«Եթե Աստված չանի, Քոչարյանը ճողոպրի, ժողովուրդը Լինչի դատաստանի կենթարկի դատավորներին». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

– Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին կայացած հանրահավաքը, արդյոք արդարացա՞ն ձեր սպասելիքները։ Եվ ինչպե՞ս եք գնահատում այդ հանրահավաքի նկատմամբ նախկին իշխանությունների կոշտ արձագանքը։

– Դժվար հարց եք տալիս, որովհետև կառավարության գործնական արդյունքների մասին է խոսքը։ Մի բան պարզ է, որ վարչապետը վճռական է իր հռչակած հակակոռուպցիոն պայքարը մինչև վերջ տանելու հարցում։ Նկատելի էր, որ ժողովուրդը խանդավառությամբ ծափահարում էր վարչապետին, բայց ոչ կառավարության անդամներին։ Սա վարչապետին ու կառավարության անդամներին մտորելու տեղիք պետք է տա։ Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, նրանք մոբիլիզացիոն վիճակի մեջ են, ձեռները փրփուրներին են գցել, իսկ ամենամեծ փրփուրն էլ Ռոբերտ Քոչարյանն է, որն իբր թե քաղաքականություն է վերադառնում։

Օրինակ՝ ինձ համար հասկանալի չէ, թե քրեական անցյալով, քրեական մեղադրանքների տակ գտնվող, ժողովրդի վստահությունն ընդհանրապես չվայելող անձը ինչպե՞ս է հայտարարում քաղաքականություն վերադառնալու մասին, այն էլ՝ ճաղավանդակների հետևից։ Սա նրանց ծանր վիճակի արտահայտությունն է։ Փոխանակ ժողովրդից ներողություն խնդրեն, ասեն՝ ցավդ տանեմ, գողացածը հետ կբերենք, գոնե թող երկու օր ապրենք, սրանք հոխորտում են, թե իրենք են ճիշտ։ Լիդեր էլ չունեն, լիդերի որոնումների մեջ են։ Սկզբում լիդերը Սերժ Սարգսյանն էր, որը հիմա պապանձվել է, ու ասպարեզ են ուզում բերել Քոչարյանին, մոռանալով, որ Մարտի 1-ին բաներ են տեղի ունեցել, որոնք որևէ կերպ հնարավոր չէ արդարացնել։ Նրանց թվում է, թե գեներալ Մանվելից լավ տղա են։ Նրանցից յուրաքանչյուրին ԱԱԾ-ն եթե քրքրի, գրպաններից գողացած դոլարները կթափվեն, ինչո՞վ են հոխորտում՝ չեմ հասկանում։

– Ձեր կարծիքով՝ նախկին իշխանությունների մտահոգությունը ո՞րն է, որ իրար հերթ չտալով արձագանքում են Նիկոլ Փաշինյանի ելույթին։

– Նրանք ապականում են ամեն ինչ։ Նրանք 100 օր իշխանության չեն, 100 օր է՝ ժողովուրդը Սերժ Սարգսյանի դեմքը չի տեսնում։ Իսկ իշխանությունը պետք է առաջ նայի, նաև պետք է մտածի տնտեսական բարեփոխումների, արդյունաբերության վերականգնման մասին։ Լավ կլիներ, հանրահավաքում Փաշինյանը հայտարարեր, որ արդյունաբերությունը պետք է վերականգնել։ Եթե արդյունաբերություն չեղավ, դժվարանում եմ ասել, թե այդ ամենի արդյունքն ինչ է լինելու։

– Ինչո՞վ են պայմանավորված Էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի կոշտ գնահատականները՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կայացած հանրահավաքին։

– Պարզապես հոխորտում են։ Մանվել Գրիգորյանից հետո նրանց ամբողջ կազմը պետք է ոչ միայն հրաժարական տար, այլև գնար, ճգնավորի կյանքով ապրեր։ Բայց այնպես են հոխորտում, խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է, որ շշմում ես։ Ես հարց եմ տալիս՝ ձեր ունեցվածքը որտեղի՞ց, աշխատավարձո՞վ եք հարստացել։ Ինչո՞ւ է երկրում միշտ եղել արտագաղթ, ինչո՞ւ էին բանտերը լի ազատամարտիկներով, ու այդպիսի բազմաթիվ «ինչու»-ներ կան։ Հիմա կառուցողական քաղաքականություն վարելու ժամանակն է, վարչապետը ճիշտ կանի՝ երկիրն ուղղորդի դեպի զարգացում։ Նա պետք է այդ բոլոր գործերը, մաքրագործումները հանձնի ԱԱԾ-ին, որն իր գործը լավ է անում, իսկ երկիրը պետք է զարգացման ընթացք վերցնի։ Ինձ թվում է, որ առաջիկայում դա էլ կլինի։

– Քոչարյանի քաղաքականություն վերադարձով որքանո՞վ է մեծանում ռևանշի հավանականությունը։

– Քոչարյանը վերադարձել է, բայց դատախազության բողոքը դեռ պետք է Վճռաբեկ դատարանը քննի, և ես վստահ եմ, որ նա հետ է գնալու։ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը ազատ արձակվեցին, նրանց խցում էլ մնալու է։ Քոչարյանի ջղաձգված դեմքը ցույց է տալիս, որ ինքն էլ գիտի, որ Վճռաբեկ դատարանը իրեն ոչ ցանկալի որոշում է կայացնելու։ Այլապես, խայտառակություն է. Հովիկ Աբրահամյանի տնից զենք են գտնում, ասում է՝ խաբար չեմ, Մարտի 1 է տեղի ունենում, նախագահ կոչվածն ասում է՝ խաբար չեմ։ Անհասկանալի է, թե այդ ժամանակ սրանք ինչո՛վ են զբաղված եղել։ Իրականում լավ էլ խաբար են և գիտեն՝ ով ինչով է զբաղված եղել։ Ես զարմանում եմ փաստաբանների վրա, թե ո՛նց են Քոչարյանի փողն ուտելու, երևի շատ մեծ հոնարար են ստանում։

– Որքանո՞վ է բարդանալու Հայաստանի ներքաղաքական կյանքը:

– Եթե իշխանությունը կարողանա վերափոխումների ծրագիր ներկայացնել, հայ ժողովուրդը սիրով այդ գործին կլծվի։ Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ի՛նչ էր ասում, ասում էր՝ պետք է գլխից բռնել։ Հիմա Փաշինյանը գլխից ու ողնաշարից է բռնել, էլ ի՞նչ պետք է անեն, պարզապես թպրտում են։

– Կարծում եք՝ Քոչարյանը չի՞ կարողանալու հակահեղափոխությունը գլխավորել և հաջողություն գրանցել։

– Ո՛չ, ո՛չ։ Եթե Աստված չանի, Քոչարյանը ճողոպրի, ժողովուրդը Լինչի դատաստանի կենթարկի նույն դատավորներին։ Իրենց իշխանության տարիներին դատարան կա՞ր, օրենք կա՞ր, դեմոկրատիա կա՞ր, որ հիմա կախվել են դրանցից։ Ժողովուրդը մայիսի 2-ին արտահայտել է ցանկություն և կամք՝ մաքրել Հայաստանը գողերից ու թալանչիներից, պետության շահերի դեմ գործած իշխանությունից և դրա վառ ներկայացուցիչներից։

– Ինչպե՞ս եք գնահատում անցումային արդարադատության մարմինների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որի առաջարկն արել էր Հայ ազգային կոնգրեսը։

– ՀԱԿ-ն ապրիլյան պատերազմից հետո քաղաքական դիակ է և հիմա վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Ազգային ժողովի վերջին ընտրություններում միակ օբյեկտիվ ընտրությունը եղել է ՀԱԿ-ի ստացած քվեները, որի արդյունքում նրանք զրո տոկոս են ստացել։ Հիմա մեյդան են ընկել, ցույցի են մասնակցում, ամո՛թ է, նրանք պետք է տուն գնան։ Զրո տոկոս են ստացել ընտրություններում, այսինքն՝ զրո լեգիտիմություն ունեն, ու հիմա ամեն անգամ ցնդած-ցնդած հայտարարություն են անում, հետո գնում, տանը սուրճ են խմում։ Ես կոչ կանեի նրանց ընդհանրապես ուշադրություն չդարձնել։ Նրանց ժողովուրդը որակել է որպես հող հանձնողներ, հող հանձնողը ո՞նց կարող է Հայաստանի հողի վրա կանգնել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է հողերը հանձնեն, որ իրենք ճիշտ դուրս գան։ Բայց ժողովուրդը թքած ունի, անգամ ռուսների վրա թքեց, այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է։ Նրանք անցյալ են, պետք է ապագայի մասին մտածել, թե ինչպես երկիրը վերակառուցենք։ Թավշյա հեղափոխությունը միտված է ապագային, պետք է ժողովրդին ուղղորդել դեպի ստեղծարար ու շինարար աշխատանք։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին պետք է որպես անցյալ աղբանոցը նետել։

Մանե Հարությունյան

MediaLab.am