«Ամեն մահի հետ մենք էլ ենք մահանում». կորոնավիրուսի դեմ պայքարում բուժքույր Նուշիկը՝ մեր աչքի առաջ երիտասարդների մահեր են՝ 28, 32 տարեկան

«Մենք ունեցել ենք մեր աչքի առաջ երիտասարդների մահեր՝ 28 տարեկան, 32 տարեկան։ Կորոնավիրուսից մահացած 28 տարեկան աղջիկը չի ունեցել ոչ մի հիվանդություն, ու մեզ համար դա շատ մեծ ցավ էր։ Ամեն մահի հետ մենք էլ ենք մահանում»,- ասում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բուժքույր Նուշիկ Ուռումյանը։

Նուշիկ Ուռումյանը արդեն երկրորդ տարին է՝ իր մասնագիտական պարտքն է կատարում՝ ներգրավված լինելով կորոնավիրուսի դեմ պայքարի բուժաշխատողների շարքում։

Ասում է՝ շուրջ երկու տարի է անցել վիրուսի տարածումից ի վեր, բայց դեռ վերջը չի երևում։ Ավելին՝ մահացության թվերն աճում են, երիտասարդներ են մահանում՝ չունենալով որևէ քրոնիկ հիվանդություն։

«Սովորական մարդու, դրսի մարդու պատկերացումից վեր է հիվանդանոցային իրավիճակը, մանավանդ վրակենդանացման բաժանմունքում, որտեղ ծայրահեղ ծանր հիվանդներ են, ու գրեթե ամեն օր մենք մահեր ենք ունենում»,- նշում է նա։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք, գրանցվել է 43 մահվան դեպք:

Բուժքրոջ խոսքով՝ քանի որ ծանր վիճակում բուժհաստատություն դիմողների թիվը մեծացել է, անցյալ տարվա պես հիվանդանոցներում մահճակալների ու տեղի խնդիր կա։ Այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա, դիմում են նաև երիտասարդներ, որոնց մոտ հիվանդությունը ևս ծանր ընթացք է ունենում։

«Ծանրաբեռնվածությունը գնալով ավելի է խորանում, ու չես պատկերացնում՝ մինչև ուր ենք հասնելու, ու ինչքան կարող է խորանալ այս ծանր իրավիճակը։ Հիվանդությունն ավելի է երիտասարդացել, մահացության դեպքերը շատացել են։ Վատն այն է, որ այդ ամեն ինչը կատարվում է մեր աչքի առաջ, ու էլ չգիտենք՝ ոնց անել։

Սարսափելի իրավիճակ է։ Մարդիկ էս ամեն ինչը տեսնելով՝ չեն ուզում պատվաստվել, մենք Հայաստանում ունենք պատվաստված բնակչության շատ ցածր տոկոս»,- նշում է բուժքույրը։

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212։

Ուռումյանն ասում է, որ այն հիվանդները, որոնք պատվաստված են եղել, վարակվել են, թեթև են տարել հիվանդության ընթացքը, բարդացումներ չեն եղել, մահեր չեն գրանցվել:

«Ես չգիտեմ դեպք, երբ մարդիկ պատվաստվել են ու ծանր տարել են։ Եղել են մարդիկ, որ պատվաստվել են, հիվանդացել են, եկել են հիվանդանոց, բայց թեթև են տարել, դուրս են գրվել»,- ասում է բուժքույրը։

Նուշիկ Ոռումյանը ցավով է նշում, որ մարդիկ հաճախ նաև բավականին ուշ են դիմում բուժհաստատություն, տանն ինքնաբուժությամբ են զբաղվում, ինչն էլ անդառնալի հետևանքներ է թողնում։

«Դեռ մինչև հիմա ժողովրդի մեջ կան թերահավատներ, որ էսքան բանից հետո չեն հավատում էս հիվանդության գոյությանը, մտածում են՝ թեթև մրսած են, ինքնաբուժությամբ զբաղվելով ծանրացնում են վիճակը, գալիս են հիվանդանոց, ու արդեն տարբերակ չկա, ոչ մի ձևով չես կարողանում էդ մարդուն օգնել։ 

Որովհետև, ենթադրենք՝ տվյալ մարդու թոքերն 85 տոկոսով ախտահարված են, ու արդեն բժիշկները ստիպված են արհեստական շնչառական սարք միացնել, ու քովիդի դեպքում, օրինակ՝ շնչառական սարքին միացված 50 հիվանդից մեկը կարող է դուրս գալ, էն էլ ինչ հրաշք պետք ա լինի, որ կարողանա դուրս գալ»,- ընդգծում է բուժքույրը։

Բուժքույրը խորհուրդ է տալիս՝ հիվանդության նշանների դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ, չթողնել հիվանդությունը խորանա, որ այլևս հնարավոր չլինի փրկել կյանքը․

«Սա սովորական վիրուս չի, գրիպ չի, շատ լուրջ հիվանդություն է։

Ամեն մահի հետ մենք մահանում ենք, դուք լսում եք, մենք ամեն օր տեսնում ենք, ամեն օր տեսնում ենք հայացքներ, որ վերջին անգամ, օրինակ՝ ինձ են նայում, ես զգում եմ, որ կուզենար իր կնոջը նայեր կամ մորը, կամ երեխային, կամ ամուսնուն»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am