«Կարճ ժամանակ անց և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը բախվելու են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ թեև իշխանությունները պնդում են, որ նոյեմբերի 9-ին որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ռուսական աղբյուրներում արդեն կան տեղեկություններ նման հանդիպման մասին: Հետաքրքիր է՝ Ադրբեջանում ինչ տրամադրություններ են, ինչ սպասումներ ունեն: 

-Որքան էլ տարօրինակ է հնչում, Ադրբեջանում այս թեմայով հանրային քննարկումները ծավալվում են Հայաստանում ծավալվող հանրային քննարկումների հիման վրա: Ադրբեջանական քարոզչական լրատվականներում հրապարակվող նյութերի մեծ մասը կազմվում է ՀՀ իշխանության և ընդդիմության ելույթների և հրապարակումների հիման վրա: Ալիևյան քարոզչամեքենան գերազանցապես թմբկահարում է թուրք-ադրբեջանական համագործակցությունը, ինչպես նաև իրենց իսկ կողմից շրջանառության մեջ դրված «միջանցքի» թեման: 

– Իշխանությունները շարունակում են խոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցով իրենք խորհրդակցում են Ադրբեջանի հետ: Առհասարակ, դուք ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այն օրակարգի վերաբերյալ, որի մասին խոսում են ՀՀ իշխանությունները: 

– Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել նշելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հստակ նպատակ է դրել տարածաշրջանում հարցերը լուծել միասնաբար՝ հիմքում ունենալով էթնիկ՝ թյուրքական գործոնը: Նրանք դա արտահայտում են թե՛ իրենց ելույթներում և թե՛ գործողություններում: 

Թուրքիան բաց և հրապարակային կերպով նախապայման է դրել Հայաստանի առաջ, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեսքով, ինչը ենթադրում է հրաժարում Արցախից և ոչ միայն դա: Այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան են պատկերացնում «խաղաղություն» ասվածի տակ, ուղղակի հայկական պետականության ավարտի մասին առաջարկ է: Հայկական կողմի հրապարակային հայտարարություններից ելնելով՝ դա ընդունելի չէ: 

Այդուհանդերձ, շարունակ խոսվում է «դրական ազդակների» մասին: Վերջերս էլ Չավուշօղլուն ակնարկեց, որ կան «դրական ազդակներ» պաշտոնական Երևանից: Չեմ բացառում, որ դա կարող է ասվել նաև հայաստանյան հանրային շրջանակներում լարվածության մեծացման համար: Բայց հավանական է, որ կա գաղտնի և փակ գործընթաց, որից հանրությունը տեղյակ չէ: Դրա համար էլ «դրական ազդակները» անհասկանալի են թե՛ հանրության լայն շերտերի և թե՛ վերլուծական շրջանակների համար: 

– Նախօրեին Էրդողանն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ, մասնավորապես, Վարանդա՝ ակնհայտորեն ցույց տալով, որ բոլոր հարցերով Ադրբեջանի կողքին է: Այս համատեքստում ի՞նչ կարող ենք ակնկալել այդ երկու երկրների միասնական հանդես գալուց: 

– Անցյալ տարվա 44-օրյա պատերազմում մեր կրած անհաջողության հետևանքով ամբողջությամբ խախտվել է տարածաշրջանային բալանսը: Արցախում և Արցախի շուրջ ստեղծված նախկին ստատուս քվոն, փաստացի, թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու երաշխիքն էր: 

Պատերազմից հետո անվտանգային մարտահրավերները էլ ավելի են խորացել: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանի այլ պետությունների համար: Վերջերս իրանա-ադրբեջանական լարվածությունը և այդ համատեքստում Անկարայի կողմից հնչող հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Ես կարծում եմ, որ կարճ ժամանակ անց և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը բախվելու են այդ տանդեմի հետ: 

Վերջնահաշվարկում՝ Թուրքիայի նպատակն է դուրս մղել ռուսական կողմին Հարավային Կովկասից: Այս մարտահրավերները պետք է նախ գիտակցել և դրան համարժեք քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում՝ հետևանքերը կլինեն անդառնալի նախևառաջ մեր պետության համար: 

– Որքան էլ իշխանությունները հայտարարում են, որ «միջանցքի» հարց չի քննարկվում, Ադրբեջանում այս առումով ի՞նչ են մտածում, քննարկում: Ի վերջո, հնարավո՞ր է, որ այդ «միջանցքը» տրամադրվի: 

– «Միջանցքի» մասին դիսկուրսը Ադրբեջանն ու Թուրքիան են շրջանառության մեջ մտցրել, և, դա, իհարկե, պատահական չէ: Նրանց նպատակն է ստեղծել ցամաքային անխափան կապ և դա անել ՀՀ սուվերեն տարածքի հաշվին: Հայկական կողմն էլ շարունակ ժխտում է դրա հավանականությունը և «միջանցքային» տրամաբանությունը: Կարելի է ասել, որ դա առնվազն այս պահին նաև մերժվում է Մոսկվայի և Թեհրանի կողմից՝ հնարավոր վտանգները հաշվի առնելով: 

Բայց ես կարևոր եմ համարում, որ հակառակորդ հարևանների առաջ քաշած դրույթները և դիսկուրսները մերժելու հետ մեկտեղ, մեր կողմից հնչեն բովանդակային քննարկումների համար անհրաժեշտ և մեր պետության շահերին համընկնող տեքստեր: Դրա պակասը ակնհայտ է, և բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է առաջ բերում:

Մանե Հարությունյան

MediaLab.am