«Հազիվ պրծանք փսևդոհայրենասիրական պաթոսից, ու հիմա մեզ հրամցնում են հեղափոխական պաթոս». Անուշ Սեդրակյան

«Հազիվ պրծանք փսևդոհայրենասիրական պաթոսից, ու հիմա մեզ հրամցնում են հեղափոխական պաթոս». Անուշ Սեդրակյան
«Հազիվ պրծանք փսևդոհայրենասիրական պաթոսից, ու հիմա մեզ հրամցնում են հեղափոխական պաթոս». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկի՛ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Նոր ձևավորված իշխանության հանդեպ հասարակության տրամադրությունները դեպի ո՞ւր են փոխվում։

– Մանրամասն վերլուծելով իրավիճակը՝ ես եկել եմ հետևյալ եզրահանգումների. նախ՝ բախվում են հասարակության և իշխանության շահերը և ակնկալիքները մի կետի վրա։ Այսինքն՝ հեղափոխություն կատարած մարդիկ իսկապես կատարել են այդ հեղափոխությունը և մյուսներից պահանջում են մշտարթուն հիացմունք իրենց կատարած հեղափոխության փաստի հանդեպ։

Բայց բացի հեղափոխությունից, որ արդեն եղել ու վերջացել է, մարդիկ ակնկալում են հեղափոխական փոփոխություններ ոչ միայն կենցաղում, այլև քաղաքական կարգում, քաղաքացիական ընկալումներում, պահանջում են արդարադատության պարզ և ըմբռնելի մոդել, որը հիմնված է օրենքի, մեղքի ճիշտ համամասնության վրա։ Բայց հիմա տեսեք, թե ներկայիս, այսպես ասած, անցումային հեղափոխական իրավիճակը քանի տարակուսանքների տեղիք կարող է տալ։

Տարակուսանք համար մեկ. այդ ինչպե՛ս է պատահում, որ կոալիցիոն գործընկերները, որոնք երկար ժամանակ ղեկավարել են Հայաստանը կրիմինալ ենթատեքստով, կրիմինալ շրջանակներով, այժմ բաժանվել են երկու խմբի՝ մի կողմից ունենք դեմոնիզացված ՀՀԿ, որի վրա բարդվել են բոլոր մեղքերը, և ունենք հանգիստ խորհրդարան անցած և իշխանության բոլոր բարիքները վայելող ԲՀԿ, որը չի ենթարկվում տրամաբանության։

Այսինքն՝ եթե մենք մտել ենք քաղաքական գնահատականների փուլ, ինչո՛ւ է այդ գնահատականը այդքան երկակի ստանդարտով գնում։ Ավելին, մենք ունենք ՀՀԿ-ական ներկայացուցիչներ, որոնք այժմ գտնվում են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։

Դա էլ է երկակի ստանդարտ, որովհետև եթե բարիկադներ ենք ջարդում, ապա նորմալ կլինի, եթե այդ բարիկադներ ջարդելը լինի բոլորի հանդեպ։ Ես չեմ ասում կարկառուն, կրիմինալ ներկայացուցիչների հանդեպ, բայց բոլորի հանդեպ։ Իսկ հիմա այնպես է ստացվում է, որ ոմանց համար պատնեշները բարձրացված են, իսկ մյուսների համար բարիկադները հաջողությամբ ապամոնտաժվում են։ Դա էլ է երկակի ստանդարտ։

Երրորդ՝ ներկայիս իշխանությունը քաղաքական ուղերձները հղում է ոչ բավարար ճշգրտությամբ։ Եթե ՀՀԿ-ականների քաղաքական ուղերձներին բնորոշ էր կատարյալ երկերեսանի մոտեցումը կամ, ասենք՝ կրիմինալի դոզայի չափաբաժինը, որը մենք տեսնում էինք և դատափետում, ապա այժմյան հայտարարություններում առկա է կառավարման սպեցիֆիկայի բացարձակ չիմացություն, նաև թիմի հանդեպ քննադատական մոտեցման բացակայություն։ Ներկա պահին միայն Սուրեն Պապիկյանի մոտ եմ ես տեսել ռեալիստական ու առողջ մոտեցում իշխանական քայլերի վերաբերյալ։

Նաև զարմանալի և վտանգավոր է, որ հարցազրույցներում սպրդում է հեղափոխական պաթոս։

Այսինքն՝ մենք հազիվ պրծանք փսևդոհայրենասիրական պաթոսից, ու հիմա մեզ հրամցնում են հեղափոխական պաթոս։ Դրա համար, այսպես կոչված, հացին կառչած խավը դժգոհում է իր իրավիճակի վատացումից, որովհետև, այո՛, որոշակիորեն գները բարձրանում են, ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներ են առաջանում և այլն, իսկ ավելի մտածող խավը պատրաստ է աչք փակելու տնտեսական դժվարությունների վրա, բայց նրան էլ զարմացնում են այս հակասությունները, նրան էլ զարմացնում են մարզպետների պարգևավճարները, իշխանության ներկայացուցիչների ելույթները։ Այլևս հնարավոր չէ հասարակությանը կերցնել նույն հոգնեցուցիչ ֆրազը, թե «Սերժի ժամանակ ինչո՛ւ չէիք խոսում», «ՀՀԿ-ի ժամանակ ավելի վատ էր», «Եթե ՀՀԿ-ականները լինեին, ամբողջ բյուջեն կլափեին»։

Պետք է միշտ հիշել, որ իշխանափոխությունը կատարվել է, որ այդ նախկին երևույթները չլինեն ընդհանրապես, որ լինի բացարձակ նոր մոտեցում, ոչ թե լինի վատթարագույն վիճակից ավելի լավ վիճակ։ Դրան մարդիկ համաձայն չեն։ Մանավանդ որ, իշխանությունը դեռ նոր է, և եթե միտումն այդպես գնա, բնական է, որ այդ միտումները ավելի խստանալու են։ Դրա համար անհրաժեշտ է վերին իշխանական քննադատական մոտեցումը սեփական թիմի հանդեպ։

Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, հանդես գա և դատապարտի ու քննադատի իր թիմակիցների սխալ քայլերը։

Երկրորդ՝ անհրաժեշտ է մամուլի հանդեպ այդ հարձակումներին վերջ տալ, որովհետև լավ թե վատ, այդ մամուլը բերել, հասցրել է հեղափոխության։ Այսինքն՝ պատգամավորներից շատերն են լրագրող եղել, նրանք անարգել հարցազրույցներ են տպել, նրանք իրենց հարցազրույցները զետեղել են ամենուրեք, իրենք ունեցել են մեդիա ելույթների հնարավորություն, իսկ հիմա մենք ունենում ենք հետևյալ խայտառակ պատկերը, որ եթե ինչ-որ մի մեդիա վատ է արտահայտվում ներկայիս իշխանությունների հասցեին, նա պիտակվում է որպես վաճառված, պիտակվում է որպես նախկինների ձեռքի տակ գտնվող մեդիա։

Մի բան պարզ է, որ ՀՀԿ-ական քարոզչամեքենան այդպես էլ չկարողացավ կասեցնել հեղափոխությունը։ Հիմա պետք է մեզ համար նաև ակնհայտ լինի, որ եթե ներկայիս իշխանությունները լավ աշխատեն, ով ինչ ուզում է գրի, հանրությունն ի վիճակի կլինի ֆիլտրել ճիշտն ու սխալը։ Բայց այդ հնարավորությունը հանրությանը պետք է տրվի, իսկ մամուլը անընդհատ պիտակավորելը փակուղի է։

– Ո՞րն է խնդիրը, որ այդ քննադատական մոտեցումը այդպես սվիններով է ընդունվում։ Մյուս կողմից՝ ԱԺ-ում քվեարկում են թիմով, ասելով, որ ունեն տարբեր մոտեցումներ, բայց որպես թիմ միասնական են քվեարկում։

– Շատ նորմալ է, որ թիմային աշխատանք է, ես չեմ կարծում, որ թիմը պետք է քվեարկի ոչ միաձայն։ Բայց շատ զարմանալի է, որ այդ որոշումները, որոնց նրանք քվեարկում են միաձայն, այդքան թերի են։ Որոշումներն են թերի, նշանակում է՝ լավ չեն քննարկել։ Թե չէ նորմալ է, որ քննարկվելուց հետո միաձայն քվեարկվում են։

– Ձեր կարծիքով՝ կարճ ժամանակ հետո ինչ պատկեր կունենանք՝ հաշվի առնելով, որ իշխանությունը խոսում է տնտեսական հեղափոխության մասին։

– Տնտեսական հեղափոխության պլանը պետք է տեսնենք՝ կառավարության ու վարչապետի կողմից հնչեցված։ Պետք է ներդրումների ամբողջ ծավալները մարդիկ տեսնեն։ Իշխանական մամուլը նրա համար է, որ ներդրումների ծավալները, բռնագանձած գումարների ծավալները, բարեփոխումների տեսլականները հրապարակի իր էջերում, որպեսզի մարդիկ, որոնք իսկապես ուզում են տեսնել փոփոխություն, ի վիճակի լինեն դա տեսնել։

Մենք ունենք իշխանական մամուլ։ Ես կարող եմ ասել, որ «Ազատություն» ռադիոկայանն ամբողջովին իշխանական է և իրականացնում է իշխանության պրոպագանդայի գործառույթը։ Ես կուզենամ, որ եթե ինքը դա իրականացնում է, ապա այդ պրոպագանդան ուղղի ավելի կառուցողական հուն, այսինքն՝ հրապարակի թվեր, փաստեր, և նաև թերթերը կարող են ծառայել այդ տեսլականին, որպեսզի մարդիկ էլ, որոնք բարեփոխումների շուրջը հիմա մտմտում են, գոնե տեսնեն, որ կա ճանապարհային քարտեզ, ու դա տեսնեն հեշտ։

Թե չէ հենց հարցնում ես բարեփոխումներից, ասում են՝ մտեք ֆինանսների նախարարության կայքը, մտեք էս կայքը, էն կայքը, երբ բոլորն էլ գիտեն, թե այդ կայքերն ինչպես են աշխատում։ Ո՛չ, հանրությունն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն, ու դա պետք է լինի պրոիշխանական մամուլի գործը։

– Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը մարզպետների կողմից իրենք իրենց պարգևատրելու վերաբերյալ։

– Ասում են՝ օրենքով կարող են նման բան անել, ես էլ կարող եմ ասել, որ օրենքը նաև նվերները չի բացառում, շատ բաներ չի բացառում։ Այսինքն՝ չի թույլատրում, բայց բացահայտ չի արգելում։ Այստեղ արդեն գործում են աղքատ երկրի բարոյական օրենքները։ Եկեք չմոռանանք, որ մեր ընդդիմության ճառերը նախքան իշխանության գալը հիմնված էին այդ բարոյական բաղկացուցիչի վրա, որ չի կարելի այդպես վարվել, չի կարելի նման ոտնձգություններ անել բյուջեի նկատմամբ, որ սա չի կարելի, այն չի կարելի։ Հիմա այդ բարոյական բաղկացուցիչը շարունակում է մնալ արթուն, որովհետև աղքատությունը չի վերացել, դեռ ավելին՝ խորացել է։

Տնտեսական բարեփոխումները դեռևս չեն երևում, և եթե բոլորը մտնում են էկոնոմ ռեժիմ, իսկ դա այդպես է։ Մեզ բոլորիս ասում են, որ պետք է բոլորս աշխատենք ու շատ չպահանջենք, ու ես համամիտ եմ, որ այս անցումային վիճակում պետք է շատ աշխատել ու շատ հատկացնել պետությանը։

Բայց դա նախևառաջ վերաբերում է իշխանական գործիչներին։ Իրենք պետք է իրենց գործելակերպով ցույց տան ժուժկալ կենսակերպի ձևը։ Ինչպես տեսնում ենք, որևէ մեկը իրեն սպասարկող մեքենայից չի հրաժարվել։ Այսինքն՝ դա ո՛չ իշխանական մակարդակով է հայտարարություն արվել, ո՛չ կառավարական ակտով է կրճատվել, ո՛չ էլ որևէ մեկը հայտարարում է, որ հրաժարվում է իրեն սպասարկող ավտոմեքենայից։ Մինչդեռ Հայաստանի բյուջեն չի կարող դիմանալ այդքան սպասարկող անձնակազմին։ Նայեք մարզպետարանների կառուցվածքը, տեսեք, թե այնտեղ որքան օֆիսային անձնակազմ կա, նայեք պադավատների քանակը ԱԺ-ում, և դուք ամեն ինչ կհասկանաք։

Մանե Հարությունյան

MediaLab.am