Կոալիցիոն հուշագիրը` փիար ակցիա՞. վերլուծաբաններն ընտրություններում ԲՀԿ-ի միայնակ մասնակցության մասին

Կոալիցիոն հուշագիրը` փիար ակցիա՞. վերլուծաբաններն ընտրություններում ԲՀԿ-ի միայնակ մասնակցության մասին
Կոալիցիոն հուշագիրը` փիար ակցիա՞. վերլուծաբաններն ընտրություններում ԲՀԿ-ի միայնակ մասնակցության մասին

Ըստ երևույթին, նախագահն այլևս պաշտպանության և աջակցության կարիք չունի, և կոալիցիայի երկրորդ ուժեղ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստանը», ի տարբերություն փետրվարին ստորագրված եռակողմ հուշագրի, ընտրություններին միայնակ կմասնակցի:
Այդ մասին երեկ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` նշելով, թե ընտրություններին, իհարկե, մենակ են գնալու, և որ փոքրերը պետք է միանան մեծերին: Նա նշել է, թե հուշագրին միացել են, որպեսզի «երկրի նախագահն իրեն հզոր զգա»: Ծառուկյանը չի հերքել նաև այն, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր է իր սեփական թեկնածուով հանդես գա:
ԲՀԿ որոշումը վերլուծաբանները բնական են համարում:
«Սա շատ նորմալ երևույթ է: Երկրում ՀՀԿ-ից հետո երկրորդ ազդեցիկ ուժը ԲՀԿ-ն է: Ինչո՞ւ պետք է միայնակ չգնա: Իսկ կոալիցիոն հուշագիրը, ինչպես հասկացրեց Գագիկ Ծառուկյանը, նախագահին պաշտպանելու համար էր»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

ԲՀԿ որոշումը որքան էլ բնական լինի, այնուամենայնիվ անսպասելի էր և քննարկումների առիթ է տվել քաղաքական դաշտում տիրող տրամադրությունների մասին:

Արդյոք կոալիցան ճաքե՞ր է տալիս: Եվ եթե ԲՀԿ-ն պատրաստվում էր առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և անգամ մտածում է նախագահի սեփական թեկնածուի մասին, ապա ինչո՞ւ հանդիսավոր պայմաններում ստորագրեց կոալիցիոն հուշագիրը:

«Հզորները առանձին պետք է գնան, իսկ փոքրերը կարող են միավորվել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Մեդիալաբին»:

Այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է իշխանական ՀՀԿ-ն: Այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է թե, հանրապետականները ԲՀԿ-ի որոշումից իրար չեն խառնվել:

«99թ-ից այս կողմ ՀՀԿ-ն վաղուց իրար չի խառնվում, խառնվելու հայտարարություն էլ չկա այնտեղ: Դա ԲՀԿ-ի որոշելիք խնդիրն է` առանձին կմասնակցի, թե` ոչ»,- ասել է նա:

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` այսօր ԲՀԿ-ն Հայաստանի այն ուժերից մեկն է, որն ունի ազդեցություն և ռեսուրսներ:

«Ի տարբերություն, ասենք, ՕԵԿ-ի, «Բարգավաճ Հայաստանն» ունի իրական ազդեցություն: ԲՀԿ-ն պասիվ չէ: Միջոցառումներ է իրականացնում: Այլ հարց է այդ միջոցառումների արդյունավետությունը: Այդուհանդերձ, կուսակցությունը պասիվ չէ և բնական է, որ ցանկանում է առանձին մասնակցել ընտրություններին»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Փորձագետի կարծիքով` կոալիցիոն հուշագիրն ավելի շատ նախագահին պաշտպանելու համար էր և փիար ակցիա էր հիշեցնում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` կոալիցիոն հուշագրի ստորագրումն ամենևին էլ չէր նշանակում, որ ուժերը պետք է միավորվեն: Ինչ վերաբերում է կոալիցիայի ներսում տարաձայնությունների մասին ասեկոսեներին, քաղաքագետի կարծիքով` դրանք հազիվ թե համապատասխանեն իրականությանը:

«Չեմ կարծում: Կոալիցիայում այդպիսի գաղափար չկար, որ պետք է անպայման միասնական ցուցակով գնային: Եթե նկատել եք, Հանրապետական կուսակցության մեծ մասը նույնպես կողմ է, որ առանձին մասնակցեն, որովհետև ոչ ոք չի ուզում մյուս կառույցին իր հետ տանել»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am