«7-8 ամիսը կարճ ժամանակ է 30 տարի ավերված ու ճահճի մեջ թաղված երկիրը քաշելու, դուրս բերելու համար»․ Արմեն Մովսիսյան

«7-8 ամիսը կարճ ժամանակ է 30 տարի ավերված ու ճահճի մեջ թաղված երկիրը քաշելու, դուրս բերելու համար»․ Արմեն Մովսիսյան
«7-8 ամիսը կարճ ժամանակ է 30 տարի ավերված ու ճահճի մեջ թաղված երկիրը քաշելու, դուրս բերելու համար»․ Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

– Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում սփյուռքի նախարարության լուծարումը, և ընդհանրապես, նախարարությունների միավորումը, որի արդյունքում 17 նախարարությունների թիվը կդառնա 12։

– Անկեղծ ասած, այդ գործընթացն ինձ համար նորություն չէ։ Ես ակնկալում էի, որ այդպես էլ կլինի, շատ հանգիստ եմ վերաբերվում, որ սփյուռքի և մշակույթի նախարարությունները վարչություն են դառնում։ Անկեղծ ասած, եթե վարչություն էլ չդառնային, դրանից ոչինչ չէր տուժի։ ԱԳՆ ամեն մի դեսպանատանը կան մշակույթի կցորդներ և նաև ԱԳՆ-ի գործն է դա, թող զբաղվի սփյուռքի հարցերով, քանի որ ինքն է ներկայացնում երկիրը դրսում։ Իսկ մշակույթի նախարարությունը ես չգիտեմ, թե ինչ է։ Ամերիկայում չկա մշակույթի նախարարություն, ոչինչ, մի կերպ յոլա են գնում։

– Կարծում եք, որ այս նախարարությունները ժամանակի ընթացքում ուռճացվա՞ծ կառույցներ էին՝ իրենց մեծ հաստիքներով։ Այդ դեպքում ո՞րն էր պետության կողմից դրանք պահելու նպատակը։

– Ուռճացված կառույցներ էին, բարեկամ, ծանոթ, ծանոթի բարեկամ, նոր պաշտոններ, յուրայինների պարտքի տակից դուրս գալու համար բացել նոր նախարարություն, նոր աշխատատեղ։ Ես այսօր այդ նախարարությունների շատ փոխնախարարների գիտեմ, որ սփյուռքում են, այսինքն՝ այնպես չէ, որ շատ կարևոր գործով էին զբաղված։ Կարծում եմ՝ այդ նախարարությունները խորհրդային ժամանակներից մնացած ատավիզմ են, որ մեկ փոքրացնում էին, մեկ ընտրությունների ժամանակ որևէ մեկի սիրտը շահելու համար ավելացնում էին նախարարությունների թիվը։ Հուսամ՝ վերջին անգամ կրճատումը կլինի, և դրանք այլևս չեն վերականգնվի։ Այնպես որ, շատ լավ միտք է՝ կրճատել պետական ապարատը, որը նստած էր բյուջեի վրա, իսկ այսօր պետությունը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք ֆինանսների կարոտ են։ Այնպես որ, իմաստ չեմ տեսնում այդքան մեծ թվով պետական ապարատ պահելը:

– Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որտեղ մարդիկ բողոքում են նախարարությունները փակելու, լուծարելու դեմ։ Ասում են՝ ոչ մեկի հետ չեն խորհրդակցել, գուցե բարձրացնեին նույն նախարարությունների արդյունավետությունը, ոչ թե միավորման գործընթաց գնար։ Չե՞ք կարծում, որ սփյուռքը կարող է հիասթափություն ապրել։

– Իսկ ի՞նչ է արել սփյուռքի նախարարությունը, որ հիմա պետք է հիասթափություն ապրել։ Ես չգիտեմ, թե սփյուռքն իր վրա երբ է նախարարության գոյությունն զգացել։ Ես այդ հարցում շատ կոշտ եմ տրամադրված և կարծում եմ՝ ցրելը ճիշտ է։ Ես հասկանում եմ, կան մարդիկ, որ անգործ են մնալու, բայց եթե ոչինչ չանելով աշխատավարձ են ստացել պետական բյուջեից, դա արատավոր պրակտիկա է, և պետք է մի օր կանգնեցվի։ Մեր երկիրը այդքան հարուստ չէ և չի կարելի բյուջեի հաշվին մարդկանց կերակրել, որոնք ոչինչ չեն անում։

– Այսինքն՝ դուք կարծում եք, որ սփյուռքի նախարարության դերակատարումը մեծ չէ՞ր։ Հայաստան-սփյուռք համաժողովներ էին կազմակերպվում, «Արի տուն» ծրագիր էր իրականացվում։ Կարծում եք՝ դրանք ձևական բնո՞ւյթ էին կրում։

– Միանշանակ ձևական էին։ Բացի մարդկանց պատվոգրեր ու շքանշաններ բաժանելուց, թե ուրիշ ինչո՛վ էին զբաղված, ես չեմ պատկերացնում։ Շատ կուզեի մեկը հասկանալի մեկնաբաներ, թե ո՛րն էր նրանց գործունեությունը։ Ես հիշում եմ այն խայտառակությունը, երբ մի տղա տիեզերագնաց էր դարձել, նախարարն ընդունել էր։ Թյուրիմացության վիճակ էր, այն ժամանակ այդպիսի կազուսներ էին լինում։ Էդ որակի էլ նախարար ունեինք։ Կամ այդ «Արի տուն» աբստրակտ կոչը, չգիտեմ՝ ո՛ւմ ուղեղի փայլատակումն էր: Փոխվելուց հետո նոր նախարարն ընդամենը 6 ամիս մնաց։ Չեմ կարող ասել, որ այդ ընթացքում ինչ-որ ռեալ բան տեղի ունեցավ։ ԱՄՆ այցելության ժամանակ, երբ հավաքվել էր ամբողջ հայ համայնքը, ելույթ էր ունենում նախարարը, անկեղծ ասած՝ չտպավորվեցի։ Թե ինչ քաղաքականություն էր տանելու նոր նախարարը, նրա փաստարկներն ինձ համոզիչ չթվացին։

– Ինչպե՞ս եք գնահատում 2018 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կային, կայի՞ն հիասթափության պահեր, վրիպումներ, թե՞ ոչ։

– Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Հիշենք, որ ընդամենը 7-8 ամիս է, որ փոփոխություններ են սկսվել Հայաստանում։ Դա կարճ ժամանակ է 30 տարի ավերված ու ճահճի մեջ թաղված երկիրը քաշելու, դուրս բերելու համար։ Եթե այդ տեսանկյունից նայենք, կհասկանանք, որ արդեն մեծ ձեռքբերում է այն փաստը, որ այն դռները, որոնց առաջ 1996 թվականին մեզ ջրցաններով ջրում էին ու մարտական փամփուշտներով օդ էին կրակում ԱԺ-ի դարպասների մոտ, բացվեցին։ Այն դարպասները, որոնց առջև զոհվածների մայրերը ցույցեր էին անում՝ պահանջելով արդարություն երկրի նախագահից, հանկարծ բացվեցին։

Դա ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև հուշում է այն մասին, որ այդ փոփոխություններն ունեն խորանալու և ավելի արմատական դառնալու նպատակ։ Մարդիկ, որոնք 6-7 ամիս առաջ լռում էին կամ վախենում էին բառ անգամ արտասանել, հիմա համարձակ են դարձել, իրենց կարծիքն արտահայտում են։ Դա իսկապես խոսում է երկրում մթնոլորտի փոփոխության մասին։ Սա արդեն շատ դրական միտում է, հեղափոխության դրական արդյունքն է։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն նպատակ ունի երկիրը հանել այս ճահճի վիճակից։ Ես դրանում չեմ կասկածում ոչ մի ակնթարթ։ Նոր տարի բոլորս մտնում ենք նոր հույսերով, նոր սպասումներով, իսկ 2018 թվականի ապրիլ-մայիսը բոլորիս համար մեծ նվեր էր։ Շատ չհամարեմ, բայց դա մեր պատմության մեջ եզակի նվեր է, որից, հուսամ՝ մենք կկարողանանք ճիշտ օգտվել։

Մանե Հարությունյան

MediaLab.am