«Իշխանությունների հետ ստվերային որևէ կապ չունեմ»․Փաստաբանների պալատում պատրաստվում են նախագահի ընտրություններին

Փաստաբանների պալատի նախագահի սեպտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններում թեկնածուների առաջադրումն ավարտվել է օգոստոսի 20-ին։ Առաջադրված թեկնածուներն են փաստաբան Գևորգ Գյոզալյանը և Փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Սիմոն Բաբայանը։ Վերջինը, հիշեցնենք, համարվում է ՓՊ գործող նախագահ, քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող Արա Զոհրաբյանի մտերիմը և, թերևս, ՓՊ նախագահի պաշտոնում նրա ժառանգորդը։ Սիմոն Բաբայանը հատկապես հայտնի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարձակման գործով, երբ ներխուժել էր Աթանեսյանի գրասենյակ ու ծեծի ենթարկել նրան։

«Մեդիալաբը» փորձել է մի քանի հարց ուղղել թեկնածուներից Գևորգ Գյոզալյանին:

– Պարո՛ն Գյոզալյան, ինչո՞ւ այդուհանդերձ որոշեցիք առաջադրվել։

– Բավական դժվար է մեկ բառով ասել, բայց, ամեն դեպքում, եթե ընդհանրական գնահատական տամ, թե ինչու որոշեցի առաջադրվել, ապա կարող եմ ասել՝ Փաստաբանների պալատի այս իներտ վիճակը ինձ բնավ դուր չի գալիս։ Չի կարող մասնագիտական կազմակերպությունն այս աստիճան լճացած լինել, իսկ որ մենք լճացած ենք, դա ակնհայտ է․ բավականին երկար ժամանակ ընտրություններն անցնում են մեկ թեկնածուով, կամ ձևական շղարշ է ստեղծվում, թե թեկնածու կա, բայց բովանդակային առումով որևէ թեկնածու էլ չկա։

– Նաև Պալատը քաղաքականացված չե՞ք համարում, նախագահն էլ մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։

– Այո՛, այո՛, Պալատը ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Այդ առումով իմ քայլը նրան է ուղղված, որ կարողանանք մեր պալատը բերել մասնագիտական դաշտ։ Մենք նպատակ ունենք Փաստաբանների պալատը դարձնել մասնագիտական կառույց, որը կլինի պրոֆեսիոնալների հավաքատեղի։

Ես տեսնում եմ, որ ինքս կարող եմ այնտեղ ամբողջությամբ բարեփոխումներ իրականացնել և ապակենտրոնացնել Պալատը։ Պետք է վերացնել զանգերով ընտրությունները, առանց ծրագրերի ու ծանոթ-բարեկամ-ընկերական հարաբերությունների հիման վրա ընտրությունների այս համակարգը այնտեղ ամբողջությամբ պետք է կազմաքանդվի, ու անցկացվեն ռեյտինգային ընտրություններ։ Այն փաստաբանը, որը ռեյտինգ ունի, նա պետք է ընտրվի, այլ ոչ թե այն փաստաբանը, որին որևէ մեկը չի ճանաչում։

– Մյուս թեկնածուն Փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Սիմոն Բաբայանն է, որը հայտնի է որպես Արա Զոհրաբյանի մտերիմը և, ըստ էության, ժառանգորդ է համարվում։ Ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը։

– Բավականին բարդ է լինելու, այդ հարցի շուրջ ևս ես երկար եմ մտածել, որովհետև վերջին ութ տարիների ընթացքում Փաստաբանական դպրոցի դռները փակվել են բոլոր այն փաստաբանների առջև, որոնք քիչ թե շատ ռեյտինգ ունեն և, այդ ունկնդիրներին դասավանդելով, կարող էին իրենց ռեյտինգը բարձրացնել։ Բայց Փաստաբանական դպրոցի դռները տոտալ փակ են եղել հնաբնակ փաստաբանների առաջ, և, այո՛, ես կարծում եմ, որ նրանց հաշվարկը հենց դա է՝ հնաբնակներն ամեն ինչ գիտեն Պալատի անցուդարձի մասին, իսկ ունկնդիրները՝ ոչ, նրանք նոր են և որևէ մեկի, ըստ էության, չեն ճանաչում։

Շատ բարդ է լինելու հասնել ունկնդիրներին ու ասել, որ ընտրությունները պետք է լինեն ծրագրային և ոչ թե ծանոթության կամ զանգով խնդրանքների հիման վրա։

– Շատ են խոսում այս ընտրությունների վրա իշխանությունների կողմից միջամտության մասին՝ հաշվի առնելով նաև այն, որ դուք եղել եք գործող վարչապետի ներկայացուցիչը քաղաքացիական դատավարության շրջանակներում։

– Այո՛, փորձելու են նման կարծիքներ գեներացնել։ Ես շատ լավ հասկանում եմ նաև այդ տարբերակը, ես նման կանխազգացում ունեի։ Բան չունեն ասելու իմ թեկնածության, իմ անձի ու գործունեության վերաբերյալ և, բնականաբար, փորձելու էին նույնականացնել ինձ իմ վստահորդի հետ։ Այո՛, հայտնի հանգամանք է, որ ես դատարանում գործերից մեկով պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանի շահերը։ Իսկ ինչո՞ւ չի խոսվում իմ այն երեք-չորս վստահորդների մասին, որոնք հանրապետական են, և որոնց շահերը ես դատարանում պաշտպանել եմ։ Իմ վստահորդների ցուցակը քաղաքական իմաստով բազմապրոֆիլ է՝ ես ներկայացնում եմ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների։

Բայց, իհարկե, այդ մասին չեն խոսի։ Ինչևէ, թող խոսեն, բայց գիտակից մարդիկ ունակ են բամբասանքը տարբերել իրականությունից։

Ես ինքս իմ տեսակով գործող իշխանությունների ամենախիստ քննադատն եմ, իմ հարցազրույցներում էլ բոլորը կարող են դա տեսնել։ Իմ քննադատությունը բոլորի քննադատությունից տարբերվում է նրանով, որ այն հայհոյախոսություն չէ, կեղծ հայրենասիրություն չէ։

– Այսինքն՝ դուք պնդում եք, որ որևէ կապ չունեք իշխանությունների հետ։

– Այո՛, ստվերային որևէ կապ չունեմ։ Բայց ես ասացի, որ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից ունեմ վստահորդներ, որոնց շահերը պաշտպանում եմ դատարաններում։ Չի կարելի փաստաբանին նույնականացնել իր վստահորդի հետ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am