Տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի «Դուռը» խորագրով պատմվածքների առաջին համահավաք ժողովածուի շնորհանդեսը

Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է․ նա  դարձավ 75 տարեկան։

Սիրադեղյանի 75-ամյակի առթիվ գրողի գրական ժառանգության սիրահարները «Վանո 75» հոբելյանական միջոցառումների ծրագրերի շրջանակում կազմակերպել էին հանդիպում-քննարկումներ, գրական և թատերական ընթերցումներ, իսկ սիրադեղյանական օրն ամփոփվեց գրողի «Դուռը» խորագրով պատմվածքների առաջին համահավաք ժողովածուի շնորհանդեսով։

Գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան  Մատենադարանի գիտական համալիրի դահլիճում, անցավ ջերմ, հուզիչ, տխուր ու մարդաշատ միջավայրում։ Շնորհանդեսին ներկա էին Վանո Սիրադեղյանի մտերիմները, ընկերները, ծանոթներն ու անծանոթները, մարդիկ, որոնց մեկտեղել էր Վանո Սիրադեղյան գրողը։

«Ժողովածուում ներառված է անվանի արձակագրի՝ նախորդ բոլոր գրքերով լույս ընծայած պատմվածքները՝ այդպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի առաջին համահավաք ժողովածուն»,- իր ելույթում ասաց «Դուռը» պատմվածքների ժողովածուի կազմող Հովհաննես Հովակիմյանը։

Հովակիմյանը նկատեց, որ ժողովածուում զետեղված են բոլոր այն բացթողնված հատվածները, որոնք սպրդել են գրողի ստեղծագործությունների առանձին գրքերը հրատարակելիս։

Ներկաները վստահ են՝ Վանո Սիրադեղյանը կա ու մնալու է Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկը։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյան մտավորականն ու քաղաքական գործիչը, որը Հայաստանը սիրում էր մանրամասն, հոկտեմբերի 15-ին մահացավ Հայաստանի սահմաններից դուրս՝ օտարության  մեջ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am