Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե դրանք անպետք ու անօգտակար քարտեզներ են եղել, և իրենք իրենց խաբված են համարում. Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից 3 օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Հայկական կողմը, սակայն, ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այս տեղեկությունը։ Ի՞նչ եք կարծում, ադրբեջանական կողմը ստո՞ւմ է։

– Ես չունեմ այդ հարցի պատասխանը, որվհետև ոչ մի փաստական մեկնաբանություն մեր կողմից չունենք, չենք կարող հենվել միայն ադրբեջանական կողմի հայտարարությունների վրա։ Ուղղակի հավելեմ, որ բացի նրանից, որ երեկ նրանց արտգործնախարարությունը կրկին նախահարձակ լինելով ողջունեց ու նման հայտարարությամբ հանդես եկավ, այսօր ադրբեջանական համացանցում և տարբեր լրատվամիջոցներում քննարկվում է, թե դրանք անպետք ու անօգտակար քարտեզներ են եղել, և իրենք իրենց խաբված են համարում։ 

Չեմ կարող ասել, թե ինչո՛ւ են այդ հրապարակումներն ու քարոզչությունն արվում, որովհետև մեր կողմից մենք փաստացի որևէ ապացույց չունենք, բայց Հաագայի դատարանի որոշումն իսկապես կարևոր էր, թեև ռազմագերիների անհապաղ վերադարձի պահանջը չբավարարվեց, բայց եղած մի քանի արձանագրումներն իսկապես կարևոր են, որ հետագա բանակցությունների ժամանակ կարող ենք օգտագործել այդ որոշումը։ Հաագայի որոշումը շատ կարևոր գործիք է մեր ձեռքին, որը պետք է շատ ճիշտ օգտագործենք։

– Ադրբեջանական կողմը ինչո՞ւ է նման հայտարարություններ անում, որովհետև մենք հիշում ենք, որ ականապատ դաշտերի քարտեզների մասով նրանք մշտապես դժգոհություն են արտահայտում հայկական կողմից տրված քարտեզների մասով։

– Ադրբեջանական կողմը միայն այսօր է այդ խոսույթը շրջանառել, ենթադրում եմ, որ դա հաջորդել է իրենց ԱԳՆ հայտարարությանը։ Ենթադրենք՝ այդ քարտեզները ստացել են, բայց ե՛րբ են հասցրել ուսումնասիրել ու նման կարծիք արտահայտել։

Բայց պետք է նշեմ, որ սխալ եմ համարում այդ գործողությունները՝ քարտեզներ՝ գերիների դիմաց, որովհետև գերիների մասով կա հստակ կետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հայկական կողմը չպետք է մտնի Ադրբեջանի թելադրած օրակարգի մեջ, որը «առևտրի» օրակարգ է։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ինչո՞ւ հայկական կողմը հանրությանը չի տրամադրում այս տեղեկությունը, որ մարդիկ ադրբեջանական կամ այլ աղբյուրների հղում չտան։

– Դժվարանում եմ ասել, անկեղծ, բայց նախորդիվ էլ ականատես ենք եղել, որ հայկական գերատեսչություններն անգամ հակասական հայտարարություններով են հանդես եկել, այսինքն՝ աշխատանքի սինքրոնիզացում չկա, տեղեկատվական կազմակերպված քաղաքականություն, նաև հակաքարոզչություն չկա։

– Հաագայի դատարանի որոշումից հետո ադրբեջանական կողմում ինչպիսի՞ արձագանքներ կան։

– Պետական մակարդակում անմիջապես ողջունեցին այդ որոշումը, և ես կարծում եմ՝ դա տեղեկատվական մանևր էր, որովհետև այդ որոշումն ավելի շատ հնարավորություններ էր տալիս Հայաստանին իր դիվանագիտական գործիքակազմը համալրելու համար։ Ադրբեջանական կողմը այդ նախահարձակ գործողությունները վերջին շրջանում անում է․ Սոչիի հանդիպումից 4 ժամ հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ողջունելով այդ հայտարարությունը, ու կրկին կասկած է առաջանում, թե այդ ի՛նչ որոշում է կայացվել, որ Ադրբեջանը համարում է ամբողջությամբ իր համար շահավետ։ Այսինքն՝ նրանք այս հայտարարություններով փորձում են փակել հետագա դիսկուրսները։ Նրանք այս կերպ նաև ազդում են հանրային դիսկուրսների, այդ թվում՝ մեր երկրում ծավալվող դիսկուրսների վրա։ 

– Իսկ Ադրբեջանը կկատարի՞ դատարանի որոշումները։

– Ես չգիտեմ, դատարանը ունի համապատասխան լծակներ, որ հետևի դրանց կատարմանը։ Իհարկե, եթե խոսքը պետական մակարդակով հայատյացության քարոզի մասին է, ադրբեջանական կողմը դրանից չի հրաժարվի, դա նրանց ավտորիտար վարչակարգի կարևոր հենասյուներից մեկն է։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է Զանգեզուրի «միջանցքի» մասով, անգամ հայկական կողմից պահանջում էին միջանցքի բացման օր ասել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սա։

– Այս հարցում Ադրբեջանն ունի Թուրքիայի անթաքույց աջակցությունը։ Հետաքրքրական է, որ նույն Սոչիի հանդիպման ժամանակ Ալիևն ավելի մեղմ էր իր հռետորաբանության մեջ, իսկ Սոչիից անմիջապես հետո ուղևորվեց Աշխաբադ, ու այնտեղ հանդիպման ժամանակ թուրք գործընկերների հետ խոսում էին «միջանցքի» մասին՝ կարծես կատարված իրողության։

Դատելով և՛ մեր պաշտոնյաների, և՛ Ռուսաստանի մեր գործընկերների հայտարարություններից, նման պայմանավորվածություն չկա, բայց Ալիևը շարունակում է դա ինտենսիվորեն առաջ մղել, իսկ դրան դիմակայելու համար մեր կողմը պետք է հստակ գործողություններ իրականացնի բոլոր ուղղություններով։

– Ազգային ժողովի նախագահի աղմկահարույց հայտարարության մասով, որը վերաբերում է հայ ռազմագերիներին, ադրբեջանական կողմում արդեն կա՞ արձագանք։

– Ցանկացած պաշտոնյայի հայտարարություններ նման թեմաների շուրջ պետք է լինեն նրբանկատ և շատ զգուշավոր։ Որպես նախկին պատգամավոր՝ գիտեմ, որ մենք 24 ժամ տեսախցիկների առաջ կանգնած մարդ ենք ու պետք է նկատի ունենանք, որ մեր ցանկացած խոսք կարող է դառնալ հանրային ու վնասել ոչ միայն մեզ, այլ նաև պետությանը։

Ադրբեջանական կողմը, իհարկե, ցանկացած առիթ օգտագործում է հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելու համար։ Կոնկրետ այս հայտարարության մասով՝ մի քանի նյութ հանդիպել եմ ադրբեջանական մամուլում։ Եթե կհիշեք՝ Ալիևը իր նախորդ ելույթներում էլ շարունակաբար ասում է, որ հայ զինվորները բոլորը փախան, մենք նրանց քշեցինք ինչպես շներ։

Հիմա նաև կարող է օգտագործել մեր պաշտոնյայի խոսքը՝ որպես գործիք, չզարմանաք, որ հենց այս խոսքերով ադրբեջանական կողմից ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հնչեն հայտարարություններ, որոնք կհարվածեն մեր զինվորների ու մեր պետության արժանապատվությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am