«Մոսկվայից կոչ է գալիս, որ պետք է վերականգնել հայկական բանակը, բայց ուշ է»․ Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը:

– Տեսանելի է, որ ՆԱՏՕ-ի որոշումից հետո, որի համաձայն Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից, որից հետո էլ մի քանի պետություն դիմեցին ՌԴ-ին՝ պահանջելով հետ ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը փորձում են հիմա իրենց ուժերը վերադասավորել ու դիմադրություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին, որոնք շատ ակտիվ հարձակում են սկսել Ռուսաստանի դեմ։

Մոսկվայում կարծես թե բացահայտել են, որ հարկավոր է Հայաստանի բանակը արդիականացնել, ինչը, անկեղծ ասած, գնահատում եմ որպես կարգախոսային հայտարարություններ, որովհետև իրականում Ռուսաստանն այս ոլորտում չի կարող Հայաստանի համար որևէ առարկայական օժանդակություն ցուցաբերել։

– Այսինքն՝ Ռուսաստանից հնչած խոսքերը մնալու են հայտարարությունների՞ մակարդակում։ Ինչո՞ւ եք կարծում, թե ՌԴ-ն չի կարող առարկայական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին։

– Այո՛, ցավոք սրտի, այդպես է լինելու։ Համենայնդեպս, ռուսական կողմը հասկացավ, որ հայկական բանակի կազմալուծման քաղաքականությունը, որը մինչ օրս շարունակվում է, հարկավոր է դադարեցնել, որովհետև Ռուսաստանն ավելի մեծ մարտահրավերներ ունի ՆԱՏՕ-ի կողմից, որոնց պետք է դիմակայի։ Բայց դա չի արվում, որ մեզ ուժեղացնեն Ադրբեջանի դեմ, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Հայաստանն անհասկանալի է, թե Ռուսաստանի համար ինչ է։

Եթե պատերազմից հետո իշխող ուժը որդեգրեց քաղաքականություն, որ Հայաստանն ընդամենը տարածք է, որը պետք է պաշտպանեն ռուսական զորքերը, իսկ հայկական բանակը սիմվոլիկ դերակատարում պետք է ունենա մեր երկրի անվտանգության ապահովման հարցում, այսօր Մոսկվայից կոչ է գալիս, որ պետք է վերականգնել հայկական բանակը, բայց ուշ է, գնացքը գնաց, և իրենք պատերազմից հետո արեցին ամենը, որպեսզի մեր բանակն ունենա շատ ցածր մարտունակություն։

– Պարո՛ն Ղուկասյան, նախարարների հանդիպման ժամանակ խոսվել է նաև զինամթերքի մատակարարման մասին, բացի այդ էլ մենք տեսնում ենք, որ ՀՀ-ի տարածքում ավելանում է ռուսական սահմանապահների թիվը։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն, բացի Ռուսաստանից, այդպես էլ չի՞ ցանկանում այլ դաշնակից փնտրել իր անվտանգության ապահովման համար։

– Հայ ժողովուրդը հունիսի 20-ին հաստատեց Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որ ՀՀ-ն չպետք է բանակ ունենա, իր անվտանգությունը պետք է լիովին հանձնի Ռուսաստանին, բնական է, որ Ռուսաստանի դաշնակից պետությունը որևէ ռազմական օգնություն չի կարող ստանալ ՆԱՏՕ-ից և Արևմուտքից։ Նման օժանդակության նախապայմանը ՀԱՊԿ-ից դուրս գալն է։

Չեմ պատկերացնում, թե այդ ինչ մատակարարում պետք է լինի Ռուսաստանի կողմից, որ կարողանա մեր բանակի՝ պատերազմում ունեցած կորուստները վերականգնել։ Կոսմետիկ փոփոխություններ կլինեն, բայց արմատական փոփոխություններ ակնկալել անհնար է, առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանն ինքն այդպիսի ռեսուրսների չի տիրապետում, որ Հայաստանին օժանդակություն ցուցաբերի։

– Ռուսական սահմանապահների ավելացումը ՀՀ տարածքում ինչի՞ է հանգեցնելու ի վերջո, պարո՛ն Ղուկասյան։

– Դա պայմանավորված է հայկական բանակի կազմալուծման գործընթացով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադրություն չունի վերականգնելու հայկական բանակը, գտնում են, որ անվտանգությունը պետք է հանձնել ռուսական կողմին։ ՌԴ-ն նման քաղաքականություն իրականացրել է Աբխազիայում, Հարավային Օսիայում, որտեղ իրենք փոխարինեցին ազգային զինված ուժերին։

Այդ քաղաքականության նպատակն է հասնել այնպիսի վիճակի, որ հսկողության տակ վերցնեն տվյալ պետության անվտանգության ողջ հարցերն ու դրանով քաղաքական հսկողություն ունենան այդ պետության վրա։

Հիմա դա, ըստ էության, իրականացվում է Հայաստանում, և այս առումով ենթադրել, որ այս կառավարության օրոք մենք ազգային բանակ կստեղծենք՝ հիմնազուրկ է։ Ռուսաստանի մոտ էլ այսօր կա խնդիր՝ ի՞նչ անել, երբ Հայաստանի անզորությունը հասել է անտրամաբանական մակարդակի։

– Գործադիրի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապաշրջափակման ու անվտանգության հաստատման համար պետք է առավել ակտիվացնել փոխվարչապետների եռակողմ հանդիպումները, և որ Հայաստանը մտադիր չէ տարածքներ նվաճել, այլ պահպանել ինքնիշխանությունը և անվտանգությունը։ Նախ՝ արդյունավետ համարո՞ւմ եք այդ եռակողմ հանդիպումները, և որքանո՞վ է ինքնիշխան ՀՀ-ն այսօր՝ հաշվի առնելով ակնհայտ մի քանի իրողություններ։

– Սահմաններին ամեն օր ունենք միջադեպեր, շփման գիծը հասել է Հայաստանի սահմաններին, ինչը վկայում է, որ սա ոչ թե ինքնիշխան պետության վարքագիծ է, այլ սատելիտ քաղաքական ղեկավարության վարքագիծ է, որի նպատակն է եղել սպասարկել այլոց, այլ ոչ թե մեր ազգային շահերը։ Ենթադրել, որ ինչ-որ բան է փոխվել Փաշինյանի կամ նրա կառավարության մոտ, միամտություն է, նա ներկայացնում է մի քաղաքական ուժ, որն ունի կոնկրետ քաղաքական ծրագիր, և պետք է հավատարիմ մնա կապիտուլյացիայի պայմանագրին, ինչը և անում է։

Նիկոլ Փաշինյանի տեսլականը պատերազմից հետո եղել է այն, որ Հայաստանը կարիք չունի բանակի, և իր անվտանգության հարցերը պետք է հանձնի Ռուսաստանին, ընդլայնի ռուս-հայկական համատեղ զորախումբը և հայկական զորքերը լինեն օժանդակող ու երկրորդական դերում։ Այս դասավորության մեջ խոսել ինքնիշխանության մասին անհնար է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am