Էդմոն Մարուքյանը փոխում է իր դիրքորոշումը ռեյտինգայինի վերաբերյալ

Էդմոն Մարուքյանը փոխում է իր դիրքորոշումը ռեյտինգայինի վերաբերյալ, մինչ խորհրդարանական ընտրությունները որպես «Ելք» դաշինքի անդամ հանդես եկող Էդմոն Մարուքյանը բավականին կոպիտ էր արտահայտվում ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ։

Ռեյտինգային ընտրական համակարգի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը ուշագրավ փոփոխությունների է ենթարկվել վերջին շրջանում: Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանը բազմիցս հանդես է եկել ռեյտինգային համակարգի դեմ խիստ քննադատությամբ, սակայն վերջերս նա հայտարարեց, որ ռեյտինգային համակարգը դրական դրսևորումներ է ունեցել և դրանից, մասնավորապես, շահել են մարզերը:

Մինչ խորհրդարանական ընտրությունները որպես «Ելք» դաշինքի անդամ հանդես եկող Էդմոն Մարուքյանը բավականին կոպիտ էր արտահայտվում ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ, մասնավորապես՝ ասելով, որ ամեն ինչ անելու է, որ այս ընտրակարգը դուրս մղվի ընտրական օրենսգրքից:

 
Այս տարվա հուլիսին, երբ ակտիվորեն ընթանում էին նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքները, Մարուքյանը հանդես էր գալիս ռեյտինգային համակարգը վերացնելու օգտին: Նա, մասնավորապես, ասել էր, որ այդ համակարգը միլիարդատերերի և քաղաքական գործիքների միջև մրցակցություն է առաջացնում և բարդ իրավիճակի մեջ դնում քաղաքական գործիչներին։

Մարուքյանը ռեյտինգային համակարգի անընդունելիության մասին խոսել է տարբեր առիթներով: Դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մարուքյանը ասել էր, որ այս խայտառակ ռեյտինգային համակարգը մարդկանց հանել է իրար դեմ և որ առաջին հերթին թեկնածուներն են  իրար դեմ պայքարում, որը որևէ կերպ չի նպաստում հավասար մրցակցային պայմաններին։

Այս հարցի շուրջ Մարուքյանի հռետորաբանությունը, սակայն, կարծես փոխվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի և հետընտրական փուլում: Մասնավորապես, քարոզչության ժամանակ նա ասել է, որ եթե փող չբաժանվի և ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվի կոնկրետ անձերի համար, ապա, մեծ հաշվով, այս ընտրակարգի պայմաններում էլ կարելի է նորմալ ընտրություններ անել։ Նա նաև նշել է, որ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից, իսկ ընտրական օրենսգիրքը պարզապես մեխանիզմ է։

Իսկ ահա հետընտրական հարցազրույցներից մեկում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համարը նշել է, որ ռեյտինգային ընտրակարգից շահեցին մարզերը, որովհետև դրա բացակայության դեպքում մարզերից ներկայացվածություն չէր լինի․ «Ռեյտինգայինը ապահովվում է տոտալ համապետական ներգրավվածություն․․․եթե ռեյտինգային համակարգը մենք կարողանում ենք մաքրել բիզնեսից, քրեաօլիգարխիկ տարրերից, մենք, ըստ էության, խնդիր չենք ունենա այս ընտրակարգով։ Այս ընտրակարգը կարելի է զարգացնել, զուտ այն իմաստով, որ շատ ձայն ստացողը մանդատ չի վերցնում քիչ ձայն ստացողը վերցնում է, էստեղ աբսուրդներ կան, այս մասերը կարելի է հղկել և զարգացնել այս ընտրակարգը»։

Կարինե Կիրակոսյան

fip.am