«Երևան մոլ»-ում տեղի ունեցավ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը

«Երևան մոլ»-ում տեղի ունեցավ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը
«Երևան մոլ»-ում տեղի ունեցավ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը

Մի քանի տարի բուռն քննարկումներից եւ սպասումներից հետո, այսօր վերջապես Երեւանում բացվեց «Քարֆուր» հիպերմարկետը: Հիպերմարկետի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել նաեւ Սերժ Սարգսյանը:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին:

Տեղեկացնենք, որ հիպերմարկետի բացման մասին խոսակցությունները շրջանառության մեջ էին դրվել դեռեւս 2012 թվականից, սակայն երեք տարի շարունակ տարբեր պատճառներով բացում հետաձգվում էր:

Առեւտրային ցանցի տարիներ ձգձգվող բացում բուռն քննարկումների առիթ էր հանդիսանում, քանի որ շատերի համոզմամբ հայտնի բրենդը Հայաստան չէր կարողանում մտնել երկրում տիրող մենաշնորհների, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետային բիզնեսին չխանգարելու համար: Անցյալ տարի մայիսին Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս խոսել էր ցանցի Հայաստանում ծավալվելիք գործունեության մասին:

««Քարֆուր»-ն ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին և լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում,-իր ելույթում ասել էր Ֆրանսուա Օլանդը:- Ցանկանում եմ նաև, որպեսզի «Քարֆուր»-ի հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին Ձեր երկրում ներդրումներ կատարելու համար և ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում:

Սակայն, վերլուծաբանները միանշանակորեն լավատես չեն, որ ամեն ինչ այդքան հրաշալի կարող է լինել` հաշվի առնելով այն, որ հունվարից Եվրասիական տնտեսական միության կազմում հայտնված Հայաստանում կանոններ թելադրողը Հայաստանը չի լինելու:

«Ակնկալիքները մի տարի առաջ եւ հիմա լիովին տարբեր են,-«Մեդիալաբին» ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը,-Նույնսիկ մուտք գործելով հայկական տնտեսական դաշտը «Քարֆուրը»` մաքսային տուրքերի եւ այլ հարակից հարցերով մեծ խնդիրների եւ ոչ մրցակցային պայմաններում կարող է հայտնվել, չհաշված իր` սպիտակ հաշվապահությունն ու տեղական դաշտում գործող ստվերայինը»:

© Medialab.am