Ինչո՞ւ է գալիս Հիլարի Քլինթոնը. Իրանում միջուկային զենքի հնարավոր արտադրությունը բարձրացրել է Հայաստանի կարեւորությունը

Ինչո՞ւ է գալիս Հիլարի Քլինթոնը. Իրանում միջուկային զենքի հնարավոր արտադրությունը բարձրացրել է Հայաստանի կարեւորությունը
Ինչո՞ւ է գալիս Հիլարի Քլինթոնը. Իրանում միջուկային զենքի հնարավոր արտադրությունը բարձրացրել է Հայաստանի կարեւորությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 4-ին սկսվող տարածաշրջանային այցելության շրջանակներում նաեւ Հայաստանն ընդգրկելը տարբեր քննարկումների առիթ է դարձել, մասնավորապես, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական ու հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:
Հարավկովկասյան տարածաշրջան Քլինթոնի նախատեսված այցը թվով երկրորդն է, առաջին անգամ ԱՄՆ պետքարտուղարը Հարավային Կովկաս ու նաեւ Հայաստան էր այցելել 2010-ի ամռանը, իսկ ԱՄՆ անկախության օրը դիմավորել էր Հայաստանում:
Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Քլինթոնը Երեւանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների օրակարգում են հայ-ամերիկյան գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացը, երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

Քլինթոնի այցից առաջ, ով ի դեպ, այցելելու է նաեւ Թուրքիա, այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե «հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես սառեցված չէ»: Թուրքիայի նախագահը այդ հայտարարությունն արել է ԱՄՆ կատարած տասնօրյա այցի ավարտին։

«Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ լայն մասշտաբով։ Կան եւ քաղաքացիական, եւ պաշտոնական կազմակերպություններ, որոնց հանձնարարություններ են տրվել այս հարցի առնչությամբ։ Ստատուս քվոն օգտակար չէ ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին»,- հայտարարել է Գյուլը:

Միեւնույն ժամանակ, Քլինթոնի այցից առաջ երեկ Սերժ Սարգսյանը ամենամյա պարգեւատրումների արարողության ժամանակ մրցանակ է հանձնել ազգությամբ թուրք գիտնական Ռագըփ Զարաքոլուին` Մեծ Եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար:

Այդուհանդերձ, հայաստանյան քաղաքագետները լուրջ ակնկալիքներ չունեն ԱՄՆ պետքարտուղարի այցից, եւ չեն կանխատեսում, որ այդ այցից հետո կարող է առաջընթաց արձանագրվել հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Մեդիալաբ»-ին ասում է, որ թե ԼՂՀ եւ թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում նոր զարգացման հիմքեր առայժմ չի տեսնում: Նրա խոսքով՝ առջեւում նախագահական ընտրություններ են եւ նշված խնդիրների վերարծարծումը նոր գործընթացներ սկսելու տեսանկյունից անիրական են:

«Իհարկե, երկու խնդիրներին էլ կողմերը անդրադառնալու են: Բայց միայն մտքերի փոխանակության եւ դիրքորոշումների ճշգրտման ու հնարավոր փոփոխությունների մասին խորհրդակցելու նպատակով»,- մանրամասնում է Սարոյանը:

Քաղաքագետի խոսքով, գործընթացի հետ կապված վերլուծություններ անելու համար պետք է հետեւել «իրենց մեկնաբանություններին, որոնք կլինեն մի քանի օրից»:

Սարոյանը ընդամենը հիպոթետիկ ենթադրում է, որ այցի նպատակներից է 2013-ի նախագահական ընտրություններին Հայաստանի իշխանության մտադրությունների պարզումը, մտքերի փոխանակումը, առանձին ճնշումների բանեցումը, սակայն այդ բոլորը փոխկապակցված հայ-ռուսական սերտ կապերի ֆոնին:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ Քլինթոնի այցը կապում է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների, այլ` Իրանի գործոնի հետ՝ այդ երկրի միջուկային ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների հետ:

Նրա խոսքով, դա ավելի շատ պլանային այց է, եւ հայ-թուրքական հարաբերությունների կամ ԼՂՀ հարցում որեւէ լուրջ զարգացում այդ այցի հետ կապված սպասել պետք չէ, քանի որ այդ պարագայում մինչեւ Քլինթոնի այցը այդ մտադրության մասին տեղեկատվական արտահոսք կկազմակերպվեր, ինչը չի արվել:

Բոզոյանը միաժամանակ ընդգծում է, որ Իրանի գործոնի ակտիվացմանը զուգահեռ բարձրացել է նաեւ տարածաշրջանի, դրա հետ մեկտեղ էլ նաեւ Հայաստանի կարեւորությունը, եւ համամիտ է այն տեսակետներին, որ այժմ փորձ է արվում Իրանի խնդրին Հայաստանի մոտեցումները համապատասխանեցնել միջազգային հանրության մոտեցումներին:

Նույնաբովանդակն կոչ շաբաթներ առաջ Հայաստանին էր ուղղել նաեւ Եվրամիությունը:

Բոզոյանը` հիշեցնելով, որ Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ իր 4 հարեւաններից միայն 2-ի հետ ունի բաց սահմաններ, միաժամանակ հավելում է, որ չնայած այդ գործոնի կենսական նշանակությանը Հայաստանն այս հարցում կարողացել է մինչ այժմ իրեն ճիշտ դրսեւորել:

Քլինթոնի այցից օրեր առաջ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը, որը թեպետ ավելի մեղմ է նախորդ 3 տարիների զեկույցներից, սակայն քննադատում է ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները, ոստիկանական ու բանակում տեղի ունեցող բռնությունները:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am