Ալեն Սիմոնյանի նախագիծը, որը զրպարտության համար մինչև 6 մլն դրամ տուգանք է սահմանում, ՍԴ-ն համարել է սահմանադրական

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 8-ի որոշմամբ սահմանադրական է համարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինական օրենսդրական նախաձեռնությունը, որը ժամանակին դժգոհության ալիք էր բարձրացրել մասնավորապես լրագրողական կազմակերպությունների շրջանում:

Խոսքը, նկատենք, մարտի 24-ին ԱԺ-ի կողմից ընդունված Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի մասին է: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով վիրավորանքի համար սահմանվում է մինչև 3 միլիոն դրամ տուգանք նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։

Խորհրդարանի ընդունած օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան: Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ փոխհատուցման առավելագույն չափի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու այդ փոխհատուցման որոշակիությունը, ինչպես նաև իրավաչափ հայեցողություն է ապահովում դատարանի համար յուրաքանչյուր կոնկրետ գործով՝ ելնելով գործի փաստական հանգամանքներից որոշելու փոխհատուցման չափը», -նշվում է ՍԴ որոշման մեջ: