Մեդիայի բևեռացումն ու ծայրահեղ թևերի բաժանումը թույլ չեն տալիս քաղաքացիներին իրազեկված ու գրագետ որոշումներ կայացնել. Անդրանիկ Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, տևական դադարից հետո Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս տվեց ոչ առցանց ձևաչափով, և այդ ասուլիսին ներկա էին մոտ չորս տասնյակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը ու ասուլիսին՝ ԶԼՄ-ներին հրավիրելու ընտրված ձևը:

– Freedom House-ը դեռևս մի քանի ամիս առաջ էր հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ վարչապետին հանդես գալ բաց ու թափանցիկ մամուլի ասուլիսներով։ Հայտարարության տեքստում նշել էինք, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու ապատեղեկատվությանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարության համար կարևորագույն թեմաների շուրջ։

Մեզ համար կարևոր է տեսնել, որ ՀՀ իշխանությունները այս պարագայում հետևում են միջազգային ու տեղական իրավապաշտպան ու մեդիա կազմակերպությունների քննադատություններին։ Հանրային մամլո ասուլիսները, թափանցիկ հաղորդակցությունն ու հաշվետվողականությունը կայուն ժողովրդավարություն կառուցելու հիմնաքարերից են։ Այս արժեքները նաև հնարավորություն են տալիս դիմակայելու ժողովրդավարությունը վտանգող ապատեղեկատվական արշավներին։ 

Մամուլի ազատության ցուցանիշը Freedom House-ը չափում է իր «Ազգերն անցումային շրջանում» ու «Ազատությունն աշխարհում» զեկույցներում։ Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստանն այստեղ անկում էր գրանցել ծանր վիրավորանքը քրեականացնելու կապակցությամբ։ Այս զեկույցների մեթոդաբանությունները հասանելի են կազմակերպության կայքում, ու, բնականաբար ազատ, բազմակարծիք ու ազդեցություններից զերծ մեդիան ամուր ժողովրդավարության կարևորագույն արժեքներից մեկն է։

– Նորմա՞լ է, որ ԶԼՄ ներկայացուցիչը, գործադիրի ղեկավարը տարանջատում են ԶԼՄ դաշտը՝ ընդդիմադիրների ու լոյալ կամ իշխանական թևերի բաժանելով: Սա ինչի՞ մասին է խոսում:

– Բևեռացումն ու ծայրահեղ թևերի բաժանումները հայաստանյան հասարակության մեջ հատկապես նկատելի դարձան 2018 թվականի շարժումից հետո, ու բևեռացման կրճատումը մեր աշխատանքի ուղղություններից մեկն է Հայաստանում։ 

Պատճառները բազմազան են․ հայկական մեդիաների մեծագույն մասի սեփականատերերի քաղաքական ու տնտեսական շահերը այս պատճառներից հիմնականն են։ Սա վտանգում է հանրային համերաշխությունն ու ժողովրդավարացումը, ինչի հետևանքները մենք բազմիցս տեսել ենք տարբեր թևերի կողմից մեդիան ու մարդկանց ինստրումենտալացնելու միջոցով, որոնք վտանգում են ժողովրդավարությունն ու թույլ չեն տալիս քաղաքացիներին իրազեկված ու գրագետ որոշումներ կայացնել։

– Նման դեպքերը հաշվի առնվո՞ւմ են, օրինակ՝ տվյալ երկրում խոսքի ազատության, մամուլի ազատ գործունեության հորիզոնականներ սահմանելիս, թե՞ ոչ, պարո՛ն Շիրինյան:

– Մամուլի ու խոսքի ազատության ցուցանիշները արտացոլվում են իմ նշած զեկույցներում։ Զեկույցները գրվում են՝ հետևելով հստակ սահմանված մեթոդաբանական հարցերին տեղացի հետազոտողների կողմից։ Այս գործընթացում ներգրավված են լինում նաև Freedom House-ի հայաստանյան ու ամերիկյան ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի կամ տարածաշրջանի հարցերով փորձագետներ։ 

Տարվա ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր իրադարձությունները դիտարկվում կամ տեղ են գտնում զեկույցում, իսկ նման տեղային դեպքերի ժամանակ, ինչպիսիք էին, օրինակ՝ ծանր վիրավորանքի քրեականացումը կամ ՀՀ վարչապետի կողմից երկար ժամանակ բաց հարցազրույցներ չտալն ու մամուլի ներկայացուցիչների հետ չհաղորդակցվելը, կազմակերպությունը հանդես է գալիս առանձին հայտարարություններով, եթե այդ իրադարձությունները, մեր գնահատմամբ, վտանգ են ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am