«էմոցիոնալ ֆոնի վրա փորձ է արվում քաղաքական դիվիդենտներ շահել, սա համարում եմ ոչ ազնիվ մրցակցային պայքար». Նաիրա Զոհրաբյան

«էմոցիոնալ ֆոնի վրա փորձ է արվում քաղաքական դիվիդենտներ շահել, սա համարում եմ ոչ ազնիվ մրցակցային պայքար». Նաիրա Զոհրաբյան
«էմոցիոնալ ֆոնի վրա փորձ է արվում քաղաքական դիվիդենտներ շահել, սա համարում եմ ոչ ազնիվ մրցակցային պայքար». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկի՛ն Զոհրաբյան, դուք հայտարարել եք, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հենց առաջին օրը էմոցիաները գերակշռեցին, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ: Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ է կատարվում այս փուլում:

– Ես հույս ունեմ, որ մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի Երևանի զարգացման իր ծրագիրը: Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերից մեկը համառորեն փորձում է շեղվել երևանյան օրակարգից, երևանյան խնդիրներից և փորձում է դիսկուրսը տեղափոխել քաղաքական դաշտ, սևի ու սպիտակների բաժանում է անում, հակահեղափոխականների նկատմամբ որս և այլն:

Եվ այդ էմոցիոնալ ֆոնի վրա փորձ է արվում քաղաքական դիվիդենտներ շահել: Ես սա համարում եմ ոչ ազնիվ մրցակցային պայքար: Շատ հեշտ է տեղափոխվել քաղաքական հարթակ, երբ դեռ բացարձակապես պարզ չէ, թե այդ քաղաքական հարթակում քաղաքական դիսկուրսի մեջ ո՛ր քաղաքական ուժն ավելի շահեկան կլինի:

Բայց մենք հարգում ենք երևանցիներին, հարգում ենք երևանցու խնդիրները և ունենք հստակ լուծումներ: Ի տարբերություն բազմաթիվ քաղաքական ուժերի, ովքեր ասում են՝ մեզ ձայն տվեք, և մենք, օրինակ, երկու մետրանոց վերելակը կտեղավորենք շենքերի մեկ մետրանոց շախտաների մեջ, այսինքն՝ ներկայացնում են բլեֆային ու անիրականանալի ծրագրեր, մենք գալու ենք կոնկրետ ներդրումային փաթեթներով:

Մենք ոչ միայն լուծում ենք առաջարկում, այլ նաև յուրաքանչյուր լուծման հետ սեղանին ենք դնում միջազգային խոշորագույն ներդրողների հետ պայմանավորված հստակ գծագրված ներդրումային փաթեթներ: Դրանք վերաբերում են Երևանում աղբի վերամշակման գործարան կառուցելուն՝ մշակված հայտնի կազմակերպության հետ, որն աշխարհի 1600 քաղաքներում արդեն ունի նույնանման գործարան:

Մենք սեղանին ենք դնում հայտնի կազմակերպության հետ պայմանավորված հստակ ներդրումային փաթեթ՝ Երևանում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ներդրման մասին, մենք սեղանին ենք դնում հսկայական ներդրումային փաթեթ՝ Երևանի պատմամշակութային դեմքը վերականգնելու, Երևանը ճոպանուղիների քաղաք դարձնելու մասին:

Ընտրությունը երևանցունն է, երևանցին ուզում է ինչ-որ հակահեղափոխականների ո՞րս, որն սկսվել է նմանվել Անորսալի Ջոյի պատմությանը, թե՞ Երևանի զարգացում: Ես վստահ եմ, որ Երևանի ավագանու ընտրություններին որևէ հակահեղափոխական ուժ չի մասնակցում: Բայց եթե երևանցին դա է ուզում, մենք էլ հագնենք կամուֆլյաժները, դուրս գանք փողոց և սկսենք անորսալի ջոյերի փնտրտուքը:

Եթե երևանցին ուզում է, որ իր հիմնարար խնդիրները լուծվեն և լուծվեն լուրջ ներդրումային ծրագրերով, ապա վստահաբար իր ձայնը պետք է տա «Բարգավաճ Հայաստանին»:

Սա է մեր տարբերությունը մնացած քաղաքական ուժերի համեմատ: Եվ պատահական չէր, որ իմ գրառման մեջ ես ասել եմ, որ հենց քարոզարշավի առաջին օրվանից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը:

Նրանք այն երևանցիներն են, ովքեր ուզում են, որ երևանցիների խնդիրները լուծվեն կոնկրետ ներդրումային ծրագրերով և լուծվեն հնարավորինս արագ:

– Այսինքն՝ կարող եք ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր անհավասար մրցակցային դա՞շտ է ստեղծվել քաղաքական ուժերի համար:

– Միանշանակ այո՛: Ինչպես երեկ քարոզարշավի ժամանակ շատ ուղիղ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այո՛, ստեղծվել է ոչ հավասար մրցակցային դաշտ: Բոլոր նրանք, ովքեր չեն սատարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին, համարվել են սև ուժեր: Եվ կոչ է արվում որևէ մեկին ձայն չտալ, ձայն տալ միայն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին, կներե՛ք, անունը հիշում եմ, բայց ազգանունը չեմ հիշում:

– Հաշվի առնելով, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ընտրությունների ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել:

– Ես չեմ կարող կանխատեսել արդյունքները, բայց կարող եմ ձեզ ներկայացնել «Գելլափ ինթերնեշնլի» հարցումները, ըստ որոնց՝ հարցին, թե՝ «ո՞ւմ կտաք ձեր վստահության քվեն», մեծամասնությունը պատասխանել է՝ «Բարգավաճ Հայաստանին»:

Ես չգիտեմ, թե ինչպես աղավաղեցին «Գելլափի» հարցումները, այսպես կոչված, պետական լրատվամիջոցները, բայց ըստ հարցումների՝ առաջին տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, երկրորդ տեղում՝ «Իմ քայլը», երրորդ տեղում՝ «Լույս» դաշինքն է:

Թե ինչպես այդ արդյունքները «Հայլուրով» մեկնաբանվեցին, որ վստահության քվեն վայելում է Հայկը, կներե՛ք, ազգանունը կրկին չեմ հիշում, դա պետք է դիմել «Հայլուրի» հարգարժան ղեկավարությանը: Այնտեղ մի քանի տարբեր հարցեր են եղել: Հարցերից մեկը եղել է այն, թե՝ «Ո՞ւմ եք համակրում»:

Այո՛, համակրանքի առումով «Իմ քայլի» թեկնածուն առաջատարն է, բայց երկրորդ հարցին, թե՝ «Ո՞ւմ կտաք ձեր վստահության քվեն», բացարձակապես այլ պատկեր է արձանագրվել:

– Ինչո՞ւ է վարչապետը նման քայլի դիմում, քարոզչությունն այդ ուղղությամբ տանում, վստահ չե՞ն, որ կարող են մեծամասնություն կազմել:

– Շատ պարզ է պատճառը, որովհետև այսօր հանրային վստահություն ունի բացառապես Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ, երրորդ, չորրորդ, տասներորդ կամ հարյուրերորդ չկա: Եվ փորձ է արվում քվե հավաքել միայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ:

Կրկնում եմ՝ չկա թեկնածու, վարկանիշի առումով այդ թիմում չկա այլ մարդ: Այնտեղ կան շատ հարգարժան, բարի ու լուսավոր մարդիկ, բայց հանրային հեղինակություն ունեցող հանրային դեմքեր ուղղակի չկան:

Միայն մեկ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանը, ով իր վարկանիշով փորձում է փրկել բոլորին: Կստացվի՞, թե՞ ոչ՝ ցույց կտա սեպտեմբերի 23-ի ընտրությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am