«Այս անգամվանը միջին ուժգնության երկրաշարժ էր և հիմա արդեն ունենք հետցնցումներ». Սոս Մարգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, փաստորեն 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիսում: Արդյոք կանխատեսելի՞ էր այսպիսի երկրաշարժը, և ի՞նչ սպասենք առաջիկայում:

– Ջավախքը մեր ամենաակտիվ գոտիներից է, որի մի մասը Հայաստանի տարածքում է, մյուսը՝ Վրաստանի: Մենք մեր բոլոր հարցազրույցներում նշում ենք, որ Ջավախքի խզվածքային գոտին հարաբերական շատ ավելի բարձր ակտիվություն ունի:

Բարձր ակտիվությունը չի նշանակում, որ հեսա ուժեղ երկրաշարժ է լինելու, պարզապես այդտեղ համեմատաբար ավելի շատ երկրաշարժեր են լինում, քան մյուս գոտիներում: Լինում են սովորաբար թույլ կամ միջին ուժգնության երկրաշարժեր: Այս անգամվանը միջին ուժգնության երկրաշարժ էր: Եթե հետևեք մեր հաղորդագրություններին, կտեսնեք, որ հարաբերական առումով Բավրայում տեղի ունեցած երկրաշարժերը ավելի շատ են: Այս դեպքում էպիկենտրոնում է ուժգնությունը կազմել 6 բալ, իսկ Բավրայում այն եղել է 4-5 բալ, Լոռիում՝ ավելի թույլ: Երևանում չի զգացվել:

Հիմա արդեն ունենք հետցնցումներ: Այս պահին մենք անհանգստանալու ոչ մի բան չունենք: Հիմա վերլուծություն ենք անում, քարտեզներով ամբողջը ցույց կտանք և ընդհանուր հայտարարությամբ հանդես կգանք:

– Ընդհանրապես ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տալիս: Հայաստանն ավելի սեյսմակայուն գոտի՞ է դարձել՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:

– Մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում, մենք ունենք փլվածքներ Հայաստանում: Ընդհանրապես, մեր տարածաշրջանն ամբողջությամբ սեյսմավտանգ է՝ Կովկասը, Հայկական լեռնաշխարհը: Պարզապես Ջավախքը մի փոքր ավելի մեծ ակտիվությամբ է բնութագրվում, քան մեր մյուս խզվածքները: Որպես օրինակ կարող եմ բերել Փամբակ- Սևանի, Երևանի խզվածքները:

– Բա՞րդ է կանխատեսել՝ առաջիկայում կունենա՞նք էլի երկրաշարժեր:

– Գիտեք, որ երկրաշարժի կանխատեսման մասին որ խոսում են, դա վերաբերում է ուժեղ երկրաշարժերին: Իսկ 4,5 մագնիտուդով երկրաշարժն ուժեղ չի: Երկրորդ`մենք մեր բոլորն ընթացակարգերով ամեն օր այդ վերլուծությունն անում ենք:

Երբ ասում եմ, որ այս պահին անհանգստանալու ոչինչ չունենք, դա երեկվա և այսօր գիշերվա կատարած վերլուծության արդյունքն է: Անհանգստացնող որևէ տեղեկատվություն չունենք: Իսկ երկրաշարժերի կանխատեսումը բարդագույն խնդիրներից է:

Մանե Հարությունյան

MediaLab.am