«Վճռաբեկ դատարանի օրգանիզմում 20 տարի քաղցկեղ է եղել, նա  20 տարի միշտ թույն է արտադրել ու ուղարկել դատական համակարգ». Տիգրան Հայրապետյան

«Վճռաբեկ դատարանի օրգանիզմում 20 տարի քաղցկեղ է եղել, նա  20 տարի միշտ թույն է արտադրել ու ուղարկել դատական համակարգ». Տիգրան Հայրապետյան
«Վճռաբեկ դատարանի օրգանիզմում 20 տարի քաղցկեղ է եղել, նա  20 տարի միշտ թույն է արտադրել ու ուղարկել դատական համակարգ». Տիգրան Հայրապետյան

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականից հետո պետք է աշխատանքից ազատվեն այդ դատարանի բոլոր դատավորները: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ դա դատական համակարգն առողջացնելու առաջին քայլերից մեկը պետք է լինի:

«Քանի որ Վճռաբեկ դատարանի օրգանիզմում 20 տարի քաղցկեղ է եղել, նա  20 տարի միշտ թույն է արտադրել ու ուղարկել դատական համակարգ: Վճռաբեկ դատարանում ցանկացած դատավոր ինքն այդ թույնը տարածողն է, իրենք չեն կարող այլ տեղ աշխատել, որովհետև այդ միկրոբով արդեն թունավորված են: Հետևաբար, առաջին քայլը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներից ազատվելն է»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ համակարգի մյուս խնդիրն այն է, որ եթե անգամ Հայաստանի դատական համակարգը եվրոպական չափանիշներով աշխատի, դատախազներն ու քննչական համակարգը պատրաստ չեն դրան: Կալանքի բոլոր գործերով, նրա խոսքով, դատախազներն ու քննիչները չեն կարողանում պատշաճ ապացույցներ ներկայացնել, որպեսզի կալանքի միջնորդությունը բավարարվի: Այսինքն՝ այդ գործերով ցանկացած բողոք, եթե գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դրանում խախտում է արձանագրվելու:

Տիգրան Հայրապետյանն ասում է, որ Հայաստանում 25 տարի շարունակ գործել է մի համակարգ, որտեղ ոչ դատախազությունը, ոչ քննչական մարմինները աշխատանք չեն իրականացրել, որպեսզի անձին կալանավորեն Եվրոպական կոնվենցիայի ու միջազգային չափանիշներով: Այսինքն՝ պատվեր է գործել համակարգում, դատարաններն իմացել են, որ եթե դատախազությունը և քննչական մարմինները նման միջնորդություն են բերում, պետք է մարդուն կալանավորեն:

«Սա չգրված օրենք է եղել, որով գործել է համակարգը: Ենթադրենք՝ հիմա դատական համակարգն ուզում է փոխվել, բայց ո՛չ քննչական մարմիններն են պատրաստ, ո՛չ էլ դատախազությունը: Դրա համար այս անցումային ժամանակահատվածում դատական համակարգում իրավիճակը բարելավելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել քննչական մարմիններին ու դատախազությանը: Ամեն քննիչ կամ դատախազ չպետք է գնա ու կալանք պաշտպանի: Այսինքն՝ պետք է լինեն մասնագետներ, ովքեր հասկանում են, որ պետք է միջազգային չափանիշներին ու օրենքին համահունչ մարդուն կալանավորեն»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում օրենսդրությունը լավն է, օրինակ՝ գրավի մասով թերություններ չկան, կալանավորման փոխարեն ավելի շատ գրավ պետք է կիրառվի, բայց դատավորները սխալ են կիրառում օրենսդրությունը: «Այսինքն՝ մեր օրենսդրությունը թույլ է տալիս բոլոր օղակներում նորմալ գործել, իսկ դրա համար պետք են մասնագետներ: Թե՛ դատախազությունը, թե՛ քննչական մարմինները՝ ամեն ինչ պետք է սկսեն աշխատել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականին, Տիգրան Հայրապետյանն ասում է, որ Արման Մկրտումյանին պետք է ուղարկել քրեակատարողական հիմնարկ: Նրա խոսքով՝ Մկրտումյանը հենց այս համակարգի հեղինակներից մեկն է:

«Դեռևս 4 տարի առաջ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը կոնկրետ բացահայտումներ արեց դատական համակարգի մասին: Այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մատը մատին չտվեց, որպեսզի այդ բացահայտումներով քրեական գործեր հարուցվեն: Հիմա իսկական ժամանակն է, որ քրեական գործ հարուցվի հենց այդ հաղորդման հիման վրա, ստուգվեն փաստերը: Այդ դեպքում Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին՝ սկսած Արման Մկրտումյանից, պետք է պատասխանատվության ենթարկել»,- նշեց նա: Այլ խնդիր է, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայրապետյանի խոսքով, որոշի, որ սա հանդուրժողականության հեղափոխություն է և համաներում հայտարարի: Բայց իրենք պետք է կանգնեն դատարանի առաջ, պատիժ պետք է ստանան:

Նշենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշումից հետո, երբ Մասիսի քաղաքապետն ու իր տեղակալը ձերբակալվելուց հետո չկալանավորվեցին ու դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, հանրության շրջանում քննարկումներ սկսվեցին, թե դատական համակարգը դեռևս ՀՀԿ-ի ազդեցության տակ է: Տիգրան Հայրապետյանն ասում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, հնարավոր է, նոր պայմաններում որոշի օրենքով աշխատել: «Բայց մինչ այդ ինքը պետք է կանգնի և ասի՝ այո՛, իրականում ճնշումներ են եղել, պատվերով է անօրինական դատական ակտ կայացրել: Նրա խոստովանությունից հետո հանրությունը թող որոշի՝ ինքը բարոյական իրավունք ունի՞ շարունակելու դատավոր աշխատել, թե ով»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ բոլոր դատավորները պետք է ապաշխարեն ու քավարանով անցնեն: Ամբողջ համակարգը կոռուպցիայի մեջ թաթախված է եղել, այն դատավորները, ովքեր կհայտարարեն, որ իրենց նկատմամբ ճնշումներ են եղել, կարող են շարունակել աշխատել: Իսկ այն դատավորներին, ովքեր կպնդեն, թե ճնշումներ չեն եղել, օր առաջ պետք է հեռացնել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am