«Եթե իրանցիները գալիս են, մեզ մոտ պատվաստվում են, թող գան, ի՞նչ է եղել, անհրաժեշտ քանակով պատվաստանյութ ունենք»․ Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

Պարո՛ն Մկրտչյան, Իրանից զանգվածաբար գալիս են Հայաստան պատվաստումներ ստանալու, որի հետևանքով հսկայական հերթեր են գոյանում, հատկապես Սյունիքի մարզում: Արդյոք սա կովիդի տարածման տեսակետից վտանգ չի ներկայացնո՞ւմ՝ հաշվի առնելով հարևան Իրանում կորոնավիրուսի լայն տարածվածության աստիճանը:

-Երկու օր առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ պատվաստվածների մեջ օտարերկրացիների տոկոսը շատ չնչին է: Նման պաշտոնական հայտարարությանը չհավատալ չենք կարող, այնպես որ այդ տեսանկյունից պարզաբանում տրվել է:

Ինչ վերաբերում է վարակի տարածման ռիսկին, ապա թեստավորումը պարտադիր պայման է երկիր մտնելու համար, ուստի այդտեղ էլ ռիսկը շատ նվազ է: Շատ-շատ երկրներ իրենց երկիր մտնող քաղաքացիներին թեստավորում են, նոր թույլ են տալիս մուտք գործել: Այդտեղ ես որևէ մեծ ռիսկ չեմ տեսնում տարածման տեսանկյունից:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ավելի լավ է պայքարում կովիդի դեմ, քան Իրանը, որի քաղաքացիները ստիպված են լինում գալ ու Հայաստանում պատվաստվել:

-Ինձ թվում է, որ իրենք պարզապես հաճելին անհրաժեշտի հետ եմ զուգորդում. Տուրիստական այցելությունը զուգորդում են պատվաստման հետ: Նորից եմ կրկնում, ըստ հայտարարության, օտարերկրացի պատվաստված անձինք մեծ տոկոս չեն կազմում, իսկ Իրանի քաղաքացիները միշտ էլ որպես զբոսաշրջիկներ եկել են Հայաստան, գնացել: Ես մտավախություն չունեմ այդ առումով:

Եթե ինչ-որ զարտուղի ճանապարհներով մուտք գործեին Հայաստան, մտահոգիչ կլիներ,  բայց եթե թեստավորվում և մուտք են գործում, այդտեղ ռիսկ չկա։ Ցանկացած երկրում այդպես է: Իսկ եթե գալիս են, մեզ մոտ պատվաստվում են, թող գան, ի՞նչ է եղել, անհրաժեշտ քանակով պատվաստանյութ ունենք: Կարևորը, որ մեր քաղաքացիները գնան ու պատվաստվեն: Եկե՛ք իրանցիներին թողնենք:

Իսկ հնարավոր չէ՞, որ թեստերը կեղծեն ու այդ եղանակով վարակը տարածվի մեզ մոտ:

-Չեմ կարծում, որ կեղծ թեստավորման արդյունքներ լինեն: Ես գրեթե բացառում եմ դա:

Ձեր կարծիքով ինչո՞ւ է մեզ մոտ պատվաստման ցուցանիշն այսքան ցածր: Ինչո՞ւ չեն կարողանում այնպիսի լոբբինգ անել, որ քաղաքացին գնա ու պատվաստվի:

-Դա տարիներ շարունակ հակապատվաստումային քարոզչության հետևանքն է: Ոչ միայն կովիդի դեմ, այլ ընդհանրապես, մեր երկրում պարբերաբար հակաքարոզչության ալիք է բարձրանում պատվաստումների դեմ, ուստի նաև հոգեբանական խնդիր է առաջանում, թե արդյոք պատվաստում արժի անել, և մարդիկ չեն պատվաստվում:

Բայց միջազգային ուսումնասիրությունների վերջին արդյունքներով՝ պատվաստվելը միակ հնարավորությունն է վատ դեպքերից ու մահերից խուսափելու համար: Այնպես որ, պատվաստումը միակ լուծումն է:

Սակայն պատվաստման էֆեկտը կարճաժամկետ է,  մեկ տարի անց նորից կարիք է առաջանալու պատվաստվելու, այնպես չէ՞։

Գիտեք, պատվաստանյութեր կան, որ ասում են՝ մինչև երկու կամ մեկ տարի ժամկետ ունեն: Բայց նույնիսկ մեկ տարի զերծ մնալ վարակվելուց և մահանալուց, հետո նորից պատվաստվել և այդպես շարունակաբար, ինձ թվում է՝ դա ավելի լավ է, քան ծանր դեպքեր, կամ մահվան ելքով դեպքեր ունենալը:

Եկեք հատուկ հայկական բաներ մեզ համար չմոգոնենք։ Համաշխարհային փորձ կա, համաշխարհային կարծիք կա, երկրագնդի բնակչությունը 7 մլրդ է, և այդ 7 մլրդ մարդու առողջության համար հոգ են տանում տարբեր բարձր մակարդակի ինստիտուտներ, հսկայական միջոցներ են տրամադրվում, որպեսզի բնակչության առողջությունը պահպանվի, հատկապես կովիդի հարցում, մենք էլ փորձում ենք լավագույն փորձը վերցնել և ներդնել մեզ մոտ:

Դա առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվում է: Ընդամենը հանրությունը պետք է իրազեկված լինի, և այդ իրազեկումն արվում է: Բայց կամ հանրային ընկալման խնդիր ունենք, կամ ուղղակի հակաքարոզչությունն ավելի ուժեղ է, գուցե:

Ամեն դեպքում այստեղ պրոբլեմ ունենք, և պետք է բոլոր շահագրգիռ ինստիտուտներն իրենց ջանքերը մեկտեղեն և բնակչությանը էլ ավելի լավ ներկայացնեն համաշխարհային միտումները, պատվաստումների արդյունավետությունը: Պետք է այնպես անել, որ բակչությունն ընկալի պատվաստումների կարևորությունը:

Նախօրեին 6 ամսով երկարաձգվեց կարանտինը, բայց փաստացի այլևս ոչ ոք չի պահպանում կարանտինի կանոնները:

-Խնդիրն այն է, որ եթե միջոցառումների ամբողջ ցանկը նայենք, կարանտինային միջոցառումները որոշակիորեն նվազեցվել են նաև որոշումներով: Մասնավորապես, դրսում դիմակներ կրելու պահանջը հանվել է:

Պատվաստումների իրականացումը կարանտինային որոշակի պայմանների առկայություն է նախատեսում իր մեջ: Այո, փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, որը չի պահպանվում:

Այսօր մենք ունենք հիվանդացության մակարդակի շատ փոքր բարձրացում, և ավելի լավ է պահպանենք կարանտինը և մի փոքր ուժեղացնենք վերահսկողությունը, մասնավորապես, փակ տարածքներում դիմակ կրելու առումով: Այստեղ պետք է մի փոքր խստացում լինի: Միայն բանկերում, հիվանդանոցներում ենք տեսնում, որ պարտաճանաչ դիմակ են կրում, իսկ մնացած տարածքներում չեն կրում: Դրա հետևանքով էլ կունենանք հիվանդացության որոշակի բարձրացում:

Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս, ո՞ր պատվաստանյութն է ամենաարդյունավետը:

-Ես կդժվարանամ նման պատասխանատու հայտարարություն անել, որովհետև դրա համար գիտական ներուժ է պետք: Ինստիտուտներն այսօր չեն կարողանում վերջնական գնահատական տալ, որովհետև կիրառման ժամկետները շատ կարճ են:

Որպեսզի վիճակագրական լրջագույն տվյալներ ունենանք, տարիներ հետո կարող ենք ասել՝ արդյունավետությունը որքան է: Ժամանակը կարճ է, և հետևություններ անելը դեռ վաղ է:

Տարբեր երկրներում պատվաստվելուց առաջ մարդիկ բուժզննություն են անցնում, արյան անալիզ են հանձնում, ինչո՞ւ Հայաստանում միայն ճնշում չափելն է կիրառվում: Սա խնդիր չի՞:

-Ճիշտն ասած, հետազոտությունների տեսանկյունից տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում: Ես կողմնակից եմ, որ ընդամենը գանգատների տեսանկյունից հարցուփորձ անի ընտանեկան բժիշկը, և եթե գանգատներ ունի մարդը, ուղղորդեն լրացուցիչ հետազոտությունների: Թե չէ զանգվածաբար քննություններ անելը և թանկ է, և նաև ինչ-որ առումով արդարացված չէ:

Մանե Հարությունյան

MediaLab.am