Համաներում. թեժ քաղաքական զարգացումներին սպասելիս

Երկարատև սպասումներից հետո այսօր` մայիսի 26-ին, Հայաստանի Ազգային ժողովը ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը համաներում հայտարարելու մասին:
Թեև դեռևս պարզ չէ` Հայաստանի ընդդիմությունն ու իշխանություններն արդյոք կգնա՞ն բաց երկխոսության, որի մասին երկար ժամանակ խոսակցություններ են պտտվում, սակայն իշխանություններն արդեն իսկ այսօր համաներում հայտարարելով փաստորեն կատարեցին ընդդիմության պահանջներից վերջինը, որով ազատ կարձակվեն մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով ազատազրկված ընդդիմադիրները:
Ապրիլի 17-ին ընդդիմությունը իշխանության հետ երկխոսության գնալու երեք պահանջ էր ներկայացրել` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում, մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացում և քաղբանտարկյալների ազատ արձակում, որոնք համաներմամբ փաստորեն բավարարվում են` ծնունդ տալով ընդդիմություն-իշխանություն գաղտնի պայմանավորվածության մասին խոսակցությունների: Սակայն թե´ իշխանությունները և թե´ ընդդիմությունը բացեիբաց չեն հայտարարել այդ մասին:

 

«Մենք մեր խոսքը կասենք այն ժամանակ, երբ տղաները դրսում կլինեն, մեզ հիմա հետաքրքրում է միայն այն, որ նրանք ազատվեն»,- ասում է ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով` ստացել են համաներման տեքստը, սակայն իրենց չեն հետաքրքրում զուտ «իրավաբանական ձևակերպումները»:

Սերժ Սարգսյանը խորհրդարանին էր դիմել մայիսի 20-ին` համաներում հայտարարելու առաջարկով, որը նվիրված է երկրի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին: Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենց քայլերը կապ չունեն ընդդիմության պահանջների հետ, այնուամենայնիվ շատերը ներքաղաքական զարգացումները պայմանավորում են ընդդիմության և միջազգային կառույցների ճնշումներով:

«Գիտակցում եմ, որ ոմանք կփորձեն կապել համաներումը բացառապես մարտի 1-ի իրադարձությունների հետ, սակայն համաներումն ավելի համապարփակ ակտ է և ուղղված է առավել գլոբալ խնդիրների լուծմանը»,-հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Համաներումը, որը նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք երկրորդն է (առաջինը` 2009 թվականի հունիսից հետո, երբ մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով ազատազրկված տասնյակ ընդդիմադիրներ ազատ արձակվեցին), կկրճատի 397 բանտարկյալների պատժի ժամկետը, ներառյալ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների: Ըստ որոշման` համաներումը կկիրառվի մինչև 2011 թվականի մայիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

«Այս համաներումը կտարածվի Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի վրա»,- հայտարարել է Հրայր Թովմասյանը` անդրադառնալով երկու առանցքային ընդդիմադիրների ազատ արձակմանը:

Ընդդիմությունը, թեև խուսափում է իշխանությունների հասցեին քաղցր խոսքեր ասելուց` սպասելով իր համակիրների ազատ արձակմանը, սակայն դեռևս ապրիլի 28-ի հանրահավաքում ընդդիմադիր շարժման առաջնորդ, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե մինչև մայիսի 31-ը նրանք ազատ են արձակվելու:

Ընդդիմադիրները նույնիսկ հայտարարել են, թե հանրահավաքում ելույթ կունենան Սասուն Միքայելյանն ու ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ընդունված կարգի` համաներումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց մեկ օր անց, ինչը ենթադրում է, որ ընդդիմադիրներն առնվազն մինչև շաբաթ ազատ կարձակվեն:

Իշխանական ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասում է, որ համաներումը հասարակական հարաբերությունները բարելավելու և ներքաղաքական լարվածությունը թեթևացնելու նպատակ ունի:

«Ներում են ուժեղները, նրանք, ովքեր մեծահոգի են: Այն և´ իշխանության, և´ ընդդիմության կողմից դրական է գնահատվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

Սակայն շատերը համաներումը չեն կապում «մեծահոգության» հետ:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն հայտարարել է, թե երկրի ղեկավարության՝ համաներման վերաբերյալ որոշումը միջազգային կառույցների պարտադրանքն է։

«Միջազգային ճնշումը չէր լինի, եթե չլիներ ներքին ճնշումը»,- ասել է նա։

Ներքաղական զարգացումները վերլուծելիս, վերլուծաբաններն արդեն իսկ «թեժ քաղաքական աշուն » են կանխատեսում: Կովկասի ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարայանն ասում է, որ ՀԱԿ-ն ընտրություններից առաջ ավելի կտրուկ կդառնա իր հայտարարությունների մեջ `«մենք հաղթում ենք, մեր ստիպում ենք» թեզիսով:

«Իշխանություններն արձագանքում են կոնգրեսի գործողություններին, իսկ կոնգրեսը` իշխանությունների»,- ասում է Իսկանդարյանը` նշելով որ կանոնների մշակումը պահաջում են նաեւ միջազգային կառույցները:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն հայտարարել էր, թե Հայսատանը մինչեւ չափանիշներին համապատասխանելը, չի կարող դիմել ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին:

Մայիսի 9-ին, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգն էլ իր վերջին զեկույցով քննադատության էր ենթարկել Հայաստանի իշխանություններին` մասնավորապես անդրադառնալով մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության ընթացքին, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմության աջակիցների խնդրին:

© Medialab.am