«ԱԺ ընդդիմությունը որպես աքիլլեսյան գարշապար ընտրելու է պատերազմի պարտությունը՝ անընդհատ խոցելով դա»․ Գարիկ Քեռյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, օգոստոսի 2-ին կմեկնարկեն ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։ Նման կազմով խորհրդարան ունենալը սպասելի՞ էր, եթե այո՝ ինչո՞ւ։

– Սպասելի էր այն, որ Ազգային ժողովում հաստատ մեծ թվով պատգամավորներ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Նախընտրական ողջ ընթացքից երևում էր, որ քաղաքական դաշտում այս երկու բևեռները շատ ուժեղ էին, մեծ ընտրազանգված ունեին, և երկուսն էլ բևեռացրին քաղաքական դաշտը և դեպի իրենց ձգեցին ընտրազանգվածի մեծ մասը։

Անսպասելին քաղաքական այդ ուժերի ստացած քվեների մեծ տարբերությունն էր, որովհետև քաղաքագիտական-վերլուծական շրջանակները կարծիք էին հայտնում, որ այդ երկու բևեռները կունենան մինչև 30-35% ձայն, իսկ մնացած տոկոսները կբաշխվեն մյուս քաղաքական ուժերի մեջ։

– Նորընտիր և արդեն նախորդ խորհրդարանների միջև բովանդակային, որակային առումով տարբերություն կլինի՞։

– Իհարկե, որակապես զգալիորեն կտարբերվի, որովհետև նախորդ խորհրդարանը ձևավորվել էր հեղափոխությունից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուներ բացահայտ առավելություն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։

Այս ընտրություններում չկար հեղափոխական էյֆորիան, որովհետև իշխող քաղաքական ուժը կրում էր պատերազմի հետևանքների պատասխանատվությունը, և սրա պատճառով էր, որ 80%-ի հասնող արդյունքը հասավ 54%-ի։

Փոփոխություն է նաև այն, որ ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմության՝ նոր ընդդիմությունը լինելու է անհաշտ և արմատական ընդդիմություն։

Սա նշանակում է, որ ներկա ընդդիմությունը ընդդիմություն է լինելու իշխանության քաղաքական բոլոր քայլերին։ Այստեղ անհամաձայնությունը, բախումը, սուր քննադատությունը և ծայրահեղական վերաբերմունքը միմյանց նկատմամբ շատ ուժեղ են լինելու։

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» այդքան ծայրահեղական ընդդիմություն չէին, որովհետև իշխանության հետ արդեն որոշակի համատեղ ճանապարհ էին անցել, իսկ ներկա ընդդիմությունն ու իշխանությունը ընդհանուր շփման եզրեր շատ քիչ ունեն։

– Պարո՛ն Քեռյան, եթե կանխատեսում եք բախումներ, անհամաձայնություններ, որքանո՞վ արդյունավետ կլինեն խորհրդարանի աշխատանքները։

– Արդյունավետության վրա, կարծում եմ, չի ազդելու, որովհետև և՛ նախորդ, և՛ ներկա Ազգային ժողովում կա քաղաքական ուժ, որն ունի 50% և ավելի քվե ու կարող է իր օրինագծերն անցկացնել, իսկ եթե այս հնարավորությունն ունի խորհրդարանը՝ արդյունավետությունը չի կարող տուժել։

– Նախորդ գումարման խորհրդարանում քաղաքական առողջ բանավեճ գրեթե չկար, ամեն ինչ շատ արագ ու հեշտությամբ տեղափոխվում էր անձնական դաշտ, և մենք ականատես եղանք ամենատարբեր անձնական վիրավորանքների, անգամ ծեծկռտուքի։ Այս քաղաքական ուժերի պարագայո՞ւմ էլ նման տեսարաններ սպասենք։

– Նախորդ խորհրդարանի սուր ելույթները, վիրավորանքներն ու բախումները ավելի շատ միտված էին ժողովրդի կողմից ավելի ճանաչելի դառնալուն։ Օրինակ՝ ընդդիմությունը փորձում էր հանրությանն ապացուցել, որ ինքն ավելի ընդդիմադիր է, քան՝ մյուսը։

Խորհրդարանական նոր ընդդիմությունը՝ որպես աքիլլեսյան գարշապար, ընտրելու է պատերազմի պարտությունը՝ անընդհատ խոցելով դա։ Փաստացիորեն այս խորհրդարանը բավական երկար ժամանակ ունենալու է այդ թեմատիկան, ինչը շատ վատ է, որովհետև երբ անընդհատ քննարկվում է տեղի ունեցածը, խամրում են ապագային միտված գործողությունները։

– «Պատիվ ունեմ» խմբակցությունից հայտարարում են, որ իրենք խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին չեն դիմելու «պարոն վարչապետ»-ով, շարունակում են հարցազրույցներում նրան ասել «կապիտուլյանտ», «անմեղսունակ» և այլն։ Եթե ընդդիմությունն այսպես դիմի իշխանավորներին, վերջիններս էլ պատասխանեն նրանց՝ իրենց բառապաշարով, որին ևս լավ ծանոթ ենք, քաղաքական միտքը Հայաստանում ո՞ւր կհասնի, պարո՛ն Քեռյան։

– Փոխադարձ մեղադրանքները տևական ժամանակ կլինեն խորհրդարանում, մինչև կրքերը մի փոքր կհանդարտվեն։ Միմյանց ուղղված մեղադրանքները համբերատար կլսեն, վերջում մեծամասնությունը կքվեարկի օրինագծերի համար, ու խորհրդարանի աշխատանքները կշարունակվեն։

Հանրությունը կհոգնի այդ նիստերից, եթե իհարկե հռետորաբանությունը չփոխեն ու չվերադառնան կառուցողական դաշտ։

– Ընդդիմադիր երկու դաշինքներն էլ հայտարարում են, որ ստացած մանդատները լրացուցիչ լծակ են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար, և իրենք անելու են ամեն ինչ այդ ուղղությամբ։ Կհաջողի՞ նրանց իրենց նպատակին հասնել, ի՞նչ պետք է անեն՝ այն էլ խորհրդարանում, որ իշխանափոխություն լինի։

– Իշխանափոխություն կարող է լինել բավական լուրջ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական ցնցումների դեպքում, կամ տնտեսական ճգնաժամի դեպքում, իսկ մնացած դեպքերում իշխանափոխությունը դեռ մեկ-երկու տարի, գուցեև ավելի, ես անհնար եմ համարում։ Հնարավոր է, որ սահմանային լարումն այնքան խորանա, որ հասարակությունը՝ իշխանությունից դժգոհ, ոտքի կանգնի, բայց այս պահին իշխանափոխության որևէ նշան տեսանելի չէ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am