«Բացարձակ չի հետաքրքրում». ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանը Ղազինյանի թեկնածության առաջադրումը կանխող նախագիծ է դրել շրջանառության մեջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որն առնչվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին:

Ընդդիմադիր այս պատգամավորը, հիշեցնենք, արդեն 12-րդ անգամ է՝ չի ընտրվում ընդդիմության համար նախատեսված ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, բայց «Հայաստան» խմբակցությունն էլ իր հերթին այլ թեկնածու չի առաջադրում: Իշխանական խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը փակուղուց ելքը գտել է և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն առաջարկում է լրացնել նոր հոդվածով՝ «Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու»:

Օրինագծի հիմնավորման մեջ պատգամավորը նկատել է, որ եթե օրենքը կարգավորում է հանձնաժողովի նախագահի ընտրության կարգը, ապա փոխնախագահի պարագայում օրենքում բաց կա:

«Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չունենք կարգավորում, որում հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:

Գործնականում պարզ է դարձել, որ այս մասով օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, որին հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:

Այս բացը չկարգավորելու հետևանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին և ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- նշել է Գաբրիելյանը:

Կատարվող փոփոխության արդյունքում լրացվելու է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը, և արդյունքում եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Պատգամավորն ակնկալում է, որ այս փոփոխության արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը բնականոն ընթացք կունենա:

Պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին անմիջապես առնչվում է այս նախագիծը, անլուրջ է որակում թեման:

«Դա բացարձակ անլուրջ թեմա է: Էն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, մեր ընտանիքների, մեր երեխեքի, մեր երկրի հետ, բացարձակ անլուրջ թեմա է: 100 տարի էլ անցնի, ես չեմ մեկնաբանելու եսիմում գրած օրենդրական նախաձեռնությունը: Մտածել են, ինչ ուզում են թող անեն, խնդիրն իրանցն ա, թող լուծեն: Չի հետաքրքրում բացարձակ»,- «Մեդիալաբին» ասաց Ղազինյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am