Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործով

Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործով
Եվրոպական դատարանը բեկումնային վճիռ է կայացրել ղարաբաղյան փախստականների գործով

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տարած հաղթանակի՝ քաղաքական դաշտում ստեղծված փակուղային իրավիճակի պատճառով ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղահանված ընտանիքներին փոխհատուցումների վճարման գործընթացը կարող է ձգձգվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջադարձային որոշում է կայացրել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ունեզրկված հայ եւ ադրբեջանցի փախստականների օգտին, սակայն փոխհատուցման մեխանիզմների եւ չափի մասին պաշտոնական Երեւանն ու Բաքուն դեռեւս լռում են:

Հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարեց մոտ տասը տարի առաջ դատարան ներկայացված Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի եւ այլոց հայցն ընդդեմ Հայաստանի: Դատարան ներկայացված հայցերն վառ արտացոլում են հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության ծանր կացությունը:

ՄԻԵԴ-ի դատավճռի համաձայն՝ երկու երկրների կառավարությունները պետք է ստեղծեն մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետեւանքով իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ունեզրկվածանձինք կկարողանան վերականգնել իրենց գույքային իրավունքները եւ փոխհատուցում ստանալ:

Եվրոպական դատարանի որոշումը վերաբերում է հազարից ավելի նմանատիպ հայցերի, որոնք ներկայացվել են ՄԻԵԴ հայ եւ ադրբեջանցի փախստականների կողմից:

Չնայած ՄԻԵԴ-ը մեկ տարի է տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին փոխհատուցման մեխանիզմների մշակման համար, մասնագետների կանխատեսումների համաձայն՝ չլուծված հակամարտության պայմաններում դատարանի սահմանած ժամկետն առնվազն անիրատեսական է:

Կողմերի միջեւ ռազմական հակամարտությունը ծագեց Խորհրդային միության փլուզման նախօրեին, երբ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը որոշեց անկախանալ Ադրբեջանից, եւ ավարտվեց 1994 թվականին զինադադարի մասին կնքված համաձայնագրով, որը, սակայն, մինչ օրս չի հանգեցրել հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հրադադարի կնքման օրից ի վեր՝ Ղարաբաղը եւ հարակից տարածքները գտնվում են ընտրությունների միջոցով ձեւավորված, անկախություն հռչակած ԼՂ կառավարության վերահսկողության տակ: ԼՂ անկախությունը, այդուամենայնիվ, դեռեւս որեւէ երկիր չի ճանաչել:

Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի կառավարության հետ բանակցություններից, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցային գործընթացում ներգրավված են միայն պաշտոնական Երեւանը եւ Բաքուն:

Բանակցային գործընթացում եւս նշանակալի առաջընթաց առայժմ չի գրանցվել: Պատճառը կողմերի արմատապես տարբեր մոտեցումներն են Ղարաբաղի ապագայի վերաբերյալ՝ անկախությունն ընդդեմ վերաինտեգրման, ինչի հետեւանքով չի հաջողվում համաձայնության գալ անգամ նախնական քայլերի մասին, ինչպիսիք են փախստականների վերադարձը եւ փոխհատուցման վճարումը:

Երկու գործերով կայացված որոշումներով ՄԻԵԴ-ը պահանջում է, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները միջոցներ ձեռք առնեն փախստականներին վճարվող փոխհատուցումների վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղը չի կարող մասնակցել այս գործընթացին:

Ադրբեջանում Մարդու իրավունքների կենտրոն ՀԿ-ի տնօրեն Էլդար Զեյնալովը մատնանշում է, որ «Դատարանի որոշումը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են պատասխանատվություն կրում Ստրասբուրգում երկու կողմի փախստականների կողմից բարձրացրած բոլոր խնդիրների համար»:

«Չեմ կարծում, թե մեկ տարի հետո փախստականները գումարները ստանան, դա եկարատեւ գործընթաց է լինելու: Եվ նշանակություն չունի միասին կփոխհատուցեն, թե առանձին-առանձին, որովհետեւ խնդիրն այլ հարթության մեջ է: Նախ երկու կողմերը պետք է որոշեն փոխհատուցման ձեւը, լինի դա գույքային փոխհատուցում, գումարի տեսքով, թե այդ մարդկանց վերադարձը իրենց բնակության վայր», – ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը IWPR-ին:

2006 թվականին Ադրբեջանի դեմ ներկայացրած Մինաս Սարգսյանի հայցում նշվում է, որ 1992-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր երկհարկանի տունը՝ռազմական գործողությունների հետեւանքով: Մինաս Սարգսյանը մահացել է 2009-ին, սակայն նրա որդի Վլադիմիրը պատմում է, որ հայրը միշտ երազում էր վերադառնալ Գյուլիստան, որտեղ մնացել էր իրենց ողջ ունեցվածքը:

«Հայրս ուզում էր պայքարել, դրա համար էլ դիմեց դատարան: Գյուլիստան նշանակում է վարդերի երկիր, շատ գեղեցիկ ու հարուստ գյուղ էր: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք գյուղում ունեինք տուն,անասուն, այգի:  Փոխհատուցումը չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է անեն, բայց մեզ համար ուրախալին այն է, որ հաղթանակ ունեցանք ընդդեմ Ադրբեջանի», – ասում է Վլադիմիրը: 

Նույն ձեւակերպմանը կարելի է հանդիպել Ադրբեջանի քաղաքացիների՝ Չիրագովների եւ այլոց Հայաստանի դեմ ներկայացրած հայցում: 1992-ին Չիրագովների ընտանիքը ստիպված է եղել թողնել Լաչինում գտնվող իրենց անշարժ գույքը՝ ռազմական գործողությունների պատճառով: Լաչինը կարեւոր ռազմարական նշանակության տարածք է, որը գտնվում է Հայաստանի եւ ԼՂ միջեւ:

Միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավունքի գերկայաություն» ՀԿ-ի իրավապաշտպան Արա Ղազարյանը IWPR-ի հետ զրույցում ասում է, որ այս երկու գործով էլ դատական ակտերը պետք է տեղափոխվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե, որը հետեւում է վճիռների կատարմանը:

«Սա մեկ այլ հարթակ է, որտեղ երկխոսությյուն պետք է ծավալվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ`Նախարարների կոմիտեի միջամտությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ներկայացնեն, թե ինչպես է իրենցից յուրաքանչյուրը պատկերացնում այս երկու գործով եւ մնացած 1000 գործով փախստականների գույքային իրավունքները վերականգնելու եւ փոխհատուցման հարցը լուծելու մեխանիզմները», – ասում է Ղազարյանը:

ՄԻԵԴ-ում ադրբեջանական կողմից ներկայացված է 600 հայց, եւս 400-ը՝ հայկական կողմից:

Ըստ իրավապաշտպանների՝ ՄԻԵԴ-ի այս որոշումը նախադեպային է այն իմաստով, որ կարող է ուղեցույց դառնալ փախստականների գույքային իրավունքները վերականգնելու համար:

Փոխհատուցումների վճարման գործընթացն էապես խոչընդոտվում է ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանի շուրջ առաջընթացի բացակայության պատճառով: Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս պաշտոնապես պատերազմական դրության մեջ են, եւ հումանիտար խնդիրները՝գույքային իրավունքների վերականգնումը եւ տեղահանված անձանց վերադարձը դիտարկվում են Ղարաբաղի կարգավիճակի համատեքստում՝ դե յուրե անկախություն, վերադարձ Ադրբեջանի կազմի մեջ կամ այլընտրանքային տարբերակ: Ղարաբաղի մի շարք հարակից շրջաններ, այդ թվում՝ Լաչինը, որի ադրբեջանցի եւ քուրդ բնակիչները ստիպված էին լքել իրենց բնակավայրերը, 1994 թվականից ի վեր գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Ենթադրվում է, որ այս տարածքները խաղաղ կարգավորման գործընթացի որոշակի փուլում, անկախ Ղարաբաղի կարգավիճակից, պետք է վերադարձվեն Ադրբեջանին, սակայն հայտնի չէ՝արդյոք երբեւէ սա տեղի կունենա: 

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դատավճռի հրապարակումից անմիջապես հետո՝ հունիսի 18-ին, պաշտոնապես հայտարարել էր, որ. «փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում»։

Հետագայում արտգործնախարարը պարզաբանել է, որ Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի եւ չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։

Հայաստանում եւ Ադրբեջանում վերլուծաբանները համակարծիք են, որ փախստականներին հուզող խնդիրների լուծումը, ներառյալ փոխհատուցումների վճարման գործընթացը կարող է ձգձգվել հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից առաջընթացի բացակայության պայմաններում: 

«Սա, իհարկե, կապ ունի քաղաքական զարգացումների հետ, ինչը երկարատեւ գործընթաց է: Բնականաբար առաջարկվելու է ստեղծել մեխանիզմներ, էական կառուցակարգեր, որպեսզի փախստականները վերադառնան, անարգել սկսեն օգտվել իրենց գույքից, պատկան փոխհատուցում ստանան, բայց պարզ է, որ մինչեւ քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չստանա, դա չի կատարվի», – նշում է Արա Ղազարյանը:

ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընդգծում է, որ խնդիրը բարդ է եւ համակողմանի ուսումնասիրության կարիք ունի:

«Եթե նայենք զուտ իրավական առումով, ապա Եվրոպական դատարանի որոշումները վերջնական են եւ ենթակա են կատարման, սակայն ես չէի ցանկանա միայն իրավական հարթության մեջ դիտարկել այս հարցը, քանի որ այստեղ կան բազմաթիվ կոմպոնենտներ, այդ թվում՝ քաղաքական»:

Բաքվի Հումանիտար հետազոտությունների միության ղեկավար Ավազ Հասանովն ընդգծում է, որ ՄԻԵԴ-ի որոշումները «հիշեցնում» են երկու երկրների իշխանություններին խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու սուր անհրաժեշտության մասին:  

«Այս հայցերը երկար ժամանակ էին սպասում վերանայման ՄԻԵԴ-ում: Դատարանն այս գործերով վճիռները կայացրել է հենց այն ժամանակ, երբ կողմերն առավելապես խուսափում են հակամարտության խաղաղ լուծման դիտարկումից եւ սկսել են ավելի հաճախ խոսել պատերազմից: Ակնհայտ է, որ կողմերը չեն պատրաստվում փոխհատուցում վճարել հայցվորներին», – նշում է Հասանովը:

Եթե Սարգսյանի եւ Չիրագովի գործերով որոշումները կարող են նախադեպ հանդիսանալ 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից տեղահանված անձանց հայցերի բավարարման համար, ապա քիչ հավանական է, որ նույն որոշումները նախադրյալներ կստեղծեն Ադրբեջանը լքած հայերի եւ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համար, ովքեր զրկվել էին իրենց ունեցվածքից հակամարտությունից առաջ ստեղծված լարված իրավիճակի եւ անմիջապես պատերազմի ժամանակ: 

Զեյնալովը քիչ հավանական է համարում այն, որ ՄԻԵԴ-ի բավարարած երկու հայցերը կարող են նախադեպային դառնալ փախստականների այս խմբի համար:

«Բաքվից հեռացած հայերի կամ Հայաստանը լքած ադրբեջանցիների կողմից ներկայացվող նմանատիպ հայցերը կձախողվեն: Վերջիվերջո, նրանց գույքն արդեն հատկացվել է նոր սեփականատերերին երկու երկրների իշխանությունների կողմից: Դա տեղի է ունեցել նախքան Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելը եւ ժամանակին չի բողոքարկվել ազգային դատարաններում», – ասում է փորձագետը:

«Ղարաբաղից տեղահանված անձանց դեպքում իրադրությունն ավելի պարզ է», – հավելում է Զեյնալովը՝ պարզաբանելով, որ քանի դեռ ԼՂ անկախությունը ճանաչված չէ, սեփականության նկատմամբ գույքային իրավունքները պետք է հիմնված լինեն խորհրդային ժամանակաշրջանի փաստաթղթերի վրա, իսկ սեփականությունը զբաղեցրած նոր անձանց գույքային պահանջները որեւէ իրավական ուժ չունեն:

Ալավերդյանն իր հերթին պնդում է, որ փախստականների գույքային իրավունքների վերականգնումը շարունակում է հրատապ խնդիր մնալ միջազգային իրավունքի տեսանկյունից, հետեւաբար տուժածները Ստրասբուրգի դատարանի համար հիմք հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության տակ են հայտնվում:

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանն ասում է, որ 1988-1990 թթ-ին շուրջ 500 հազար ադրբեջանահայ դարձել է փախստական, սակայն նրանց հայցերը չկան ՄԻԵԴ-ում:

«ՄԻԵԴ-ի որոշումը պարունակում է տարատեսակ տեղեկատվություն: Ոչ մի խոսք չկա այն մասին, որ 1988-1990 թթ. նշանավորվեցին ադրբեջանահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումներովեւ ցեղասպանության գործողություններով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում /Գանձակում/ եւ ադրբեջանական այլ քաղաքներում, որի արդյունքում ավելի քան 500 հազար մարդ դարձավփախստական: ՄԻԵԴ-ի որոշումներում զինված հակամարտությունն, ըստ էության, սկիզբ է առել 1988-ին, սակայն քննության առնված դատական հայցերը վերաբերում են միայն 1992-ին»,- նշում է Ասատրյանը:

Ալավերդյանը, սակայն, ընդգծում է դատարանի կայացրած վճիռների նշանակությունը, որ կարող է ստիպել իշխանություններին որոշակի պարտավորություններ ստանձնել ու կատարել:

«ՄԻԵԴ-ի դերակատարությունն այնքան հզոր է, որ նա չի նայում լարված են հարաբերությունները պետությունների միջեւ, թե՞ ոչ, պատերազմ կա, թե՞ չկա: Նա դիտարկում է, որ խաղաղ բնակչության հանդեպ պետություններն ունենիրենց պարտավորությունները եւ պետք է կատարեն»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան հույս է հայտնում, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներն ի վերջո կնպաստեն հակամարտության կարգավորմանը:

«Հատկապես դրական է այն հանգամանքը, որ հայցերը երկու կողմից են ներկայացվել: ՄԻԵԴ-ի կողմից այս գործերի դիտարկումը կանդրադառնա ղարաբաղյան հարցի վերաբերյալ իրազեկության մակարդակի վրա: Նման հայցերի քանակական աճը տեղեկատվական նշանակություն է ունենալու: Կարծում եմ՝ այս հայցերը կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հիմնական խնդիրն այն է, որպեսզի վերջապես երկու ժողովուրդների միջեւ եղած թշնամանքին վերջ տրվի», – ասում է Աբդուլաեւան:

Լիլիթ Առաքելյանը ազատ լրագրող է Հայաստանում: Նուրգուլ Նովրուզը ծածկանունով հանդես եկող լրագրող է Ադրբեջանում:

Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Համաշխարհային ձայներ պարբերականից: (www.iwpr.net)