«Ամեն տեղ թափթփվածություն է, պոպուլիզմ, ցուցադրական, փիառին միտված նպատակների սահմանում». կառավարման փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանության կողմից իրականացվող կառավարումը, որքանո՞վ են իշխանավորների խոսքն ու գործը համապատասխանում միմյանց:

– Կոնկրետ օրինակով եթե ասեմ՝ պետք է անդրադառնամ արդիական թեմայի՝ համավարակի դեմ պատվաստմանը ու դրանից բխող առողջապահության նախարարության գործողություններին: Պատվաստումը, բնականաբար, նորմալ երևույթ է, ու բոլոր առողջ դատողություն ունեցող մարդիկ էլ կողմ են պատվաստմանը, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ բազմաթիվ կյանքեր խլող հիվանդություններ հաղթահարվել են պատվաստման շնորհիվ:

Կոնկրետ քովիդի դեմ պատվաստման պարագայում կառավարության ու առողջապահության նախարարության դերն այն պետք է լինի, որ կոնկրետ ու հանգամանալից կերպով, քայլ առ քայլ մարդկանց իրազեկեին, որ մարդիկ հասկանային պատվաստվելու կարևորությունը, մասնագիտական խորհուրդներով կողմնորոշվեին՝ ո՞ր պատվաստանյութն ընտրել, իսկ հիմա ամենուր ոչ մասնագիտական քննարկումներ են, իսկ այս ամենը կարող էր կանխվել, եթե մարդկանց իրազեկումը պատշաճ կերպով իրականացվեր:

Չեն արել, ինչի հետևանքով էլ այժմ կիրառվող մեխանիզմները մարդկանց դիմադրությանն են հանդիպում, անգամ այն մարդկանց մոտ, որոնք ո՛չ դավադրությունների տեսությունների, ո՛չ սնոտիապաշտության հետևողներ են:

Բնականաբար, պետք է պատվաստման գործընթացն իրականացվի, բայց մյուս կողմից՝ համապատասխան կառույցներն իրենց հերթին դրա կազմակերպումը, փիառը պետք է նորմալ անեն:

Այդ նորմալ կազմակերպման բացակայությունը, խոսքի ու գործողությունների հակասությունը ինչո՞վ եք բացատրում:

– Այդ ամենը պայմանավորված է համապատասխան կադրերի բացակայությամբ, համապատասխան կառավարման մշակույթի բացակայությամբ, մեթոդաբանության չիմացությամբ, ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարճաժամկետ ծրագրերի բացակայությամբ, փորձի բացակայությամբ:

Կառավարությունը, ցավոք, 2018 թվականից սկսած էլ աչքի չընկավ պրոֆեսիոնալիզմով և արդյունավետությամբ: Բարձրորակ կադրերի հարցում Նիկոլ Փաշինյանի բախտն առանձնապես չի բերել, հաջողված օրինակներ գրեթե չունենք, ոչ մի նվաճում ու արդյունք չունենք:

Ամեն տեղ կան թափթփվածություն, ոչ կոմպետենտ մարդկանց կողմից որոշումների ընդունման արատավոր երևույթ, ամեն տեղ կան պոպուլիզմ, ցուցադրական, փիառին միտված նպատակների սահմանում: Փաստացի չկա նպատակաուղղված, վերահսկվող աշխատանք, երկրի կառավարում՝ ցածրից մինչև ամենաբարձր օղակներում:

Ու այս պարագայում առողջապահության նախարարությունը ևս բացառություն չէ, իրենք իրենց առաջ դնում են կարճաժամկետ նպատակներ ու փորձում դրանց հասնել: Այս կառույցն իր աշխատանքներում թերացել է, հանրության լայն զանգվածը պետք է վստահեր նրանց, պետությանը, կասկածներ շատ քչերի մեջ պետք է մնային:

Հիմա քաղում են իրենց թերացումների պտուղները, դրա համար էլ մեզ մոտ պատվաստումների ցուցանիշները հետադիմական երրորդ աշխարհի ցուցանիշներ են:

– Պարո՛ն Սարգսյան, արձանագրում եք, որ այն, ինչ ունենք այսօր, նկատի չունեմ միայն համավարակային պատկերը, անկազմակերպ կառավարման հետևա՞նք է:

– Իհարկե, բայց ոչ միայն այս կառավարության մասով կարող ենք այդ արձանագրումն անել, բոլոր կառավարությունների մասով: Բայց այս տիպի թափթփվածություն, այս կարգի ապիկար կառավարում, անհետևողականություն՝ անձամբ ես չէի պատկերացնում, երբ 2018 թվականին հեղափոխությունն իրականություն դարձավ:

Այս ձախողումներից կարող էին խուսափել, եթե ճիշտ տեղերում ճիշտ կադրեր նշանակեին, ոչ թե առաջնորդվեին հին հայկական արատավոր սովորույթով՝ կարևորը մերոնցից լինի:

Եթե համեմատելու լինեք՝ անկախ Հայաստանի ո՞ր իշխանությունն է կազմակերպված կառավարում իրականացրել:

– Բոլորն էլ անարդյունավետ են եղել, իրենց առաջ դրված խնդիրը չեն կատարել, չեն կարողացել պետությունն ամրացնել, պետականաշինությամբ զբաղվել: Բոլորն էլ սպասարկել են ռեժիմին, ոչնչով չեն ծառայել պետությանը: Եթե նորմալ կառավարություն ունենայինք, այս այլընտրանքային ճանապարհը՝ Տաթև-Սյունիք, վաղուց կառուցված կլիներ, տասնյակ այլընտրանքային ճանապարհներ կունենայինք:

Առաջնորդվել են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, թալանել են, ինչքան վատ բան կա՝ եղել է, բայց դրա հետ մեկտեղ պետք է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը կյանքի կոչեին: Սերժ Սարգսյանի օրոք կարող էին բազմաթիվ արատավոր երևույթներ լինել, բայց գոնե Հյուսիս-հարավ ճանապարհը նա պետք է ավարտին հասցներ:

Տարածքային համաչափ զարգացումն ընդհանրապես ձախողված է. Երևանից հեռանում ես, վերջ, մեծ մասում քարի դար է: Մեր բոլոր կառավարություններն էլ մի օրի են եղել, նույնն են, եթե անգամ «կազմակերպված են եղել»՝ կազմակերպված են եղել այլ նպատակի շուրջ, կազմակերպված աշխատեցնել այդ կոռուպցիոն բուրգը, իսկ արդյունքում՝ չենք ունեցել որևէ ենթակառուցվածք:

Հետևաբար՝ իմաստ չեմ տեսնում համեմատել, որովհետև բոլորն էլ նույնն են, իրենց առաջ դրված հիմնական խնդիրը չեն կատարում՝ պետության ամրացում, տարածքային համաչափ զարգացում, ենթակառուցվածքների ստեղծում, ինչը կբերի երկրի զարգացմանը, պետության կշռի ավելացմանն ու դերի բարձրացմանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am