«Մինչև ե՞րբ»․ թռչնաբանը ահազանգում է՝ արագիլները դեռ աղտոտված են, իսկ պատկան մարմինները չեն աշխատում

Շուրջ երեք տարի է՝ Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում արագիլների աղտոտվածությունը մեծ խնդիր է, որը պատկան մարմինները չեն կարողանում լուծել կամ՝ պարզապես չեն ուզում։ Նույնիսկ կենդանիների աղտոտվածության պատճառն է անհասկանալի, ու մինչ այժմ չկա հստակ ուսումնասիրություն՝ ինչպե՛ս են աղտոտվում թռչունները։

Հարուցված քրեական գործը պատկան մարմինների միջև նամակագրությունից այն կողմ չի անցել ու դոփում է տեղում։ Սակայն մինչ քրեական գործը տեղից կշարժվի, կան նախնական ենթադրություններ, որ արագիլների աղտոտվածությունը ձկնաբուծարանների թափոններից է առաջանում, որոնք Մասիսի աղբավայր են թափվում, ինչն արագիլների համար սննդի հեշտ միջոց է։

Սակայն «Գերմանիայի բնության պահպանության միության» հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանը, որն իր թիմով հետազոտում էր արագիլների հետ կապված այս խնդիրը, «Մեդիալաբին» ասել էր՝ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ աղտոտվածության հիմքում բուսական ծագման յուղեր են, ոչ թե կենդանական: «Ամեն դեպքում, նաև ձկնաբուծարանների հետ կապված ուսումնասիրությունները շարունակում ենք», -ընդգծել էր նա։

Կենդանիների հոգսը թեթևացնելու համար և՛ այն ժամանակ, և՛ հիմա կամավորները սկսեցին լվանալ արագիլներին, փոքր ամանների մեջ լողացնել։

Թռչնաբան Սիլվա Ադամյանը հիշում է՝ առաջին անգամ Արարատյան դաշտավայրում արագիլների աղտոտվածության խնդիրը նկատվել է 2017-ին, երբ մեծ քանակությամբ թռչուններ կեղտի մեջ էին։ Մինչ այժմ սակայն թռչունների հետ կապված խնդիրը չի լուծվել։ «Այն ժամանակ գնացինք, տեղում տեսանք իրավիճակը, մեկին բերեցինք Կարեն Աղաբաբյանի մոտ, ուսումնասիրեցինք, ու պարզվեց` յուղ է։ Այն ժամանակ էլ համատարած էր ու խայտառակ վիճակ»,- «Մեդիալաբին» ներկայացնում է Սիլվա Ադամյանը։

Մասնագետը, սակայն, կոպիտ սխալ է համարում արագիլներին պարբերաբար լողացնելը և այն էլ՝ փոքր տարաների մեջ։ «Կենդանիներին, առավել ևս թռչուններին այդքան սթրեսի ենթարկել՝ անընդհատ լողացնելով, անընդունելի է։ Նման գործողությունների հետևանքով նախ՝ կարող է փոխվել նրանց ֆիզիկական կառուցվածքը։ Մինչև երբ պետք է լողացնել արագիլներին, չէ՞ որ դրա համար պետք է համապատասխան պայմաններ լինեն»,- ահազանգում է թռչնաբանը։

Ավելին, ըստ մասնագետի, պատկան մարմինները հպարտորեն հայտարարում են այդ մասին ու ներկայացնում, թե իբր գործ են անում։ «Մի քանի օր առաջ մենք Հովտաշենից ահազանգ ստացանք, գնացինք ու հասկացանք՝ խնդիրը շարունակվում է, արագիլները շարունակում են աղտոտվել, և դրա պատճառն այն է, որ խնդրի արմատը չի գտնվել, պատճառը չի հայտնաբերվել ու վերացվել։ Մեկն ասում է՝ պատճառն աղբավայրն է, մյուսն ասում է՝ ջրից է, յուղերից է և այդպես շարունակ»,-նշում է Ադամյանը։

Արագիլների աղտոտվածության խնդիրը օրերս քննարկվել էր նաև շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին կից հասարակական խորհրդի նիստում։ Տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են թռչունների աղտոտման հիմնական վարկածները, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվում, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելություն ունի և այլն։ Նույն աղբյուրը նաև տեղեկացրել էր, որ բնապահպանական տեսչական մարմինը ստացված ահազանգերի հետքերով արագիլների աղտոտման աղբյուրներում իրականացրել է դիտարկումներ, ստուգումներ և ուսումնասիրություններ։

«Մենք գնացել և ուսումնասիրել ենք․ փաստացի տեսչական մարմինը և պատկան մարմինները անգործության են մատնված այս խնդիրը լուծելու հարցում։ Այս խնդիրը ինչպես եղել է իր ծագման սկզբում, այնպես էլ մնացել է, ոչ մի աղտոտվածության նվազում չկա»,- նշում է մասնագետը։

Թռչունների աղտոտվածության խնդրի լուծման հարցում Ադամյանը պատկան մարմինների այս հապաղման պատճառը կասկածելի է համարում և կարծում է՝ կան կոռուպցիոն ռիսկեր, պայմանավորվածություններ տարածքների ձկնաբուծարանների հետ, որտեղից էլ, հնարավոր է՝ առաջանում են արագիլների աղտոտումները։

«Կա՛մ պատկան մարմինները իրենց աչքերը փակում են ինչ-որ գործարարի գործունեության վրա, չեմ կարող ասել՝ ով է այդ գործարարը, կա՛մ կոմպետենտ չեն, չեն կարողանում խնդիր լուծել։ Եվ, բացի այդ, մի՞թե նախարարին կից հասարակական խորհրդի անդամները չեն փորձում հասկացնել՝ ախր, ա՛յ ժողովուրդ, էս կենդանիների հախից գալիս ենք, ինչպես են նրանք այսպես ապրում յուղի մեջ»,- փորձում է խնդիրը հասկանալ Սիլվա Ադամյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am