Խաղից հետո. ի՞նչ տվեց 2010 թվականը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացին

Անցնող տարին փաստորեն սկսվեց հայ-թուրքական դեռևս չհաստատված հարաբերությունների ձախողմամբ:
Փորձագետները որակում են տարին որպես ընդմիջման շրջան: Չհաշված մի քանի բարձրաստիճան այրերի հայտարարությունները` երկու երկրների հարաբերություններում, մեծ հաշվով, ոչ մի զգալի տեղաշարժ չեղավ:
Սակայն վերլուծաբանները, այնուամենայնիվ, տեղաշարժերի ակնկալիքներ ունեն:
«Ինձ թվում է` որոշ տեղաշարժեր կարող ենք սպասել 2011 թվականի երկրորդ կեսին»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա ասում է, որ չնայած հայ-թուրքական գործընթացի թայմ աութին, անցնող տարվա ընթացքում շարունակվել է հայ և թուրք հասարակությունների միմյանց նկատմամբ փոխադարձ հետաքրքրության աճը, և շփումներն «անկասկած պետք է շարունակվեն»:

«Շփվելով թուրքական դիվանագիտության հետ` մենք որոշակի փորձ ենք ձեռք բերում, ինչը մինչ այդ լայն առումով չունեինք»,- ասում է Մելքոնյանը:

Անցնող 2010 թվականը հայ-թուրքական մերձեցման գործընթացում հիշատակվեց թերևս դրա «ավարտով»:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրից առաջ` ապրիլի 22-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

«Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ հայկական կողմն անընդունելի է համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում է սպառված:

Հայկական կողմի այս հայտարարությունից հետո հայ-թուրքական մերձեցման գործընթացը պաշտոնապես սառեցվեց, Թուրքիան սակայն շարունակում է աշխարհին ամեն կերպ ցույց տալ, որ հայ-թուրքական գործընթացի սառեցման միակ մեղավորը Հայաստանն է:

«Մենք վճռական ենք տրամադրված Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման հարցում: Մենք շարունակում ենք Կովկասում դրական և համապարփակ խաղաղության հաստատմանն ուղղված մեր անկեղծ ջանքերը»,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նոյեմբերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ:

Մինչդեռ հայկական կողմը 2010-ին հիմնականում զբաղված էր թուրքական դիվանագիտության տարածած ապատեղեկատվության հերքումով:

«Չկա ո´չ «լուռ» դիվանագիտություն, ո´չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո´չ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք և որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ո´ւմ է ուղղված «լուռ դիվանագիտությունը»,- ասել է նոյեմբերին պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Էդվարդ Նալբանդյանը:

Սակայն վերլուծաբանները համոզված են, որ առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հետաքրքրությունն ու զարգացումները կավելանան:

Բանն այն է, որ որքան մոտենում է 2011 թվականին նախատեսված Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների օրը, թուրքական քաղաքական դաշտն ավելի հաճախ է սկսում օգտագործել «Հայաստան» և «հայ» բառերը: Բավական է միայն հիշել, որ աշնանը թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության հարյուրավոր անդամներ Անիի Մայր տաճարում նամազ արեցին:

Այս դեպքից հետո էլ թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլևիչին իր կուսակից ընկերների հետ եկավ Հայաստան և հայտարարեց, որ հատել են հայ-թուրքական սահմանը:

Այս ամենը, ըստ փորձագետների, պարզապես Թուրքիայում նախընտրական պայքարի մի մասն է: Հայերի մասին դրական կամ բացասական խոսելով` թուրք քաղաքական գործիչները ցանկանում են իրենց ընտրողների ձայներն ավելացնել:

Այդուհանդերձ, 2010 թվականին թե´ Թուրքիայի, թե´ Հայաստանի հասարակությունները շարունակեցին հետաքրքրվել միմյանցով: Մի բան, որ մինչ այժմ շատ դժվար էր թե´ պատկերացնել, թե´ իրականացնել: Թուրքիայի Իզմիր քաղաքի տնտեսագիտական համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքի խոսքով` հայ-թուրքական մերձեցման գործընթացը թուրք հասարակության մեջ որոշակի փոփոխություն է մտցրել հայերի նկատմամբ վերաբերմունքի առումով:

«Եթե նախկինում հայ ասելուն պես միանգամից բացասական բան էինք հասկանում, ապա այսօր Հայաստանում ապրող հայերն ընդունվում են դրական, իսկ սփյուռքի հայերը` բացասական: Այժմ այնպես է ներկայացվում, որ այդ դրական հատվածի հետ հարաբերությունների բարելավումը լեգիտիմ է և տրամաբանական, իսկ մյուս հատվածի հետ հարաբերությունների նորմալացումն արգելքի է հանդիպում»,- «Մեդիալաբին» ասում է Զաֆեր Յորուքը:

Մինչդեռ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` հայ-թուրքական առայժմ չստացված մերձեցման գործընթացից հայկական կողմն ավելի գործնական հետևություններ է արել: Ըստ նրա` հայերը հասկացան, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

«Պարզ դարձավ, որ թուրքական դիվանագիտությունը մեծապես կիրառում է ստի, կեղծիքի տեխնոլոգիաները: Ե´վ նախագահը կարող է սուտ ասել, թե կա «լուռ» դիվանագիտություն, և´ Դավութօղլուն կարող է տարատեսակ հայտարարություններ անել, և սա, կարծում եմ, լավ դաս է հայկական դիվանագիտությանը»,- «Մեդիալաբին» ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am