«Պուտինի նշած քարտեզներով դելիմիտացիան ու դեմարկացիան ընդունելի չեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանազատման մասին, ասել է, որ գործընթացի համար բավական է երկու կողմերի ու Ռուսաստանի մասնակցությունը, ուրիշի մասնակցություն պետք չէ, որովհետև քարտեզները ՌԴ բանակի գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև: Պուտինի այս խոսքից կարո՞ղ ենք եզրակացնել, որ նա այդ գործընթացից դուրս է թողնում տարածաշրջանային, և ոչ միայն, խաղացողներին:

– Բավականին մտահոգիչ ու վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունը, որն ունի մի քանի հասցեատեր: Առաջին հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, որոնց հասկացնում է, որ առանց Ռուսաստանի խնդիրը չի լուծվելու, և իզուր են այլ դաշնակիցներ փնտրում, ընդ որում՝ դա հավասարապես վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Վերջինս հույս ունի Թուրքիայի օգնությամբ նոր սահմաններ գծել ուժով կամ այլ կերպ: Հայաստանն էլ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ցույց տալիս միջազգայնացնելու Արցախի ու սահմանային խնդիրները:

Հայտարարության մյուս հասցեատերը արտաքին աշխարհն է՝ ի դեմս Արևմուտքի: Կարծում եմ՝ Պուտինի այս խոստովանությունը կամ հայտարարությունը պետք է դիտարկել Մարիա Զախարովայի՝ 3+3 ձևաչափ ձևաչափի վերաբերյալ հայտարարության հետ համատեղ, որում պաշտոնական Ռուսաստանը մեղադրում է Արևմուտքին՝ 3+3 ձևաչափի գործունեությունը թույլ չտալու մեջ:

Ինչի համար, Պուտինը, կարծես թե, ուղերձ է հղում դրսին, որ սահմանազատման գործընթացում Արևմուտքը ոչ մի կերպ պահանջված չէ ու չի կարողանա առանց իրեն դա անել:

Ակնհայտորեն Ռուսաստանը թողնում է, որ կողմերն ավելի խոր փակուղու մեջ հայտնվեն ու ստիպված լինեն դիմել իրեն:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ այդ քարտեզներում կան բաներ, որոնք փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, փոխանակել: Պուտինն անկլավնե՞րն է ակնարկում:

– Այո՛, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում է անկլավներին: Ըստ էության, նա խոսում է, որ կողմերը կարող են նաև պայմանավորվել փոխանակումների շուրջ՝ հրաժարվելով միմյանց տարածքում ունեցած անկլավներից, հանուն նոր սահմանագծերի:

Հնարավո՞ր է, որ այդ փոխզիջումների մեջ նաև մտնի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդքան շահարկվող զանգեզուրյան միջանցքը:

– Չէ՛, միջանցքը, ըստ էության, դրա հետ կապ չունի, ակնարկը վերաբերում է, այսպես ասած, ցավոտ անկլավներին: Պետք է նկատի ունենալ, որ կան բազմաթիվ տարածքներ, որոնք այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են, որոնք սակայն Հայաստանի տարածքում են:

Պուտինը հենց այս տարածքների մասին էր խոսում, չեմ կարծում, թե միջանցքի խնդիրն է, դա ապաշրջափակման մեջ տեղավորվող խնդիր է, սահմանային չէ:

Պարո՛ն Սաֆարյան, այնուամենայնիվ, եթե սահմանագծումը կատարվի այն քարտեզներով, որոնց մասին խոսում է Պուտինը, Հայաստանին որքանո՞վ է ձեռնտու լինելու:

– Իրականում ոչ մի կողմի համար էլ ձեռնտու չէ, ու այստեղ ՀՀ վարչապետը ճշմարիտ է, որ անգամ Ադրբեջանը չի ցանկանում դեմարկացիա իրականացնել մի քանի պատճառներով: Ադրբեջանը կարծում է, որ ինքը հաղթած կողմ է և կարող է ուժի թելադրանքով հասնել ցանկալի արդյունքի, երկրորդը՝ այնտեղ էլ են գիտակցում, որ կան տարածքներ, որոնք դելիմիտացիայի պարագայում հնարավոր է վերադարձվեն Հայաստանին, այսինքն՝ Ադրբեջանը հասկանում է, որ դելիմիտացիայով ինքն էլ է կորցնելու:

Ավելին, ինչպես ճիշտ նկատեցիք, Հայաստանի սահմանների ճանաչումը նույն Ադրբեջանին զրկում է Զանգեզուրի նկատմամբ հավակնություններից, իհարկե, Ադրբեջանը սա շրջանառության մեջ է դրել՝ որպես կոնտր առաջարկություն, որ եթե Հայաստանը շարունակի տարածքային հավակնություններ ցուցաբերել Արցախի մասով, ապա ինքը նույնքան իրավունք ունի Զանգեզուրի մասով հավակնություններ ներկայացնել:

Եթե Հայաստանը շարունակի պնդել Լաչինի միջանցքի մասին, ապա ինքը կխոսի Զանգեզուրի միջանցքի մասին: Այսինքն՝ սիմետրիկ ու կոնտր առաջարկներ են, բայց տվյալ պարագայում, եթե ինքը ճանաչեց Հայաստանի հարավում սահմանը, կնշանակի ինքն իրեն զրկում է Զանգեզուրի միջանցքն ունենալու հնարավորությունից:

Հայաստանի համար ևս խնդիր է, թեպետ այստեղ Հայաստանի դիրքերը մի փոքր ավելի պինդ են: Մեր մտահոգությունն էլ այն է, որ Հայաստանի արևելյան սահմանի ճանաչումը կարող է բերել ղարաբաղյան խնդրի փակման, բայց քանի որ հայկական կողմը արցախյան հակամարտության միջազգային հարթակում գոնե խնդրի ձևակերպում ունի, ընդ որում՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից այդ փաթեթի ամրագրում, Ադրբեջանը դա էլ չունի, նա ընդամենը մանիպուլացնում է եռակողմ հայտարարության հայտնի դրույթը, որում անգամ Զանգեզուր անվանումը հիշատակված չէ:

Այս ամենով պայմանավորված՝ ռուսական առաջարկությունը ոչ մի կողմից չի ընդունվում:

– Ձեր նշած այս բոլոր խնդիրները նկատի ունենալով՝ Ռուսաստանին կհաջողվի՞, այնուամենայնիվ, այդ քարտեզներով իրականացնել սահմանագծում ու սահմանազատում:

– Մոսկվայի հաշվարկն այնպիսին էր, որ կողմերն այնպիսի իրավիճակի մեջ հայտնվեն, որ ստիպված գնան, խնդրեն Մոսկվային անել դա, ընդ որում՝ ոչ միայն կողմերը, այլ նաև միջազգային հանրությունը, եթե տարածաշրջանում խաղաղություն է ուզում:

Նույն բանն արվեց պատերազմի ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը պատերազմի շրջանում՝ իր առաջին հարցազրույցի ժամանակ, գրեթե ակնարկում էր, որ մեր մոտեցումները գիտեք, սեղանին միշտ դրված են եղել, եկեք համաձայնեք իմ առաջարկած լուծմանը, պատերազմը դադարեցնեմ:

Մեկ տարի առաջ անուղղակիորեն դա տեղի ունեցավ, որքան էլ Արևմուտքը հրապարակավ չխոստովանեց դա, այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու մանդատը տվեց Մոսկվային:

Իհարկե, պատերազմից հետո Արևմուտքն ասում է Ռուսաստանին, որ քեզ միայն այդ մանդատն է տրվել, բայց ոչ հակամարտությունը սառեցնելու կամ քո ուզած ձևով լուծելու մանդատը, բայց Ռուսաստանը նույն ստրատեգիայով փորձում է տարածաշրջանում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Արևմուտքն այդ մանդատն էլ տա՝ լռելյայն կամ բարձրաձայն: Ռուսական քաղաքականությունը սա է:

– Իսկ այդ մանդատը և՞ս կտա:

– Բավականին բարդ հարց եք տալիս: Տեսանելի է, որ Արևմուտքը չի համաձայնում, որովհետև Արևմուտքի ու Ռուսաստանի կոնսենսուսը Ղարաբաղի հարցում առնվազն ֆիքսված է եղել մի շարք հայտարարություններում, որոնցում նրանք ԼՂԻՄ-ը ճանաչել են վիճելի տարածք, ԼՂԻՄ-ի հարակից տարածքները ճանաչել են օկուպացված, համաձայնել են, որ ԼՂԻՄ-ը պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, և որ միջազգային խաղաղապահ ուժեր պետք է լինեն:

Այսինքն՝ այս առումով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կոնսենսուս եղել է, դրա համար էլ պատերազմի շրջանում, այս տրամաբանությամբ, բացի պատերազմը կանգնեցնելուց այլ կոչ չէր էլ հնչում, և Ալիևը գիտեր, որ այդ կոնսենսուսը կա բոլոր խաղացողների միջև, ու Հայաստանն այդ իրավիճակում մնաց միայնակ:

Այս դեպքում պատկերն այլ է, Եվրամիությունը, Իրանը, ԱՄՆ-ն խոսել են սահմանների անխախտելիության մասին, Ֆրանսիայի հայտարարությունների մասին էլ չասեմ: Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում էլ բոլորի միջև կա կոնսենսուս, և Ռուսաստանը չի էլ կարող դեմ արտահայտվել այդ ամբողջականության սկզբունքին:

Հետևաբար, այդ նույն մեխանիզմն այստեղ կարող է չաշխատել, իհարկե, պրակտիկ քաղաքականության մեջ շատ բան կարող է փոխվել ու այլ լինել, բայց հաստատապես այս պարամետրը էական իրավիճակային տարբերություն է մտցնում ղարաբաղյան ու Հայաստանի տարածքային ամբողջականության խնդրի միջև:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am