«Արևմուտքը տարածաշրջանում հեռուն գնացող պլաններ ունի». վերլուծաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է, որ Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների և պետական սահմանի սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սահմանին լարվածություն առաջացնելուց հետո հեգնանք չէ՞ խոսել խաղաղության մասին, և արդյոք իսկապես խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ կա սեղանին:

– Ո՛չ, ես կարծում եմ որևէ նորություն չկա Բայրամովի հայտարարություններում, քանի որ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը եղել է հրապարակային, Ալիևը իր մի քանի հայտարարություններում առնվազն խոսել է այդ մասին:

Սովորաբար երբ առկա է կոնֆլիկտային իրավիճակ, նման դեպքերում հակամարտ կողմերը միմյանց առաջարկություն կամ որևէ հարցի հետ կապված տեսակետ են հայտնում նման հայտարարությունների միջոցով:

Այսինքն՝ կարելի է հստակ նշել, որ Ալիևի հայտարարությունները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի մասին, դրանք եղել են հրապարակային, ու նաև Բայրամովի դժգոհությունը հայկական կողմի լռության առնչությամբ պայմանավորված է նրանով, որ հայկական կողմը առայժմ նպատակահարմար չի գտնում նման խնդրի քննարկումը: Դրա պատճառները բավական օբյեկտիվ են:

– Տեսեք, մի կողմից սահմանային բախում հրահրել, գալ ՀՀ պետական տարածքում հաստատվել, մյուս կողմից՝ խոսել խաղաղության պայմանագիր կնքելու մասին: Ինչպե՞ս հավատալ նման հայտարարություններին:

– Իհարկե, երբ ես նշում եմ, որ հայկական կողմն օբյեկտիվ պատճառներ ունի չարձագանքելու Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին, ինչպես նաև՝ կեղծ ու ակնհայտ հակահայկական օրակարգին, հենց դա նկատի ունեմ: Այսինքն՝ հայկական կողմը քաջ հասկանում է, որ բոլոր նպատակները, որոնք հետապնդում է Բաքուն տարաբնույթ առաջարկներով, կեղծ են, սին են, միակողմանի են:

Ադրբեջանի կողմից շարունակվող ակնհայտ թշնամական քաղաքականությունը, հռետորաբանությունը, գործողությունները՝ սահմանային միջադեպերի հրահրման տեսքով, որևէ վստահություն չեն առաջացնում մեր հանդեպ թշնամական վերաբերմունքը և քաղաքականությունը շարունակող Ադրբեջանի ու իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հանդեպ:

– Պարո՛ն Պետրոսյան, վերջին շրջանում կարծես Արևմուտքն է ակտիվացել տարածաշրջանում: Համենայնդեպս, շատ փորձագիտական շրջանակներ նման պնդումներ են անում, և դա ցույց է տալիս նաև առանձին ԵՄ պաշտոնյաների այցերն ու հայտարարությունները, ինչպես նաև ԵՄ ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին: Դա կարո՞ղ է էլ ավելի բարկացնել Ադրբեջանին և Թուրքիային:

– Այո՛, և արդեն կարծես բարկացրել է, ու դա դրսևորվել է ադրբեջանական մի շարք պաշտոնյաների ու նաև Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք առանցքային գործիչների հայտարարություններում:

Միանշանակ է, որ այդ երկու երկրները լրջագույն խնդիր են տեսնում Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվացման հետ կապված, քանի որ տարածաշրջանում մի շարք ծրագրերի հետ կապված իրենց ցանկությունները կարող են այնպես չընթանալ, ինչպես իրենք են ցանկանում ու պլանավորել:

Բնական է, որ Արևմուտքի ակտիվացումը տնտեսական, քաղաքական մակարդակում, առաջիկայում նաև՝ արցախյան չկարգավորված հիմնախնդրի շրջանակներում, բավականաչափ լուրջ խնդիրներ է ստեղծելու ադրբեջանա-թուրքական տանդեմի համար, քանի որ նրանց համար շատ ավելի ձեռնտու է միայն Ռուսաստանի հետ պայմանավորվելով հասնել իրենց հետապնդած նպատակների իրականացմանը:

Իսկ Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանային գործընթացներում, բնականաբար, մի քանի անգամ բարդացնում է ադրբեջանա-թուրքական տանդեմի քաղաքականության արդյունավետությունը:

– Իսկ չի՞ թուլացնում Ռուսաստանի դիրքերը:

– Միանշանակ թուլացնում է, որովհետև 44-օրյա պատերազմի արդյունքներով Ռուսաստանը էականորեն բարելավել էր իր դիրքերը ամբողջ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ արցախյան հակամարտության գոտում՝ քաղաքական հարթությունում դառնալով առանցքային միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ ռազմական ու հումանիտար հարթությունում՝ խաղաղապահ առաքելություն տեղակայելով Արցախի տարածքում: Բնականաբար, հիշենք նաև 102-րդ ռազմաբազայի ընդլայնման միտումների մասին:

Իսկ ներկայում Արևմուտքի փորձերը՝ վերադառնալ ու ներգրավվել Հայաստանում ծավալվող գործընթացներին տնտեսական, քաղաքական աջակցության միջոցով, ինչպես նաև Արցախի հարցի չկարգավորված լինելու մասին հայտարարությունները, միանշանակ խոսում են Արևմուտքի հեռուն գնացող պլանների մասին:

Իսկ այդ պլանները ինչպես դրական են ՀՀ համար, այնպես էլ որոշակիորեն խնդրահարույց են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվ քարոզչական քայլեր է իրականացնում՝ Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը ներկայացնել ի վնաս Ռուսաստանի շահերի: Այսինքն՝ նրանք ձգտում են խնդիրներ առաջացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Այս պարագայում պաշտոնական Երևանը պետք է բավական կշռադատված, հավասարակշռված, հաշվարկված քայլեր ու քաղաքականություն իրականացնի՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

– Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել էր սահմանային գոտի, ծանոթացել սահմանին ստեղծված իրավիճակին: Սա ի՞նչ կարող է նշանակել:

– Այդ քայլը ևս հստակ ուղերձ է, բավականաչափ գրագետ մտածված քայլեր են, որոնք քաղաքական, քարոզչական հարթությունում ունենում են իրենց նպատակը: Դա հստակ ուղերձ է և Ադրբեջանին, և Թուրքիային, և Հայաստանին, և, ինչու ոչ, Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն շարունակում է այս տարածաշրջանում գործոն լինել:

ԱՄՆ-ն առայժմ քաղաքական հայտարարությունների միջոցով է ներկայացնում իր դիրքորոշումը, բայց հող է նախապատրաստում բարենպաստ իրավիճակում այդ ներգրավվածությունն իրականացնելու համար:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանի քայլը ես կուզեի զուգահեռել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջ. Լաքոտի հայտարարությունների հետ, որոնցով ընդգծվում է արցախյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վերագործարկման հարցում Ֆրանսիայի օժանդակության, ինչպես նաև տարածաշրջանում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու մասին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am