Արդարադատության միջազգային դատարանի որոշումը շատ ուժեղ հիմք է ստեղծում «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար. Արա Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը

– Պարո՛ն Խզմալյան, ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը, գիտեք՝ Հայաստանի հայցի հիման վրա որոշում է կայացրել: Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ հաղթաթուղթ է դա Հայաստանի համար:

– Նախ՝ պետք է նշել, որ Հայաստանը պահանջել էր կիրառել միջանկյալ միջոցներ: Միջանկյալ միջոցը, եթե փորձեմ համեմատել ներպետական ինստիտուտների հետ, ապա դա կլինի հայցի ապահովման միջոց կիրառելը: Երբ կա անմիջական վտանգ, որ այն իրավունքները, շահերը, որոնց պաշտպանության համար հայցը ներկայացվել է, կարող են անդառնալի վնաս կրել, դատարանը հարկադրում է քայլեր ձեռնարկել կամ զերծ մնալ քայլերի կիրառումից՝ այդ իրավունքներն ու շահերը սպառնացող վտանգից պաշտպանելու համար:

Հայաստանը պնդում էր, որ այսօր Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը, գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև այսպես կոչված «էկոակտիվիստներին» սատարելը սկսել են հանգեցնել մարդկանց իրավունքների ու շահերի վտանգի: Դատարանը ընդունեց Հայաստանի փաստարկը և դրա հիման վրա մի քիչ վերաձևակերպումներով բավարարեց Հայաստանի հիմնական պահանջը, այն է՝ անել ամեն հնարավորը ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկկողմանի ազատ տեղաշարժը:

Դատարանը չբավարարեց գազատարի հետ կապված պահանջը, ինչը ցավալի է, քանի որ ներկայացված ապացույցները, թե Ադրբեջանն է գազամատակարարման խափանումների հեղինակը, բավարար չհամարեց: Բայց ոչինչ, դեռ առաջին փուլն է, և Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունի նոր ապացույցներ ներկայացնելու ուշ դատավարության շրջանակներում: Այս պահի դրությամբ հիմնական պահանջը ներկայացված է, և դա շատ կարևոր է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայցին, շատ սպասելի էր, որ դա մերժվեց:

– Նկատի ունեք ականների՞ հարցը…

– Այո, ես դա հաղթանակ էլ չէի համարի, քանի որ լսումներից ակնհայտ էր, որ այդ պահանջը մերժվելու է, դա շատ սպասելի էր: Ինչ վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման նշանակությանը, դա այն է, որ այսօր Հայաստանն ունի դատարանի կողմից արձանագրված փաստ, որ փաստացի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով երաշխավորված իրավունքները վտանգվել են Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանին պարտավորեցվել է բացել Լաչինի միջանցքը: Դա չանել նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային ամենաբարձր դատական ատյանի որոշումը:

Ցավոք, հարկադրանքի միջոցներ կարող է կիրառել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Դա, ցավոք, քիչ հավանական է՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Բայց առնվազն կա շատ ուժեղ իրավական փաստարկ, որը պետք է Հայաստանի դիվանագիտությունը լայնորեն իրագործի: Այդ որոշումը նաև շատ ուժեղ հիմք է ստեղծում «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար:

– Դուք նկատի ունեք՝ արդեն ժամանակն է, որ այդ սկզբունքը դառնա բանակցության թեմա՞:

– Ես կտարանջատեի Ադրբեջանի հետ բանակցությունները ընդհանուր դիվանագիտական աշխատանքից: Բնական է՝ Ադրբեջանի հետ անիմաստ է այդ հարցով բանակցելը: Բայց սա կարող է մյուս միջազգային գործընկերների հետ թեմա դառնալ, ինչպես նաև՝ Ադրբեջանի վրա ճնշման միջոց:

– Իսկ «ճանաչում կամ անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է առաջ մղի հայկական կո՞ղմը, ինչպե՞ս պետք է լինի այդ սկզբունքի առաջմղումը:

– Դիվանագիտական աշխատանքի միջոցով: Դա առաջին հերթին պետք է անի արտգործնախարարությունը, բայց ոչինչ չի խանգարում այլ գործող անձանց՝ Արցախի իշխանություններին, հասարակական կազմակերպություններին, հատկապես՝ համահայկական, արտերկրում գործող հայկական կուսակցություններին, հայկական լոբբիստներին և այլ խաղացողների: Կարծում եմ՝ շատ լավ կլիներ, որ դա լիներ համակարգված, համենայնդեպս, բավական ակնհայտ է, որ եթե որևէ խաղացող ջանքեր գործադրի, վնաս չի տա:

– Դատարանի որոշումից փաստացի արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանը չի կատարում պահանջը, պաշտոնապես էլ կարծես ասել են, որ չեն պատրաստվում: Ասացիք նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հարկադրանքի միջոց, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, չի կիրառի: Այդ պարագայում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս պահանջել, ընդհանրապես՝ ի՞նչ կարող լինել դրանից հետո:

– Դժվար է հստակ ասել՝ ինչ կարող է լինել՝ հաշվի առնելով, որ քաղաքական քարտեզը անընդհատ փոխվում է: Տեսականորեն հարկադրանքի միջոց Ադրբեջանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից չենք կարող բացառել, բայց այս պահին դա շատ քիչ հավանական է: Պետք է պարբերաբար դիվանագիտական ճնշում գործադրել՝ առանձին պետությունների հետ աշխատելով ու սանկցիաներ կիրառելով:

Եթե ուղիղ պարտադրանք ու հարկադրանք չեն կարող գործել, ապա պետք է առանձին պետությունների հետ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսակցություններ սկսել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am