«Սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին». Yerevan.Today կայքի հայտարարությունը

«Սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին». Yerevan.Today կայքի հայտարարությունը
«Սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին». Yerevan.Today կայքի հայտարարությունը

Yerevan.Today կայքի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։ 

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ:

Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի:

Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր…

Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերել գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ:

Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ:

Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող կուսակցություններ և լրատվամիջոցներ: Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այս արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցած տարներին հաջողություն արձանագրեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը: Մեր երկրում, ստացվում է, իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով:

Ազատ, անկաշկանդ ու տրամաբանված, հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցումով:

Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:

Սևակ Հակոբյան

Yerevan. Today կայքի գլխավոր խմբագիր

18.09.2018թ.