ր, արտթերապիա ենք անում, ես ասում եմ՝ ես ձեր ընկերն եմ, եկեք նկարենք մեր վախերը, մեր ապրումները, եկեք պատմենք՝ նկարելով:
Սուրճի վերջին կումը անելուն զուգահեռ՝ մեր խոսակցությունն էլ ավարտվում է: Դարյան հանկարծ մի պատմություն է հիշում.

– Հիվանդանոցում էինք: Վիրավոր տղաները նկարում էին: Մի զինվոր կար, պառկած էր, չէր շարժվում, շատ ծանր վիրավորում ուներ: Հանկարծ տեղից վեր կացավ, մոտեցավ դատարկ պաստառին, մի գիծ քաշեց ու գնաց նորից պառկելու: Նրա նկարն էլ շարժման մասին է, ու եթե անգամ այն մի գիծ է, մեկ է, առաջին ու ամենաբեկումնային քայլն է: Ինքը որոշեց հաղթահարել սեփական վախը: Ես չեմ մոռանում այդ տեսարանը…


Մեր զրույցը դեռ երկար կարող էր ձգվել, եթե ես չհիշեի, որ քաղաքավարությունն աշխարհի լավագույն բաներից մեկն է: Դարպասի մոտ կանգնած՝ նրան հրաժեշտ տալիս եմ միայն նկատում, որ ծաղկավոր վերնազգեստը հագին՝ Դարյան ձուլվել է ոչ միայն իր նկարներին, այլև այս գողտրիկ տեղանքին, որտեղ ամենակարևոր բանը բնավ էլ քաղաքավարություն չէ, այլ այն, որ մարդիկ կարողանում են կիսվել: Ու նոր եմ միայն հասկանում, որ նա իրեն չի կորցրել Հայաստանում. նա իրեն գտել է այստեղ:
Կուշանե Չոբանյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
MediaLab.am