«Հնարավո՞ր է պետության մեջ լինի այսքան թունավորում, և կառավարությունը չարձագանքի դրան». ինչո՞ւ են հաճախացել սննդային թունավորումները

Վերջին շրջանում Հայաստանում սննդային թունավորումների շղթայի հետևանքով մի քանի հարյուր մարդ է թունավորվել, այդ թվում՝ երեխաներ: Սկզբում՝ «Տաշիր պիցցա» արագ սննդի կետերում, այնուհետև մանկապարտեզներից մեկում, իսկ օրերս էլ՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններում: Միայն նոյեմբերի ընթացքում թունավորման չորս դեպք է գրանցվել:

Վերջին թունավորումների պարագայում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրել էին, որ թունավորված անձանց մոտ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելլա։ Նույն հարուցիչը հայտնաբերվել է նաև սննդի կետի աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված տավարի հում՝ կիսաֆաբրիկատ մսում։ Սննդամթերքի հետ շփվող մակերեսներից էլ ստաֆիլոկոկ է հայտնաբերվել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը պնդում է՝ թունավորումների այս և նախորդ ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերը վկայում են, որ կառավարությունն անտարբեր է մարդկային կյանքերի նկատմամբ:

«Հայաստանում մենք չունենք համակարգ, որը կապահովի սննդամթերքի անվտանգությունը: Իրավիճակը իրականում պետության վերաբերմունքն է սննդամթերքի անվտանգությանը»,- «Մեդիալաբին» ասում է Պիպոյանը:

Նրա համար տարօրինակ է՝ ինչու կառավարության ուշադրությանը չեն արժանանում նման զանգվածային թունավորումները, ինչո՞ւ չի ստեղծվում հանձնաժողով՝ ուսումնասիրելու, քննելու կատարվածը ու կանխելու հետագայում նման իրավիճակները:

«Ես այս ոլորտում 10 տարի է՝ ուսումնասիրություններ եմ իրականացնում և երբ հետադարձ հայացք եմ գցում նախորդ 10 տարիների կառավարության գործունեությանը, կարող եմ ասել, որ երբևէ չի եղել, որ սննդամթերքի անվտանգությունը կառավարության քննարկման թեմա չլինի: Հնարավո՞ր է պետության մեջ լինի այսքան թունավորում, և չլինի արձագանք: Այսօր էլ կառավարության նիստին այդ իրավիճակին անդրադարձ չեղավ: Սա պետության ուղիղ վերաբերմունքն է խնդրին, իսկ անտարբերությամբ խնդրին լուծում չի տրվի»,-ասում է Պիպոյանը:

Նա հիշում է՝ կառավարությունն անտարբեր էր նաև նախորդ տարի Արմավիրի մարզում օղու սպիրտի թունավորման դեպքի ժամանակ, երբ գրանցվեցին մահեր և հավելում. «Որևէ ծառայողական քննություն չեղավ, չպարզվեց՝ արդյոք պետական օղակները թերացել էի՞ն, թե՞ ոչ: Այս պարագայում եզրակացությունը մեկն է՝ կառավարության համար մարդկային կյանքը բարձրագույն արժեք չէ»:

Մյուս խնդիրը, ըստ Պիպոյանի, այն է, որ բացի ՊԵԿ-ից, մյուս բոլոր պետական օղակների կողմից ստուգումներն իրականացվում են բիզնեսի շահերից ելնելով, այսինքն՝ ստուգող մարմինները չեն ցանկանում շատ նեղացնել բիզնեսին՝ վերահսկողություն սահմանելով: «Այդ մարմինները չեն էլ թաքցնում, որ պետք է հաշվի առնել բիզնես շահերը: Բիզնեսին չնեղացնելը ենթադրում է աջակցություն բիզնեսին, բայց վերահսկողությունը թուլացնելը կամ դրա բացակայությունը բիզնեսին աջակցություն չէ: Ստացվում է՝ ո՛չ աջակցում ես, ո՛չ վերահսկում: Դա շատ հստակ է, պետք է հասկանալ»,- ասում է Պիպոյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչության պետ Վահե Դանիելյանը հակադարձում է՝ վերահսկողություն կա, շատ լավ իրականացվում է, և չի մոռանում ընդգծել՝ ոչ մի երկիր ապահովագրված չէ սննդային թունավորումների դեպքերից:

«Թեև մենք ունենք որոշակի խնդիրներ, սակայն պետք չէ խնդրին նայել այն տեսանկյունից, թե մեր երկրում շատ վատ հակասանիտարական վիճակ է, ինչով էլ պայմանավորված առաջանում են նման խնդիրներ: Այս տարի, այո՛, իրար հետևից թունավորումների դեպքեր ունեցանք, որոնք մարդկանց թվով մի փոքր ավելի էին: Բայց յուրաքանչյուր դեպքով տեսչական մարմինն առողջապահության նախարարության հետ իրականացնում է անհրաժեշտ գործառույթներ և կանխարգելիչ միջոցառումներ՝ խնդիրներից հետագայում ապահովագրվելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Տեսչական մարմնի պաշտոնյան համաձայն չէ, որ պետական մարմինը վերահսկողություն չի իրականացնում և հակադարձում է հարցով. «Տարեկան 1000-ից ավելի ստուգումները ձեր կարծիքով ինչի՞ն են միտված, տարեկան 60-ից ավելի արտադրական ձեռնարկությունների առանձին գործառույթներ են կասեցվում՝ դրանք ինչի՞ն են միտված: Կանխարգելիչ չե՞ն դրանք»:

Նրա խոսքով՝ աշխարհում սննդային գործոնով պայմանավորված տարեկան 600 մլն մարդ է թունավորվում, իսկ 420 հազար մարդ էլ մահանում է, և Հայաստանը դրանից չի կարող անմասն լինել:

«Հայաստանը չի կարող ապահովագրված լինել այն ռիսկերից, որոնք վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհին: Ամբողջ միջազգային հանրության խնդիրն է սննդամթերքի անվտանգության ոլորտում նոր ուղիներ փնտրելը, որպեսզի կարողանանք այդ ռիսկերը նվազեցնել, քանի որ չեզոքացնել հնարավոր չէ»,- նշում է Վահե Դանիելյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am