«Ուսուցիչների միջև այդքան տարբերություն չպետք է դրվի, եթե փող ունեն, թող բազային աշխատավարձը դարձնեն գոնե 150 հազար դրամ». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, վերջերս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կամավոր ատեստավորման միջոցով ոչ բոլոր ուսուցիչներին կհաջողվի 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ, բայց երկար ժամանակ իշխանության ներկայացուցիչները հանրության շրջանում ստեղծում էին այն տպավորությունը, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է: Այս մոտեցումն ինչո՞վ եք բացատրում, ու այս գործընթացը ի՞նչ փոփոխություն կբերի կրթության ոլորտում:

– Դա հայտնի հնարք է, որն ընդունված է նաև մարքեթինգում, օրինակ՝ խանութներում հաճախ տեսնում եք, չէ՞, մինչև 70% զեղչ, ու շատ հաճախ մարդիկ այդ «մինչև» բառին ուշադրություն չեն դարձնում, ֆիքսում են 70-ը ու երբ մտնում են խանութ, տեսնում են, որ ընդամենը մեկ-երկու ապրանք է 70% զեղչված և, որպես կանոն, առանձնապես գրավիչ ապրանք չէ, հիմա նույն խնդիրն այստեղ է:

Երբ ասում ենք՝ մինչև 400 հազար, 260 հազարն էլ է մտնում մինչև 400 հազարի մեջ, իրականում շատ ավելի ճիշտ ու դիպուկ ձևակերպում է՝ ոչ թե ասել մինչև 400 հազար, այլ ասել, որ կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչները կարող են ստանալ 260-400 հազար դրամ, այս դեպքում կունենանք իրական պատկերը, որովհետև, այո՛, հասարակության որոշ խմբերի շրջանում արդեն կարծիք կա, թե ուսուցչի աշխատավարձը դարձել է 400 հազար:

Իրականությունն այն է, որ քննության արգելքը հաղթահարած ուսուցիչները ստանալու են մոտավորապես 260-300 հազար դրամ, եթե ունեն նաև տարակարգ՝ 300-ն էլ կարող է հասնել մինչև 400 հազար դրամի: Հասկանալի է, որ նախարարությունն այս քայլին գնում է, որպեսզի փորձի մարդկանց գրավել, և նրանք ուզենան դպրոցում աշխատել, որովհետև կլինեն մարդիկ, որ կմտածեն, թե իրենք կարող են այդ քննությունը տալ ու ստանալ այդ 300 կամ 400 հազարը: Այսկերպ գուցե որոշ մարդիկ տեղափոխվեն դպրոցում աշխատելու, այդ թվում կարող են նաև դասախոսներ էլ լինել, որովհետև եթե հասնեն մինչև 300-400 հազար՝ դա դոցենտի աշխատավարձից շատ ավելի բարձր է:

Բայց հասկանալի է, որ այդ շարժը կլինի միայն խոշոր քաղաքներում: Բայց մարդիկ այսօր դպրոցում չեն ուզում աշխատել ոչ միայն աշխատավարձով պայմանավորված, այլ նաև, որ այդ աշխատանքը շատ դժվար է: Այսօր ուսուցիչ աշխատելու համար պետք է կարողանալ ծնողների, աշակերտների հետ լեզու գտնել, որովհետև մեծ մասը չի ուզում սովորել, մոտիվացիա չունի, միջավայրը լավը չէ: Մեզ մոտ ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն միայն փողի հարցը չէ:

– Իսկ կամավոր ատեստավորման այդ մեխանիզմը կկարողանա՞ որոշ չափով նպաստել այդ ճգնաժամի լուծմանը:

– Կամավոր ատեստավորումը երկու խնդիր կլուծի. այո՛, որոշակի ներհոսք կլինի, հնարավոր է նաև, որ բուհերում մանկավարժական մասնագիտությունների գծով թեթև աճ լինի:

Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ քիչ է հավանականությունը, որ այս համակարգը ազդելու է կրթության ընդհանուր որակի վրա: Ես խնդիր չեմ տեսնում, թող մարդը ստանա այդ բարձր աշխատավարձը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ որևէ պահանջ չկա, այսինքն՝ դու կարող ես այդ քննությունը հանձնել, շարունակել նույն ձևով դասավանդել, ինչպես մինչ այդ էիր անում, չկա դասավանդման որակի բարձրացման որևէ պահանջ: Պետությունը չի խրախուսում այն ուսուցչին, որն ավելի լավ է սովորեցնում, խրախուսում է նրան, որը իր առարկայից լավ է քննություն հանձնում, բայց գուցե չի կարողանում լավ սովորեցնել աշակերտին:

Աշխարհում շատ երկրներ կան, որոնք ուսուցչի աշխատավարձը կապակցում են աշակերտի արդյունքի հետ, այսինքն՝ ասում են, եթե քո աշակերտները լավ արդյունք տան՝ աշխատավարձդ կբարձրացնենք, մեր պարագայում այդպես չէ: Ասում են՝ եթե թեստը լավ հանձնես՝ աշխատավարձդ կբարձրացնենք:

Մանկավարժության մեջ կա երկու տեսակի գիտելիք՝ առարկայական և առարկայի մանկավարժայնացված գիտելիք, օրինակ՝ երբ ուսուցիչը մաթեմատիկայի խնդիր է լուծում, դա առարկայի գիտելիքն է: Առարկայի մանկավարժայնացված գիտելիքն այն է, երբ ուսուցիչը, բացի այն, որ կարողանում է այդ խնդիրը լուծել, կարողանում է նաև աշակերտներին պարզ ու հասկանալի բացատրել, թե ինչպես լուծեն այդ խնդիրը: Կրթության մեջ ամենակարևորն այս երկրորդն է՝ առարկայի մանկավարժայնացված գիտելիքը:

– Պարո՛ն Խաչատրյան, ձեր նշած այս երկրորդ՝ մանկավարժայնացված գիտելիքին, կամավոր ատեստավորումը ուշադրություն չի՞ դարձնում:

– Այո՛, չի դարձնում, ստուգվում է միայն առարկայական գիտելիքը:

Գուցե ուսուցիչների դժգոհությունը այս գործընթացից նաև դրանո՞վ է պայմանավորված:

– Դժգոհության մի քանի պատճառ կա. նախ՝ իրենք համարում են, որ սա խտրական վերաբերմունք է, ասում են՝ ինչո՞ւ մյուս ոլորտներում այդպես չէ: Օրինակ՝ ինչո՞ւ չեն ասում՝ եկեք պատգամավորների համար սահմանենք 100 հազար բազային աշխատավարձ, իսկ բարձր աշխատավարձ ստանալ ցանկացողը թող գա օրենսդրությունից քննություն հանձնի, կամ մյուս ոլորտներում:

Դժգոհության մյուս պատճառն էլ թեստերի որակն է. համաձայն են, որ իրենց ստուգեն, բայց թեստերի որակն իրենց չի գոհացնում: Կան նաև ուսուցիչներ, որոնք վախ ունեն, որ կարող են այդ քննությունը չհաղթահարել, ու դա իրենց մասնագիտական հեղինակությունը կսասանի:

– Որպես մասնագետ՝ ընդհանրապես, ատեստավորումը, լինի կամավոր թե պարտադիր, ուսուցիչների համար անհրաժեշտ, օգտակա՞ր եք համարում:

– Ես կողմ եմ դրան, որովհետև եթե ընտրել ես կրթության ոլորտը, պարտավոր ես միշտ սովորել, որովհետև ապացուցված է, որ լավագույն սովորեցնողն այն մարդն է, որը սովորում է:

Ատեստավորման ընդհանուր գործընթացում խնդիր չեմ տեսնում, բայց խնդիր եմ տեսնում, որ այսքան շատ բացարձակացնում ենք այդ առարկայական գիտելիքի դերը: Ես կողմնակից կլինեի, որ մի քանի պարամետրերով ստուգեին ուսուցչի գիտելիքները: Այս պահին մենք ստուգում ենք երկու պարամետրով՝ բազայինը դրել ենք առարկայի գիտելիքը, և ունենք տարակարգ, որտեղ ուսուցիչները գնահատվում են, եթե, ասենք, ձեռնարկ կամ հոդված են գրել, վերապատրաստում անցկացրել:

Ես էլի կողմ եմ, որ առարկայական գիտելիքի համար լրավճար տրվի, բայց ոչ այսքան շատ, որովհետև ցանկացած համակարգում երբ ինչ-որ պարամետր ֆետիշացնում ես, դա բերում է նաև կոռուպցիոն ռիսկեր: Օրինակի համար՝ նախարարությունը պետք է շատ զգույշ լինի, որովհետև առաջանալու են կոռուպցիոն ռիսկեր, ասենք, ինֆորմացիայի արտահոսք, իրար օգնել, միջամտություններ և այլն, բոլորս էլ գիտենք, որ սա Հայաստան է, ու մշակույթի առումով շատ բան չի փոխվել:

Երկրորդ բանը, որ ինձ մտահոգում է, աշխատավարձի տարբերության մեծությունն է. աշխարհի զարգացած երկրներում տարբերությունը մեծ չէ, այսինքն՝ պետությունը չի անում այնպես, որ մեկը ստանա 108 հազար, մյուսը՝ 300-400 հազար, սա շատ մեծ տարբերություն է, և ուսուցիչների միջև կարող է բերել նաև անառողջ հարաբերությունների:

Հետևաբար պետք է համաչափ բարձրացվի, որովհետև մենք պետք է բոլոր ուսուցիչների մասին մտածենք, չէ՞ որ այն մի ուսուցիչն էլ է դասարան մտնում: Ուսուցիչների միջև այդքան տարբերություն չպետք է դրվի, եթե փող ունեն՝ թող գոնե բազային աշխատավարձը դարձնեն 150 հազար դրամ:

– Պարո՛ն Խաչատրյան, կրթության ոլորտում այս փոփոխությունն ինչի՞ն կնպաստի:

– Որոշ դրական զարգացումներ կլինեն, օրինակ՝ կլինեն ուսուցիչներ, որոնք արձակուրդներին կվերցնեն իրենց դասագրքերը կամ մասնագիտական այլ գրքեր ու կսկսեն մի փոքր վերանայել, ամրապնդել իրենց գիտելիքները: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ գնամ դպրոցում աշխատեմ, հաստատ կկարողանամ այդ շեմը հաղթահարել, մանավանդ որ այս տարվա թեստերը համացանցում կան: Այսպիսի դրվագային բաներ կլինեն:

Իսկ սա որքանո՞վ կարող է նպաստել մասնագիտական թափուր հաստիքների լրացմանը, քանի որ գիտենք՝ մասնագետների թափուր հաստիքներ կան, հատկապես մարզերի դպրոցներում:

– Կարող է լրացվել, որ, օրինակի համար, ինչ-որ մի դասախոս Երևանում կամ Գյումրիում չկարողանա թափուր տեղ գտնել, բայց, ասենք՝ ինչ-որ մի գյուղում, ոչ այնքան հեռու, կարողանա աշխատանք գտնել: Բայց դա մեծածավալ բնույթ չի ունենա ու խնդրի լուծում չի դառնա:

Ցավոք, հիմա կտրուկ նվազել է գիտություններ լավ սովորող երեխաների թիվը, որովհետև այդ երեխաները դեռ դպրոցից թեքվում են դեպի Այ Թի ոլորտ: Այսինքն՝ այն երեխան, որը կարող էր շատ լավ կենսաբանություն սովորել ու գալ աշխատել, գնում է Այ Թի, որովհետև այնտեղ ավելի բարձր են վարձատրում: Այսինքն՝ հույսը, որ այս ձևով բոլոր տաղանդները կգան դպրոց, արդարացված չէ:

Դրա համար պետք է նպաստել համաչափ զարգացմանը, այսօր ամբողջ ֆինանսը գնում է Այ Թի ոլորտ, այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությանը միայն ծրագրավորողներ են պետք, ու այդ ամբողջ տաղանդը գնում է այդ ոլորտ, ինչն ամբողջությամբ քանդում է մեր տեսական համակարգը, այսինքն՝ մեզ պետք է, որ երեխաները տեսնեն, որ, ասենք, կենսաբանն էլ է կարողանում իր մասնագիտությամբ զբաղվելով լավ գումար վաստակել, պատմաբանն էլ: Քանի դա չկա, շատ դժվար է լինելու, որովհետև մարդիկ գնում են այն ոլորտ, որտեղ շատ գումար կա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am